Լրահոս
Օրվա լրահոսը

Դիետաները և նրանց հետևանքները

Մարտ 12,2012 21:21

Երիտասարդ աղջիկների, և ոչ միայն նրանց շրջանում տարածված երևույթ է դարձել դիետա պահելը: Շատերը դիմում են հեռուստատեսությամբ կամ ինտերնետային կայք էջերում առաջարկվող դիետաների օգնությանը, որոնք առաջին հայացքից բավական արդյունավետ և մատչելի են թվում: Այս թեմայի շուրջ առավել ճշգրիտ և հավաստի տեղեկություններ իմանալու համար զրուցենք բժշկուհի-դիետոլոգ Արևիկ Հարությունյանի հետ. «Ինձ մոտ հաճախ գալիս են երիտասարդ աղջիկներ, ովքեր ցանկանում են նիհարել դիետաների միջոցով: Նախ` տվյալ անձնավորությունը պետք է առողջական խնդիրներ չունենա, իսկ այնուհետև, երբ սկսում է որևէ դիետայի անցնել, ապա դա դեռ չի նշանակում, որ նա տասն օրից կամ մեկ ամսից բավականաչափ փոփոխություն կզգա: Այն դիետաները, որոնք առաջարկվում են ծանոթների, ընկերուհիների կամ կարճ հաղորդագրությունների կողմից, հաճախ լուրջ հետևանքներ են թողնում, քանի որ երբ դիետայի միջոցով մեկ ամսվա ընթացքում 10կգ նիհարում են, դա նորմալ երևույթ չէ և հանգեցնում է մի շարք առողջական խնդիրների` ստամոքսի խանգարման, սրտխառնոցի, թուլության, այն օրգանները որոնք համեմատաբար թույլ են զարգացած տվյալ մարդու մոտ կարող են խնդիրներ առաջացնել, ինչն էլ անմիջապես արտահայտվում է մաշկի վրա: Մաշկը դառնում է դեղնավուն, ակնափոսերը խորանում և կապտում են»:
19-ամյա Գայանեն, ով նիհարելու համար դիմել էր տարբեր դիետաների, պատմեց այդ ամենի արդյունքում առաջացած օգտակար և վնասակար հետևանքների մասին. «Քանի որ շատ էի ցանկանում նիհարել, սկսեցի ծանոթներիցս հետաքրքրվել, թե ինչ տեսակի դիետաներ կան, և որոնք են ավելի արդյունավետ: Այնուհետև իրար հետեւից`փոքրիկ ընդմիջումներով, սկսեցի մի քանի դիետաներ պահել` լիմոնով, գոլ ջրով, հաց չօգտագործելով, միայն ընդեղեն ուտելով…: Սկզբնական շրջանում ստամոքսի ցավեր, գլխապտույտներ էի ունենում: Այժմ 18կգ նիհարել եմ ու շատ ուրախ եմ, ավելի ինքնավստահ»: Բժշկուհու խորհրդով ավելի նախընտրելի է դիետայի հետևյալ ձևը. «Սխալ դիետաների դեպքում կարող է առաջանալ վիտամինի պակասություն, ինչի հետևանքով էլ առաջանում է մազաթափություն, եղունգների շերտավորվածություն, գլխապտույտ, հոգնածություն և այլն: Շատ սխալ է, երբ կենտրոնանում են մեկ-երկու ուտեստների վրա: Նախընտրելի է, երբ սնունդը լինում է ռացիոնալ և 18:00-ից կամ 20:00-ից հետո բացի մրգերից, բնական հյութերից և բանջարեղենից ոչինչ չեն ուտում: Սա նաև օգտակար է առողջությանն ու մարսողությանը»:

 

Ալվինա Սիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031