Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետական պաշտոնյա-թեկնածուներն արձակուրդ են գնացել

Ապրիլ 04,2012 17:55

Կառավարության կազմի մեջ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ հայեցողական եւ քաղաքացիական «յուղալի» պաշտոնների մեծ մասը զբաղեցնում են Հանրապետական կուսակցության անդամները: Այդ պաշտոնյաներից շատերը նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում են ընդգրկված, իսկ Ընտրական օրենսգիրքը նման թեկնածուներին պարտադրում է մինչեւ նախընտրական քարոզարշավի ավարտը ժամանակավորապես ազատվել իրենց պետական աշխատանքային պարտականությունները կատարելուց: Կառավարության վերջին նիստի ժամանակ էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորել էր այդ պաշտոնյաներին կամ արձակուրդ գնալ, կամ էլ հանել թեկնածությունը:

Մեր հարցումներից պարզվեց, որ այդ պաշտոնյա-թեկնածուները գերադասել են արձակուրդ գնալ, բայց չհրաժարվել ԱԺ պատգամավոր դառնալու շանսից:

Օրինակ` սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի միանգամից 2 տեղակալներ ընդգրկվել են ՀՀԿ համամասնական ցուցակում եւ երկուսն էլ ապրիլի 2-ից արձակուրդի մեջ են՝ մինչեւ ընտրությունների ավարտը: Aravot.am-ի այն հարցին, թե նախարարության աշխատանքները կաթվածահար չե՞ն լինի, որ 2 փոխնախարար 1 ամիս բացակայեն, լրատվական ծառայությունից ասացին. «Արտակարգ ոչինչ չկա դրանում: Նրանց գործառույթները կկատարեն համապատասխան ուղղությունների վարչությունները»:

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն էլ գերադասել է գնալ արձակուրդ, բայց չհրաժարվել ցուցակի 87-րդ տեղից:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը եւս արձակուրդ է գնացել. նրա ուսերին է նաեւ Աջափնյակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահությունը:

Թեեւ արձակուրդում է նաեւ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, որը ՀՀԿ ցուցակի 56-րդ տեղում է, սակայն նախարարությունից վստահեցրին, քանի դեռ քարոզարշավը չի սկսվել, փոխնախարարը ներկայանում է իր գերատեսչություն: Տիկին Մինասյանը համակարգում ու նախապատրաստում է իրեն փոխարինող աշխատակիցներին, որպեսզի հանգիստ խղճով լծվի քարոզարշավային գործին:

ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու է նաեւ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը. նա եւս օրենքը չի խախտել եւ արձակուրդ է գնացել:

Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն պետ, ՀՀԿ ցուցակի 89-րդ հորիզոնականը զբաղեցնող Աբրամ Բախչագուլյանն էլ հետեւել է օրենքին եւ վարչապետի հորդորին` նա ապրիլի 2-ից արձակուրդն է վայելում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյան էլ ՀՀԿ ցուցակում է եւ ամսի 2-ից մինչեւ մայիսի 6-ը արձակուրդում է լինելու:

ԱԺ պատգամավոր դառնալու գայթակղությանը չի տրվել նույն նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտեմ Ասատրյանը .նա հրաժարվեց պատգամավորության թեկնածությունից, որպեսզի շարունակի ծառայության աշխատանքը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ ՀՀԿ ցուցակի 57-րդ տեղում է, ուստի, ինչպես օրենքն է պահանջում` իր պետական պարտականություններից ժամանակավոր հրաժարվել է: Մեր այն հարցին՝ առանց նախագահի հանձնաժողովն ինչպե՞ս է «յոլա գնալու», ասացին. «Մեզ մոտ բոլորը պրոֆեսիոնալներ են: Նախագահը կաչկա, բոլորն իրենց աշխատանքը լավ գիտեն: Բացի այդ, նախագահը նաեւ գործուղման է մեկնում` էլի աշխատում ենք, չէ՞»:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն էլ ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 6-ը «արձակուրդային է վերցրել»: Նա եւս պայքարելու է ԱԺ պատգամավորի աթոռի համար, ՀՀԿ ցուցակի 79-րդ տեղում է:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանն էլ պատգամավորի թեկնածու է եւ արձակուրդի մեջ է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30