Հունվարի 20-ին Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Դավիթ Բալայան), ուր ընթանում էր Ֆելիքս Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը, վկա Մանուկ Գյուլշադյանը հայտնեց, որ եղել է ընթերակա: Քննչական փորձարարության ժամանակ այս ընթերակային Ֆելիքս Գեւորգյանի հետ ձեռնաշղթայված տեղափոխել են դեպքի վայրից մյուս վայրը, եւ ակամայից մասնակից դարձրել Ֆելիքսի կողմից իբր հանցանքի վայրերը մատնացույց անելու գործողություններին:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնի ավագ քննիչ Վ. Ասատրյանի կողմից անցյալ տարվա նոյեմբերի 11-ի «Անձին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին» որոշման համաձայն՝ Ֆելիքս Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ըստ այդ մեղադրանքի, Ֆ. Գեւորգյանը 2011թ. մարտին, մայիսի կեսերին, մայիսի 30-ից մինչեւ հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում, ապա հունիսի վերջերին եւ հուլիսին «ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք գործելով մի շարք վայրերում տեղակայված տարբեր ընկերություններին պատկանող տարածքներ», գողացել է էլեկտրական շարժիչներ, գեներատորի էլեկտրական շարժիչի պղնձյա մալուխներ, 10 հատ 50-60 մետր երկարության հաստոցների համար նախատեսված պղնձյա մալուխներ: Ընկերություններին պատճառված նյութական վնասը 10. 000 ՀՀ դրամից 500.000 ՀՀ դրամ էր:
Ֆելիքս Գեւորգյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ստեփան Ոսկանյանն (լուսանկարում) «Առավոտին» հայտնեց, որ իր պաշտպանյալը, ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ դատարանում, իրեն մեղավոր չի ճանաչել. «Չնայած նախաքննության սկզբում տված նախնական ցուցմունքներում «խոստովանել» է իր առնչությունը իրեն մեղսագրվող հանցագործությունների կատարման մեջ»:
Կարդացեք նաև
Ըստ պաշտպանի, «խոստովանական» ցուցմունքները Ֆելիքս Գեւորգյանից կորզվել են ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ նրա նկատմամբ իրականացված անմարդկային բռնարարքների, ծեծի եւ խոշտանգումների արդյունքում:
«Մինչ այդ, 2011թ. սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան Զովունի գյուղում գտնվող իր տնից Մաշտոցի քրեական հետախուզության պետը՝ Արթուր Գեւորգյանը, նրա տեղակալ Արկադիկ Սահակյանը եւ եւս 5-6 աշխատակիցներ Ֆելիքս Գեւորգյանին ապօրինի բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ վերջինիս ենթարկել են դաժան ծեծի՝ շիկացած երկաթով այրելով ոտքը, մահակներով բազմաթիվ հարվածներ հասցնելով ոտնաթաթերին եւ ստիպելով, որ նա իր վրա վերցնի 2008թ. մարտի 1-ի սպանություններից որեւէ մեկը, որից հետո ցուցակով ներկայացրել են Երեւանի մի շարք վայրերից կատարված գողության դեպքեր եւ ստիպել, որ նա այդ հանցանքներում ընդունի իր մեղքը»,- ասում է պաշտպանը:
Բնականաբար, գտնվելով ծեծված եւ խոշտանգված վիճակում՝ Ֆելիքս Գեւորգյանը ստիպված ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը, սակայն մի քանի օր հետո, արդեն Մաշտոցի քննչական բաժնում հրաժարվել է «խոստովանական» ցուցմունքներից եւ այդ կապակցությամբ ներկայացրել դիմում-բողոքներ:
Ստեփան Ոսկանյանի փոխանցմամբ՝ նախաքննությունն ընթացել է բազմաթիվ ապօրինություններով, քրեական դատավարության նորմերի էական խախտումներով:
Ի դեպ, վկա Մ. Գյուլշադյանը դատարանում ցուցմունք էր տվել, որ Ֆելիքսին Մաշտոցի բաժնում տեսել է «ոտքն ակնհայտ կաղալիս»: Խոշտանգումների մասին դատաբժիշկը 1 ամիս հետո հայտնել էր, թե չի կարող վաղեմությունը որոշել:
Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 20-ի դատական նիստին ցուցմունքներ տվեցին գործով «տուժող» ընկերություններից երկուսի ներկայացուցիչները: Նրանք իրենց ընկերություններից կատարված գողությունների մասին իմացել են օրեր անց, սակայն, չգիտես ինչու, չեն դիմել իրավապահ մարմիններին: «Գողությունների» վերաբերյալ այդ ընկերությունները հաղորդում են ներկայացրել միայն այն ժամանակ, երբ իբր այդ հանցագործությունները «բացահայտվելուց» օրեր անց իրենց կանչել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Վկա Մանուկ Գյուլշադյանը դատարաում հայտնեց, որ չի տիրապետում հայերեն գրավոր խոսքին, նույնիսկ տառերը չի ճանաչում, չգիտի Երեւանի որեւէ փողոցի կամ հուշարձանի անուն եւ չի կարող ասել, թե քննչական փորձարարության ժամանակ իրենք ուր են գնացել, Երեւանից դուրս եկե՞լ են, թե՝ ոչ, Մաշտոցի քննչական բաժնում ինքը որեւէ ցուցմունք չի գրել, միայն հիշում է, որ քննչական փորձարարության կատարումից հետո, վերադառնալով քննչական բաժին, ստորագրել է մի քանի արձանագրությունների տակ, որից հետո իրեն վերադարձրել են իր անձնագիրը եւ ազատ արձակել:
Պաշտպան Ս. Ոսկանյանը տեղեկացրեց, որ քրեական գործի նյութերում առկա՝ քննչական փորձարարությանը կից լուսանկարներում պատկերված է Ֆելիքս Գեւորգյանի հետ ձեռնաշղթայված ընթերակա Մանուկ Գյուլշադյանը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. «Առավոտի» տեղեկություններով, դատական նիստի ավարտից հետո ընթերակա-վկային կանչել են ոստիկանության Մաշտոցի բաժին, նրան առաջարկել են դատարանում ասել, թե իբր ինքն իր կամքով է խնդրել քննիչին՝ քննչական փորձարարության ընթացքում ձեռնաշղթա անցկացնել:
«Առավոտ» օրաթերթ



















































