Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հիլարի Քլինթոնի հետ

Փետրվար 04,2012 20:46

Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Մյունխենի՝ անվտանգության հարցերով համաժողովին

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 3-4-ը մասնակցել է Մյունխենի՝ անվտանգության հարցերով 48-րդ համաժողովին, որին ներկա էին շուրջ 70 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ՝ պետությունների ղեկավարներ, նախարարներ եւ բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, ընկերությունների ներկայացուցիչներ: Այս մասին Aravot.am-ին հայտնում են ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փետրվարի 4-ին Մյունխենում կայացել է Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը:

Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ,  տարբեր միջազգային կազմակերպությունների գործունեությանը, տնտեսական համագործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների դրական ընթացքը, այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ Սեուլում հաջորդ ամսին կայանալիք միջուկային գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, «Բաց կառավարման գործընկերություն»  նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը եւ իր ամերիկյան գործընկերոջը ներկայացրել հունվարի 23-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպման արդյունքները:

Ղարաբաղյան կարգավորման առումով պետքարտուղար Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով եւ նշեց, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջեւ համաձայնությունների ձեռք բերմանը եւ հիմնախնդրի հանգուցալուծմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829