
«Բոլորովին պարտադիր չէ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարները տեղյակ լինեն, թե երբ, ինչ պարագայում, ինչ ցիկլերով է Հայաստանի ֆուտբոլային ընտրանին ընդգրկվում օլիմպիական մրցապայքարում: Առավել եւս պարտադիր չէ, որ տեղյակ լինեն, թե Հայաստանի ֆուտբոլային որ հավաքականը կարող է հավակնել օլիմպիական մրցապայքարում հանդես գալուն: Եվ ամենակարեւորը, ընդհանրապես պարտադիր չէ, որ տեղյակ լինեն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմերի մարզահագուստ կրելու պայմաններին եւ պայմանագրային պարտավորություններին: Մանավանդ, որ Հայաստանի ֆուտբոլային ընտրանիները քանիցս ընդգրկվել են օլիմպիական ցիկլերում եւ մասնակցել են ընտրական հանդիպումներին, իսկ ՀԱՕԿ-ում դրանից երբեք տեղյակ չեն եղել: Թերեւս լավ կլինի, որ այս խնդիրներից տեղյակ լինեն ՀԱՕԿ-ի տարատեսակ աշխատակիցները, որպեսզի դրա արդյունքում տեղյակ լինեն նաեւ ՀԱՕԿ-ի ղեկավարները: Ինչ խոսք, անչափ շնորհակալ ենք, որ ՀԱՕԿ-ը ցանկանում է, որպեսզի «…վերելք ապրող հայրենական ֆուտբոլը կարողանա նվաճել օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր»: Իսկ մինչ ՀԱՕԿ-ում կուսումնասիրեն ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի` ֆուտբոլը կանոնակարգող հազարավոր փաստաթղթերը, միջազգային այդ հեղինակավոր կառույցների անդամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կշարունակեն զբաղվել հայկական ֆուտբոլի վերելքով»:
ՀՖՖ մամուլի քարտուղարություն


















































