Լրահոս
Օրվա լրահոսը

Զավթված պուրակ եւ անարձան թանգարան

Փետրվար 02,2012 13:49 Share

Անցյալ տարվա նոյեմբերի 12-ին «Առավոտում» տպագրված «Աղբամանները «զարդարում» են Դեմիրճյանի թանգարանը» հոդվածում տեղեկացրել էինք, որ նշանավոր գրող, դրամատուրգ եւ հասարակական գործիչ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան առաջին անգամ այցելողները հաստատ սկզբում կմոլորվեն, ապա մի կերպ թանգարանի տեղը գտնելուց հետո խորը հիասթափություն կապրեն: Պատճառն էլ այն էր, որ Աբովյան 29 հասցեում գտնվող թանգարանի ուղիղ պատուհանի տակ մեկ տասնյակի չափ աղբով լեցուն աղբամաններ կային: Մեր հրապարակումից հետո դրանք հանվեցին գրողի թանգարանի մուտքի մոտից: Հիշեցնենք, որ թանգարանի տարածքը գրողի բնակարանն է եղել 1929-1956 թվականներին:

Աղբամանների հանելուց հետո, սակայն, խնդիրները չվերացան:

«Առավոտի» հետ զրույցում Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը SOS հնչեցրեց. «Թանգարանը 1977-ին հիմնադրվելով, առաջին եւ վերջին անգամ այդ թվին է անցել հիմնանորոգում, դրանից հետո եղել են մասնակի նորոգումներ: 2005 թվականից լսում եմ, որ մյուս տարի թանգարանը կմտնի պետական ծրագրի մեջ, եւս մեկ տարի հետո ասում են՝ մյուս տարի կլինի եւ այդպես շարունակ: Այժմ էլ հայտարարում են, թե՝ 2013-ին պետք է հիմնանորոգման ենթարկվի: Թանգարանի վիճակը խայտառակ է, անմխիթար, ուստի չի կարելի վերանորոգումը տարիներով ուշացնել: Բոլորը խոսում են արվեստի գովազդի ու մշակույթի մենեջմենթի մասին, մի բան, որոնցից դարերով հետ է մեր թանգարանը: Եթե այսօր հաջողացնում ենք տարվա մեջ մի 1000-1500 այցելու բերել թանգարան, դա միայն մեր անձնական կապերի, կաշվից դուրս գալու արդյունքում է»:

Իսկ ինչպե՞ս կարելի է այցելուներին գայթակղել, երբ թանգարանն անհրապույր է, պատերը խունացած են, ծեփը թափված, ու այդ ամենը չեն կարող բացասականորեն չանդրադառնալ այցելուի տրամադրության վրա: Տիկին Ռաֆայելյանը նշեց, որ ամեն ինչ անում են Դեմիրճյանին տպավորիչ ներկայացնելու համար, փորձում են տալ այնպիսի ինֆորմացիա, որը դպրոցականը կամ ուսանողը չի կարող ստանալ դասագրքից, որեւէ աշխատությունից: «Չենք ցանկանում, որ երեխան թանգարանից հեռանա դժգույն պատերի տպավորությամբ ու մտածի, թե Դեմիրճյանը դրան էր արժանի: Ուրիշ թանգարաններում կարող են այցելուի առաջ դուռը բացել եւ մոռանալ նրա մասին, այցելուն շրջի իր ուժերով, իսկ չենք կարող մեզ նման բան թույլ տալ: Շատ դժվարանում է մեր աշխատանքը եւ այցելուին թանգարան բերելը, մեկ այլ պատճառով եւս. թանգարանի դիմացի ծառուղին զավթված է կրպակատերերի կողմից: Մենք ստիպված այցելուներին դիմավորում ենք Իսահակյանի արձանի մոտից, մինչդեռ ճիշտ կլիներ, որ Դեմիրճյանը վերջապես ունենար արձան իր թանգարանի դիմաց, պուրակն էլ ազատ լիներ, որպեսզի այցելուն տեսներ ու ներս մտներ, ոչ թե անգամ քարտեզը ձեռքին՝ մոլորվեր»,- նեղսրտում է Կարինե Ռաֆայելյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829