
Անդրադառնալով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի սկսվելուց առաջ՝ առավոտյան կայացած քննարկմանը, պրն Հարությունյանը նշեց. «Բյուրոն գործեց նույնիսկ ավելի կողմնակալ, քան մեկ տարի առաջ. հանձաժողովի աշխատանքի երկարաձգման հարցը քննարկելու անգամ չհրավիրելով շահագրգիռ երկրների պատվիրակություններին»:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը հայտարարեց. «Այս շարունակվող ներկայացումը ցավալի է, բայց ոչ զարմանալի՝ նկատի ունենալով Հայաստանի պատվիրակության հանդեպ Վեհաժողովի նախագահ խիստ կողմնակալ վերաբերմունքը»:
Դավիթ Հարությունյանը նշեց, թե մեկ տարի անց կարող են վստահությամբ հայտարարել, որ ինչպես եւ կանխատեսել էին՝ ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովը չարձանագրեց որեւէ շոշափելի արդյունք: Ըստ նրա՝ այս հանձնաժողովը ստեղծվել է իբրեւ եւս մի հարթակ անհիմն մեղադրանքների համար եւ վերահաստատեց, որ այս առումով Հայաստանի պատվիրակության դիրքորոշումը մնում է անփոփոխ. «Մենք չենք պատրաստվում մասնակցել ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին»:


















































