
Այսօր լրագրողները Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի իրենց խմբակցության պատգամավորի արած հայտարարությունը, որին նա պատասխանեց. «Մանվել Բադեյանը տարբեր հայտարարություններ է արել: Ես չեմ պատրաստվում նրա հայտարարությունը մեկնաբանել կամ արդարացնել: Ի՞նչ ասեմ, ինձ համար, սկսած ուսանողական տարիներից, անընդունելի է ցանկացած կաշառքի ձեւ, եւ տվողն է ինձ համար անընդունելի, եւ կաշառք վերցնողը: Միշտ զարմացել եմ այդ երեւույթի վրա»: Հետո ավելացրեց, որ մի անգամ անվանի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը երբ Պարույր Սեւակի «Մարդ էլ կա, մարդ էլ» բանաստեղծությունն էր ասմունքելու, մինչ այդ մի իմպրովիզ է անում. «Ասաց, որ կյանքում չի հասկանում այն մարդկանց, որ ինչ որ բանի համար փող են տալիս, դա նշանակում է, որ այդ մարդը կոմպլեքսավորված է, ոչինչ չի ներկայացնում իրենից եւ լրիվ զրո է: Ես այդ ասածի հետ համաձայն եմ»:
Այն հարցին, թե առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն այդ կոչը կանի՞, որ ընտակաշառք չտան, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Մենք պետք է բոլորին մեր օրինակով ցույց տանք, որ ընտրությունով, ընտրություն կատարելով, դու որոշում ես քո երեխայի ապագան: ՀՀԿ-ն կաշառք չի վերցրել, իսկ կաշառք տալու մասին տեղեկություն չունեմ: Եթե մենք ասում ենք,որ պետք է որակական իմաստով անցկացնենք աննախադեպ ընտրություններ, ապա հավատացեք, որ սիրուն բառերի համար չենք ասում, հաստատ իմացեք, որ դա այդպես է: Ես դա ասում եմ ամենաբարձր մակարդակով՝ ճանաչելով երկրի նախագահին: Ինքը երբեք ոչինչ ձեւական չի ասում, ինչպես նաեւ թիմը: Նախագահ ունենք, որն ամեն ինչ անելու է, որ մեր երեխաներն ավելի լավ ապրեն մեր երկրում: Այս գործում պետք է բոլորս իրար հետ անենք: Եթե վատն ենք տեսնում, ապա պետք է դրա մասին խոսենք եւ փորձենք ուղղել, ոչ թե միայն ասենք, որ վատ է: Ցեխ շպրտելով չի»:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ
Կարդացեք նաև


















































