Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի որոշ բնակիչներ մեկ շաբաթ մնացել են առանց ջրի

Դեկտեմբեր 05,2011 17:48

 Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցի առանձնատների թաղամասի մեծ մասը՝ մոտ 50 տուն, արդեն մեկ շաբաթ է՝ ջրազրկված է: Պատասխանատուներն արդեն մեկ շաբաթ է նույն բանն են ասում՝ այսօր կամ վաղն անպայման ջուր են տալու: Բնակիչներին վրդովեցնում է այն, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասն անտարբեր ու ոչ սրտացավ է վերաբերվում իրենց հետ: Նրանց ասելով, երեք օր պատասխանատուները չէին էլ ասում, թե ինչու ջուր չկա:

Թաղամասի բնակիչների ասելով, իրենք ուշացումով պարզել են, որ թաղամասին ջուր չեն տրամադրել, քանի որ հին ջրատարը փոխում են, նորն են անցկացնում: «Անցած երկուշաբթի օրվանից ջրերն անջատել են, սկզբից ասել են իբրեւ վթար է, քանի որ էդ ջրագծում հաճախակի էին վթարներ լինում, մտածեցինք վթար է, հետո զանգեցինք ջրմուղ, մեզ ասացին, որ թաղամասը սնուցող ջրատարը փակել են, «Արարարտճանշինն» է զբաղվում վերականգնման աշխատանքներով: Մի քանի օր ջուր չունենալուց հետո կապվեցինք ջրմուղի Կապան տեղամասի տնօրենի հետ, նա հավաստիացրեց, որ իրենք աշխատում են եւ ամենաուշը այսօր կամ վաղը կվերականգնվի, բայց արդեն մեկ շաբաթ է՝ նույն բանն ենք լսում, մեզ խաբում են, քանի որ էս մի շաբաթվա ընթացքում չենք տեսել, որ առաջին կամ երկրորդ տուպիկների հատվածում գործ անեն: «Թեժ գիծ» զանգեցինք, բողոքեցինք, բայց միայն երրորդ տուպիկի ջուրը միացրեցին: Ջրմուղագործներն էլ ասում են, որ հին ջրագծի փոխարեն նորն են կառուցում` ցածր ճնշմամբ, եւ մենք պիտի մեր ուժերով ջուր քաշենք մեր տները, բայց էստեղ հիմնականում տարեց մարդիկ են ապրում, ո՞նց պիտի ջուր քաշեն: Մինչեւ ե՞րբ պիտի սենց մնանք, հարեւան թաղամասերում էլ բոլորը ջրաչափով են ջուր ստանում, ոչ մեկի դուրը չի գա, որ գնանք կանեստրներով ջուր բերենք իրենց ջրաչափերի հաշվին», – ջրմուղի աշխատանքից դժգոհ ու համբերությունները հատած, բողոքում են Գրիգոր Արզումանյան փողոցի բնակիչները:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հարավային մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն՝ Մհեր Եղիազարյանը «Առավոտին» փոխանցեց, որ «փոխում են Գեղիից Կապան մտնող 3 կմ ջրագիծը, ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում եւ ամենաուշը 2 կամ 3 օրերի ընթացքում անպայման բնակիչներին ջուր կտրամադրվի: Թաղամասում նաեւ հուշաղբյուր կա, եւ բնակիչները դրանից կարող են օգտվել: Աշխատանքներ տարվում են մեր կողմից, 2 կամ 3 օրից թաղամասն արդեն ջրով կապահովվի»,տեղեկացնում է Մհեր Եղիազարյանը:

Ջրմուղի պատասխանի հետ թերեւս համաձայն չեն բնակիչները: Հուշաղբյուրից ընդհանրապես ջուր չի գալիս` ցամաքած է, պնդում են բնակիչները: «էստեղ նորածին, փոքր երեխեք կան, առանց ջուր ո՞նց պիտի լինի», -բարկացած նշում են Կապանի այս փողոցի բնակիչները:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031