Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիները բազմազավակ են դառնում խանութների պարտքերը փակելու համար

Փետրվար 24,2012 13:46

Հետո չկարողանալով երեխաներին պահել՝ հանձնում են օժանդակ դպրոցներ

Մոտ 4 տարի առաջ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը շրջայց կատարելով Գյումրիի տնակներ՝ ապշահար էր եղել գյումրեցիների աղքատությունից: Բանն այն է, որ վերջինս սեփական աչքերով էր տեսել, թե ինչպես են առնետները թռնում մարդկանց գլխավերեւից, ինչպես են անձրեւաջրերը չռռում տնակների կտուրներից, սակայն այս ամենը վերացնելու ուղղությամբ ոչինչ չի արվում: Այդ ժամանակ եվրոպացի պաշտոնյան իր զարմանքը կիսել էր լրագրողների հետ՝ ասելով, որ գյումրեցին զրկված է ապրելու տարրական իրավունքից ու պայմաններից: Եվրոպացու այցից հետո թեեւ անցել է չորս տարի, սակայն դրական տեղաշարժի փոխարեն՝ Գյումրին ու առհասարակ Շիրակի մարզը գնալով ավելի ընչազուրկ է դառնում: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ աղքատների ցուցակը, ինչպես միշտ, գլխավորում է Շիրակի մարզը, այստեղ աղքատությունը կազմում է 47.2%, եւ սա այն դեպքում, երբ Հայաստանում միջին աղքատությունը 34.1 տոկոս է: Պաշտոնական այս խոստովանությունից գյումրեցիներն իրենց մի տեսակ ծաղրված են զգում, Facebook-ի «Լեննագանցիք» խմբում օգտատերերից մեկը գրում է. «Ինչ ամոթ է, մեզ այլեւս չեն հիշում որպես յուրահատուկ ավանդույթներ ունեցող քաղաք, այլ առանձնացնում են որպես ընչազուրկներ»:

Սոցիալապես անապահովների հարցերով զբաղվող «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանն էլ մեզ հետ զրույցում հետեւյալ կարծիքն է հայտնում. «Նախ՝ ցուցանիշները՝ մոտավորապես 45 տոկոս աղքատ, 5%՝ ծայրահեղ աղքատ, ես կարծում եմ՝ թույլ է ասված, որովհետեւ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Գյումրիի 30-35%-ը ծայրահեղ աղքատ վիճակում է, մոտավորապես 60-70%-ն էլ աղքատ է: Հատկապես 6000-6500 անօթեւան ընտանիք ունեցող քաղաքում սոսկալի վիճակ է, որովհետեւ աղքատությունից բացի՝ մարդիկ բնակարան, կացարան չունեն»: Սոցիալական նպաստի ոլորտում, չակերտավոր ասած, բարեփոխումները էլ ավելի են բարդացրել գյումրեցիների վիճակը, նրանց զանգվածաբար զրկել են օրվա ցամաք հացից: Ըստ Վահան Թումասյանի՝ այս հարցով ստեղծված հանձնաժողովները մատները մատներին չեն խփում, կաբինետներում են որոշումներ կայացնում՝ առանց իրենց ավելորդ նեղություն պատճառելու ու մարդկանց կացարանները այցելելու: Վահան Թումասյանի ասելով՝ իրենք գիտեն այնպիսի ընտանիքների, որտեղ երեխաները թոքաբորբից հերթով մեռնում են, մեկ այլ ընտանիք էլ փող չունենալու պատճառով երեխաներին օժանդակ դպրոց է տվել: «Երեխաները ուրախ, զվարթ, գիտակից, նորմալ մարդիկ են, սակայն աղքատության, ծայրահեղ վիճակի պատճառով հարկադրված են մտավոր հետամնաց երեխաների համար նախատեսված դպրոց, այսինքն՝ օժանդակ դպրոց գնալ, երեխան մի տարի էլ հաճախում է, բայց նույնիսկ տառերը չի ճանաչում: Ոչ մեկի պետքը չէ՝ ոչ տեղական եւ ոչ էլ հանրապետական իշխանությունների: Հայաստանում իշխանությունները մարդակենտրոն չեն, մարդը որեւէ արժեք չունի: Քանի դեռ այս մոտեցումը չի փոխվել, ոչինչ չի փոխվի այստեղ: Աղքատության հետեւում դժվար ճակատագրեր կան, դրանք միայն թղթի վրա գրված թվեր չեն, ինչո՞ւ չեն ուզում այս ամենը տեսնել իշխանությունները: Մեր քաղաքը ոչ միայն աղքատությամբ, այլեւ գործազրկությամբ, նույնիսկ օդի աղտոտվածությամբ է առաջին տեղում, զարմանալի է՝ ոչ մի գործարան չի աշխատում, բայց էդպես է»,- ասում է Վահան Թումասյանը:

Գյումրիում կան ընտանիքներ, որոնք բազմազավակ են դառնում խանութներին ունեցած պարտքը փակելու նպատակով: «Վերջերս ականատես եղանք սարսափելի մի պատմության. գնացինք մի տուն, որտեղ վեց երեխա կար, եւ այդ ընտանիքը ամեն տարի մի երեխա կորցնում է: Երբ զարմացած հարցրի, թե էս աղքատ վիճակում ինչու են նորից երեխա ունենում, հարեւաններից մեկն ասաց՝ ստիպված երեխա են ունենում, որ երեխայի համար նախատեսված գումարով փակեն խանութներին ունեցած իրենց պարտքերը: Դե, պատկերացրեք՝ էդ երեխայի վիճակը ինչ պիտի լինի՝ խոնավ տնակում՝ սոված-ծարավ, վաղն էլ պոտենցիալ հանցագործ կամ մարմնավաճառ կդառնա, որովհետեւ կարիքն է ստիպում»,- նկարագրում է Վահան Թումասյանը: Վերջինս նախազգուշացնում է՝ եթե հենց այս պահին իշխանությունները ոչինչ չձեռնարկեն, ապա կիսադատարկ Գյումրին ամբողջապես մարդազուրկ կդառնա: Ըստ նրա՝ Գյումրիի փրկության համար ոչ թե ուտոպիստական ծրագրեր պետք է կազմել, ասենք՝ տեխնոպարկ գովերգել, այլ կոնկրետ, իրատեսական ծրագրեր մշակել: «Մեկ-մեկ էլ մտածում եմ, որ իշխանությունները դիտավորյալ տիրություն չեն անում, դիտավորյալ են պահում նման խավի, որպեսզի ցանկացած ձեւի նրանց կառավարեն ու օգտագործեն՝ իրենց քվեները ապահովելու համար, բայց այսպես երկար չի կարող շարունակվել, մենք մոռանում ենք, որ երեխաների իրավունքներն ենք ոտնահարում, վերջը՝ կա Աստծո անեծք, դրանից է՞լ չեն վախենում»,- հարցնում է մեր զրուցակիցը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ   

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829