
Ըստ Վիքիդարանի, հարիսան հայկական ծիսական կերակուր է, որ հնում պատրաստվել է հարսանիքների, ժողովրդական տոների ժամանակ:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Առավոտի» հետ զրույցում զարմանք հայտնեց, որ հարիսան համարել են իբրեւ թուրքական ճաշատեսակ, այն դեպքում, երբ այն բնորոշ է տարածաշրջանի այլ ժողովուրդների նույնպես: Ռուզաննա Ծատուրյանն էլ ասաց, ինքը որպես ազգագրագետ հակված է այն տեսակետին, որ որեւէ ուտեստի մասին չի կարելի ասել, թե դա կտրուկ հայկական է: Մյուս կողմից էլ, նրա խոսքով, չի կարելի ժխտել, որ հարիսայի հետ կապված ծեսեր ունենք. «Հարիսան մեր մշակույթում, սննդի համակարգում կարեւոր տեղ ունի, բայց դրանով որեւէ մեկի հավակնություններն այդ ուտեստի հանդեպ չենք կարող սահմանափակել»: Ազգագրագետն առաջարկում է համապատասխան օրենսդրական նորմեր մտցնել՝ ազգային ուտեստներն ու ճաշատեսակները գրանցելու վերաբերյալ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































