«Կառավարության ծրագիրը դա իրապես բաժանարար գիծ է։ Նախորդ 8 տարվա ընթացքում այս կառավարությունը, վարելով վատ արտաքին քաղաքականություն, մեր երկրում բերել է 3 պատերազմ։ Եռապատերազմի կուսակցություն է։ Բայց այս կառավարության ծրագիրը ես ուրիշ ձեւ եմ տեսնում՝ եթե նախորդ պատերազմները թշնամիների հետ էին, այս կառավարությունը 3 պառակտումների մասին է։ Պառակտումներից մեկը՝ ամենատարօրինակը քաղաքացիության ինստիտուտի վերաարժեւորման տակ դրված է մի հարց, որ Սփյուռքի հայերը պետք է գան, Հայաստանում երկար ապրեն, նոր քաղաքացիություն ստանան։ Այսինքն՝ Հայաստանը վերաարժեւորում է իր մոտեցումը հայության հանդեպ։ Կապը կտրվում է, սկսվում է պառակտում Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության միջեւ»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Երկրորդ պառակտումը, նրա խոսքով, Եկեղեցու շուրջ տեղի ունեցողն է։ «Հայ եկեղեցու հետեւորդների միջեւ պառակտում է՝ Վեհափառի եւ ինչ-որ մտացածին օրակարգի միջեւ, հավատացյալների միջեւ։ Երրորդ պառակտումը մեր ու մեր անցյալի միջեւ է՝ մեր հանրապետության եւ Անկախության հռչակագրի՝ ծննդականի միջեւ պառակտումն է»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանը հավելեց․ «Ի՞նչ ենք ուզում անել մենք՝ մի նոր խանի ցուցումով փոխել մեր Անկախության հռչակագիրը, մեր ծննդականը։ Մի նոր խանի հրամանով փոխենք այն հռչակագիրը, որը մեզ ազատեց խաներից»։
Կարդացեք նաև
«Երբ ես ասացի՝ խզում կա Հայաստանի կառավարության ղեկավարի եւ Ալիեւի խոսույթի միջեւ, այստեղից ողջունեցին դա, ասացին՝ տեսեք, մի տեղ կա խզում։ Այո, մի տեղ կա խզում՝ դուք ասում եք՝ Չորրորդ Հանրապետություն, այդ նույն բանին Ալիեւն ասում է՝ կապիտուլյացիա»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
















































