Լրահոս
Օրվա լրահոսը

<Աստ հանչի Մարգարիտ՚>

Փետրվար 24,2012 18:29

Այսպես է գրված իմ տատի տապանաքարին

Հայրս երազ էր տեսել,  արդեն 70 տարի  առաջ մահացած իր մորն էր տեսել:Եկել էր եւ ոչինչ չէր ասել նայել էր լուռ եւ հեռացել:Ու հայրս  որոշել էր այցի գնալ մոր  գերեզմանին: Մնացածը՝ ծնվեց այս երկու տողից հետո:

Այն բարձունքը, որի  գլխին իր հայրենակից քյավառցիները  որոշել են կառուցել իրենց հանգուցյալների գերեզմանները, կոչել են ոչ ավելի, ոչ պակաս <Դարի գլուխ>, իհարկ, դարն այստեղ այլ միտք ունի, բայց ոնց որ  հետաքրքիր  է ստացվել:  Զարմանալի զգացողություն է, երբ դու քո անուն-ազգանունը կարդում ես ութսունամյա վաղեմություն ունեցող  տապանաքարին: Դա կարող է փոխել քո կյանքը, դա կարող է արմատապես փոխել մինչ այդ ապրածդ կյանքի ուղին: Դա քեզ համար կարող է փրկօղակի նման լինել: Քանի որ այդ բանը տեսնելով դու կհասկանաս, որ այն ամենը, ինչից վախ ես զգացել ողջ կյանքիդ ընթացքում, այնքան էլ տխուր  եւ վախեցնող չէ:

…Խունկի հոտը սթափեցնող հատկություն ունի: Խնկամանը ձեռքին հայրն  այս ու այն կողմ էր պտտվում տատի տապանաքարի շուրջը: Չգիտեր ուր դնի ծխացող խնկաթասը: Դրեց: Բայց դա նրա ալեկոծված միտքը չխաղաղեցրեց: Կողքի գերեզմանից ծառի չորացած ճյուղը կախվել էր մոր տապանաքարին: Հայրը փոքրիկ տղայի պես թռվռում էր էդ ճյուղը բռնելու եւ կտրելու համար: Թվաց, թե նպատակը դա է, մինչդեռ ինքը կողքից էր նայում: Իսկ կողքից նայողի համար պարզից էլ պարզ էր՝ հայրը ուզում էր չորացած ճյուղի հետ պոկել իր մեջ ալեկոծվող լացը, ուզում էր հանդարտվել: Չէր հաջողվում: Ճյուղը պոկելուց եւ հեռու շպրտելուց հետո աչքերն ավելի թաց էին: Կանգնեց մոր գերեզմանի մոտ.<Դե, ասա, ի՞նչ էիր  ասում, եկել եմ>:

Տապանաքարը լուռ էր: Ինքը նայում էր հոր դեմքին: Հայրը սովոր չէր  <մայր՚> բառին: Երբեք չէր ասել մայր, մամա, մայրիկ, այ մեր: Երբ մայրը ողջ էր, ինքը խոսել չգիտեր, շատ փոքր էր, իսկ երբ ինքը կարող էր խոսել՝ մայրը չկար: Ու այդ բառն իր բոլոր դրսեւորումներով հոր համար մնաց  երազանք-բառ,  մնաց որպես ուրիշների  բառ, իր համար՝ անհասանելի եւ ամենադժվար բառ: Ինքը նկատել էր. հորեղբայրը, ով մի քիչ ավելի մեծ էր՝ ութ տարեկան, երբ մայրը հեռացել էր իրենցից, արդեն հասուն տարիքում իրեն՝ եղբոր աղջկան միայն այդպես էր դիմում՝ <մերս՚>:  Իրենց մոր անունն էին դրել մի նվազ աղջնակի վրա երկու հասուն տղամարդ եւ հոգու խորքում այդ աղջնակի մեջ սիրում էին իրենց մորը: Երբ հորեղբայրն իրեն ասում էր՝  <մերս՚>  հորը   դուր էր գալիս: Բայց ոչ մի անգամ  ինքն անձամբ իր աղջկան չասաց՝<ՙմերս՚> թեպետ կողմնակի ճանապարհով ասում էր. <Հորեղբայրդ քեզ ո՞նց է ասում՝ մերս՚>:

Հիմա էլ, Մարգաիտ տատի  պատանաքարի առաջ կանգնած հայրը չասաց. <Այ մեր, ի՞նչ էիր ասում,  եկել եմ, ասա՚> Չասաց ու փլվեց: Ասեր էլ՝ փլվելու էր: Փլվելու էր ներս՝ տարիների կարոտը խեղդելով:

Ու  հոր որբությունը դուրս թափվեց  մի քանի թանկագին արցունքի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829