Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում 439 հայկական եկեղեցուց մնացել են 39-ը

Դեկտեմբեր 10,2011 21:33

Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավա

Վրաստանում այսօր գործում է 39 հայկական եկեղեցի, իսկ մոտ 200 եկեղեցի էլ այլեւս հնարավոր չէ վերականգնել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հիշեցնելով, որ տարիներ առաջ գործող հայկական եկեղեցիների թիվը հասնում էր 439-ի: «Թբիլիսիի հարեւանությամբ գտնվող Մուխրանի գյուղում կա 3 եկեղեցի, որոնցից մեկը՝ Ս. Գրիգոր եկեղեցու գմբեթը փլվել է ու մեծ միջոցներ են հարկավոր նորոգելու համար, բայց սա, ցավոք, միակ եկեղեցին չէ»,- հավելեց սրբազանը:

Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան էլ Aravot.am-ին վստահեցրեց, որ առաջիկայում հայկական շատ եկեղեցիներ են վերանորոգելու: Նրա խոսքերով, հաջորդ տարվա ընթացքում առաջնային նորոգման հերթացուցակում Թբիլիսիի Ս. Գեւորգ եկեղեցին է: Ըստ նրա, արդեն սկսել են աշխատել եկեղեցու առաջնորդների ու ճարտարապետի հետ: Վերանորոգման համար նախատեսել են մոտ $1 միլիոն ներդրումներ: Քաղաքապետը վստահեցնում է.  «Առաջիկայում ոչ միայն Թբիլիսում գտնվող եկեղեցիներն են վերանորոգվելու, այլեւ Վրաստանում գտնվող հայկական մյուս եկեղեցիները, որովհետեւ դրանք մեր մշակույթի մի մասն են, այնպես որ եկեղեցիների պահպանման գործը մեր պարտականությունն է»:  Մեր այն դիտարկմանը, թե Վրաստանի իշխանությունները պարբերաբար խոստանում, բայց այդպես էլ չեն վերանորոգում հայկական եկեղեցիները, քաղաքապետը չարձագանքեց՝ լռեց: Նա շրջանցեց նաեւ արդեն ոչնչացված եկեղեցիների մասին հարցը:

Նշենք որ, Թբիլիսիում բացի Ս. Գեւորգ եկեղեցուց գործում է նաեւ Ս. Էջմիածին եկեղեցին, որը վերջերս վերանորոգվել է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Թբիլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031