Լիաննա Արոյանը «Հայ սուպերսթարի» ժյուրիին գրավեց իր աշխուժությամբ: Նրա նկատմամբ դրական վերաբերմունքը չէին զսպում նախագծին առնչվողներից եւ ոչ մեկ: Աղջկա նախագծից դուրս մնալն էլ զարմացրել էր բոլորին, ժյուրին մի պահ նույնիսկ վրդովել էր: Լիաննայի հետ հանդիպեցինք եւ զրուցեցինք «Հայ սուպերսթարի» գալա համերգներից մեկից առաջ: Հիմա երիտասարդ կատարողը Մոսկվայում է, ասել է, ցանկացած դեպքում, երբ իր կարիքը նախագծում զգացվի, կգա՝ առանց վարանման:

Մանկապարտեզից էլ արդեն երգով տարված Լիաննան չի շտապում երգարվեստն ընտրել. «Մտածում էի, որ գնայի երաժշտական ուղղությամբ սովորելու, հետո ինչո՞վ եմ զբաղվելու, որտե՞ղ պիտի երգեի: Մոսկվայում շատ դժվար է առաջ գնալը, պիտի շատ փող ունենաս: Ինձ հետաքրքիր էր նաեւ նկարահանման պրոցեսը, մարդկանցից հարցազրույցներ վերցնելը, ուզում էի հեռուստատեսությունում աշխատել, դրա համար ընտրեցի ժուռնալիստի մասնագիտությունը»,- ասում է նա:
«Հայ սուպերսթարի» մասին էլ պատահաբար է իմացել, գովազդն է հեռուստացույցով տեսել, որոշել է մասնակցել, ուրախացել է, երբ իմացել է, որ նախագծին մասնակցելու հնարավորություն իրեն էլ է տրվել: Հիմա շատ չի տխրում, որ նախագծից դուրս է մնացել. «Ինձ դուր էր գալիս «Հայ սուպերսթարը», երբ բոլորս կայինք: Էտ օրերը ուրիշ էին, հիմա էլ ա լավ, բայց շատ լավ էր, երբ մի օրում բոլորս երգ էինք սովորում, տեսնում էինք՝ ով ի՞նչ ա անում»,- ասում է նա: Նախագիծն էլ նրան «նվիրեց լավ ընկերություն»: «Մասնակցությունը շատ մեծ դաս էր, ես գիտեմ՝ արդեն ինչի՞ վրա պետք է աշխատեմ»,- համոզված է նա: Սկսնակ կատարողը երգարվեստում մնալու եւ այնտեղ գործելու հետ կապված մեծ ցանկություններ ունի. «Չի կարելի համեմատել քեզ ինչ-որ մեկի հետ, բայց ես ուզում եմ դառնալ Բեյոնսեի պես երգչուհի, նա 2 տարի առաջ էլ էր ժամանակակից, հիմա էլ մնում է այդպիսին, անում է այնպես, որ իրան բոլորը սիրեն: Բեյոնսեին, Ագիլերային շատ եմ սիրում, մեկ էլ ուզում եմ, որ ջազը գա, սիրում եմ Ռեյ Չարլզին»,- ասում է նա,- ես եկել էի այստեղ, որ այնպես երգեմ, որ ինձ լավ զգամ, բայց այդպես չեղավ, որովհետեւ ես գիտեմ, որ ես կարող էի ավելի լավ երգել»:


















































