Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը ՀՀԿ-ն ՀԿԿ է ներկայացնում. «Էդ մեծամասնականը ՀԿԿ-ի բոստանը չի»

Հունվար 17,2012 14:14

ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանի համար 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու խոսակցությունները «անպտուղ դիսկուսիա» են: Այսօր, այս մասին, «Ազդակ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Հ. Հարությունյանը:

Ներքաղաքական զարգացումներում պատգամավորը կանխատեսեց կրքերի թեժացում. «Բնական է, որ կրքերը կբորբոքվեն, որովհետեւ աշխարհի ոչ մի երկրում խորհրդարանական ընտրություններն առանց կրքերի ուղեկցության չեն լինում»: Նրա խոսքերով, եթե կարողանանք նորմալ ընտրություններ անցկացնել՝ առանց ընտրակեղծիքների ու կոպիտ խախտումների, դա էլ կլինի ժողովրդի նվաճումներից մեկը:

Անդրադառնալով ընդդիմության` 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկությանը, պարոն Հարությունյանն ասաց. «Այս էտապում խոսել համամասնական ու մեծամասնական չափի ու ձեւի մասին, վաղուց ուշացած է: Որովհետեւ եթե դա պետք է արվեր, ապա շուտ պետք է արվեր: Ինչպես ԱԺ նախագահն է ասում, ըստ կանոնակարգի չի ստացվի, անգամ եթե շատ էլ ուզենանք, տեխնիկապես անհնարին հարց է, որովհետեւ էդ հո միանգամից չեն նստում , որոշում» :

Aravot.am-ի հարցին ի պատասխան,, թե «Ժառանգության» պատգամավորները պնդում են, որ 100 տոկոս համամասնականին անցնելու վերաբերյալ դեռ 2008-ին էր քաղաքական համաձայնություն ձեռք բերվել, պատգամավորն ասաց, որ այդ մասին միայն քննարկել են. «Դե թող «Ժառանգությունը» ապացուցի, որ քաղաքական համաձայնություն է եղել: Համաձայնություն պետք է գրավոր լիներ, ո՞ւր է նման բան չկա»:

Պատգամավորի խոսքերով, ընտրակարգի փոփոխությունն իր համար ցավոտ հարց չէ, որովհետեւ դրանով ազգային կարեւոր խնդիրներ չեն լուծելու. «Ռուսաստանն էլ անցավ 100 տոկոս համամասնականին , բայց արդեն հասկացել է, որ այն չի արդարացնում ու հաջորդ ընտրություններին կընտրեն ոսկե միջինը: Եթե ուզեն կկեղծեն եւ համամասնականում եւ մեծամասնականում: 100 տոկոս համամասնականի դեպքում կեղծիքները 100 տոկոսով չեն վերանա: Քաղաքական կամք է պետք կեղծիքները վերացնելու համար: Ես գտնում եմ, որ եւ մեծամասնականը, եւ համամասնականն այսօր անհրաժեշտություն են»:

 Հարցին ,թե արդեն որոշվե՞լ է՝ մեծամասնական ընտրացուցակով ո՞վ է ՀՀԿ-ից թեկնածություն առաջադրելու, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Էդ մեծամասնականը հո ՀԿԿ-ի բոստանը չի՞, մեծամասնական ընտրատարածքներում ցանկացած քաղաքացի, որը սահմանադրորեն իրավունք ունի կարող է դնել իր թեկնածությունը : Այնպես որ գործընթացները սկսվել են ոչ միայն ՀԿԿ-ում, այլեւ բոլոր կուսակցություններում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031