Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխանակել կամ վարձակալել ներկայացումներ

Նոյեմբեր 17,2011 13:52

Կամո Հովհաննիսյանը (ձախից) եւ Հրաչ Գրիգորյանը:

Արեւմտյան թատրոններին բնորոշ այս աշխատաոճը մեր օպերայի «հագով» չէ

Վերջին շրջանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հարված հասցրեց նաեւ մշակույթին: Ցանկացած երկրի համար թանկ հաճույք համարվող օպերային թատրոնները նույնպես կանգնեցին դժվարությունների առջեւ, խաթարվեցին շատ ստեղծագործական ծրագրեր: Սակայն օպերային արվեստի մայրաքաղաքներ համարվող Միլանում, Նյու Յորքում, Բեռլինում եւ այլուր յուրովի գտան ճգնաժամից դուրս գալու հնարավոր ելքը՝ փոխանակում են ներկայացումներ, նույնիսկ դրանք տալով վարձակալության: Ի վերջո, հանդիսատեսին չեն հետաքրքրում ֆինանսական խնդիրները կամ ի՞նչ գումարներով է իրականանում այս կամ այն ներկայացումը, նա կամենում է հնարավորինս հաճախ հանդիպել պրեմիերաների:

«Առավոտը» Ազգային օպերային թատրոնի կառավարիչներից հետաքրքրվեց, թե հեղինակավոր «Լա Սկալա», «Մետրոպոլիտեն» եւ այլ թատրոնների օրինակով հնարավոր չէ՞ մեզ մոտ եւս, թեկուզ ժամանակավորապես, իրականացնել նման աշխատաոճ, այսպիսով օպերային արվեստի հայ երկրպագուներին հնարավորություն տալով հաճախ ներկա գտնվել առաջնախաղերին:

Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հավաստմամբ՝ ներկայացումների փոխանակումն ու վարձակալությունը նույնպես կախված է ֆինանսական հնարավորություններից: Ազգային օպերային թատրոնի դեպքում պարոն Հովհաննիսյանը վտանգ է տեսնում. «Եթե նման աշխատաոճ որդեգրած թատրոնները, օրինակ՝ Մարիինյանը, ինչ-որ տեղ, ասենք, 30% վնաս կրի, դա իրենց վրա, ինչպես ասում են, չի երեւա՝ պարզ պատճառով. նրանք ունեն կայացած մեկենասների ինստիտուտ: Վերջինի շնորհիվ թե Մարիինյանը եւ թե հեղինակավոր այլ թատրոններ իրենց կարողանում են թույլ տալ արտաբյուջետային ծախսեր կատարել»: Դիտարկմանը, թե մեր թատրոնն էլ ունի արտաբյուջե ասվածը, տնօրենը համակարծիք լինելով, հավելեց հետեւյալը. «Մենք արտաբյուջեից ստացված գումարներով լրացնում ենք տարեկան բյուջեն: Եթե ֆինանսավորման 75%-ը ստանում ենք պետությունից, ապա 25-ը մենք ենք ստեղծում»:

Կամո Հովհաննիսյանը եւ զրույցին ներկա փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը փաստեցին, որ ստեղծված ծանր ֆինանսական դրության պայմաններում թատրոնը գոնե վերջին տարիներին հանդիսատեսին ներկայացել է պրեմիերաներով, օրինակ բերելով Վերդիի «Աիդան», Խաչատրյանի «Սպարտակը» եւ այլն: Ռեպլիկին՝ հավանաբար մինչեւ տարեվերջ ոչ մի նոր ներկայացում չի լինելու, Հ. Գրիգորյանը հայտնեց, որ դեկտեմբերի 26-ին նշանակված է Բիզեի «Կարմեն» օպերայի համերգային կատարումը, որի բեմադրությունը պլանավորված է հանձնել վաղ գարնանը: Ասաց նաեւ, որ նոյեմբերի 15-ին կկայանա գալա համերգ՝ թատրոնի մեներգիչների մասնակցությամբ, իսկ 19-ին՝ բալետի երեկո: «Այս համերգների նպատակն է թատրոնի նվագախմբի համար դեռեւս աշնան սկզբից մեկնարկած փողային գործիքների ձեռքբերման ֆոնդի հարստացումը»,- հայտնեց փոխտնօրենը: Կ. Հովհաննիսյանն էլ հիշեցրեց, որ այդ նախագիծը Ազգային օպերային թատրոնի եւ ՀՀ վարչապետի համատեղ ծրագիրն է, հավելելով նաեւ, որ սեպտեմբերից մինչ տարեվերջ պլանավորված օպերային եւ բալետային ներկայացումները, ընդհանուր թվով՝ 21, ընթանում են ըստ գրաֆիկի: Հիշեցրեց նաեւ, որ իրենց նախաձեռնությամբ կայանում են համերգներ, օրինակ, դեկտեմբերի 4-ին էլ նշանակված է ամերիկաբնակ աշխարհահռչակ վրաց դաշնակահար Ալեքսանդր Թորաձեի մենահամերգը՝ թատրոնի նվագախմբի հետ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930