Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական շտաբը դեռ չծնված` վախճանվեց

Ապրիլ 07,2012 10:21

Վերջին օրերին խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ծանր մտորումների մեջ են. ակտիվորեն քննարկում են անսպասելիորեն ի հայտ եկած երկու առաջարկները` փորձելով կողմնորոշվել, թե դրանցից որը ընդունել, որը մերժել:
Խոսքը Հայաստանի Քաղաքագետների միության եւ Ազգային ժողովի նախագահի առաջարկների մասին է: Առաջինի դեպքում գործ ունենք ընդամենը գաղափարի հետ, իսկ երկրորդը արդեն իսկ իրականացած փաստ է:
Երեկ, երբ ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի նախաձեռնությամբ ստեղծվել է ընտրությունների մշտադիտարկման աշխատանքային խումբ, անմիջապես նամակներ հղեց ընտրապայքարի մասնակից հինգ կուսակցություններին: Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, կարելի է ասել, «սպոնտան» ստորագրեցին ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի հիմնադրման մասին համատեղ հայտարարություն:
Գաղափարը Հմայակ Հովհաննիսյանինն էր, որը մոռացել էր սույն աստվածահաճո գործին մասնակից դարձնել «Օրինաց երկիր», Հայաստանի կոմունիստական, Հայաստանի դեմոկրատական եւ «Միավորված հայեր» կուսակցություններին (այդ օրը թեեւ ՀՔՄ գրասենյակում ներկա էր ՀՀԿ խմբակցության ղեկավարը, բայց նա հայտարարությունը չստորագրեց):
Եվ ահա երեկ ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հիշյալ հինգ կուսակցությունների նախընտրական շտաբների պետերի հասցեներով նամակներ ուղարկեց, ուր մասնավորապես ասված է. «Նկատի ունենալով այն, որ Հայտարարությունը բաց է համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար, ձեզ ենք ուղարկում Հայտարարության պաշտոնական տեքստը, առաջարկելով մինչեւ ապրիլի 10-ը հայտնել ձեր կուսակցության դիրքորոշման մասին: Եթե մինչեւ ապրիլի 10-ը ձեր կուսակցությունը միանա այդ հայտարարությանը, ապա ապրիլի 10-ին ձեզ կուղարկվի հանրային լսումների երկրորդ նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր»:
Ակնհայտ է, որ նամակի հասցեատերերը կմերժեն ՀՔՄ-ի առաջարկը, քանի որ այդ կուսակցություններն արդեն իրենց դիրքորոշումները հայտնել են: ՀՀԿ-ն, որ ապրիլի 4-ին հրաժարվեց ստորագրել միասնական շտաբ հիմնելու մասին հայտարարությունը, այդ կերպ արդեն իսկ արտահայտեց իր դիրքորոշումը որեւէ պատասխանատվություն չստանձնող շտաբի աշխատանքներին չմասնակցելու մասին: ՕԵԿ-ն ընդհանրապես չարձագանքեց այս իրողությանը, ինչը եւս դիրքորոշում է. չենք նկատում, չենք կարեւորում:
Կոմկուսի առաջնորդը հենց նույն օրը հայտարարեց, որ «Այդ չորսի բուկետից վատ հոտ է գալիս»: Իսկ Դեմկուսի ներկայացուցիչը երեկ հայտարարեց, որ «ՀԴԿ-ն չի միացել միասնական շտաբին, քանի որ չի մասնակցել փաստաթղթի կազմմանը»:
Երեկ իր բացասական դիրքորոշումը հայտնեց նաեւ «Միավորված հայերի» նախագահ Ռուբեն Ավագյանը։
Նկատենք նաեւ, որ միասնական շտաբ ստեղծելու մասին հայտարարությունն ստորագրած չորս քաղաքական ուժերից երեքի շրջանում շտաբի ձեւավորման հարցը կասկածահարույց մտքեր է ծնել: «Միասնական շտաբի գաղափարը դեռ պետք է գործնականանա»,- ասում են ՀՅԴ-ից, ինչը ենթադրել է տալիս, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժը առանձնապես համոզված չէ գաղափարի իրագործման հարցում:
Երեկ էլ խորհրդարանական մյուս ընդդիմադիր կուսակցության` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ-որ պայմաններ առաջ քաշեց, ինչի բավարարման դեպքում միայն իր գլխավորած ուժը կմիանա շտաբին: Խոսքը ընդհանուր բյուջեի, անելիքները կոնկրետացնելու եւ նման այլ պահանջների մասին է:
Սակայն իրողությունն այն է, որ միասնական շտաբ կոչվածը, ի տարբերություն խորհրդարանում ստեղծված մշտադիտարկման աշխատանքային խմբի, դեռեւս մնում է թղթի վրա: Եվ պարզ չէ` այն երբեւէ կստեղծվի՞, թե՞ ոչ:
Ըստ էության, միասնական շտաբ հիմնելու գաղափարի միակ երկրպագուն ու պաշտպանը մնացել է ՀԱԿ-ը, չհաշված, իհարկե, գաղափարի հեղինակին:
«Իշխանությունները շատ անհանգստացած են չորս քաղաքական ուժի կողմից ընտրակեղծիքների դեմ պայքարող միասնական շտաբի ստեղծումով եւ այդ հռչակագրով, հիմա նրանք մեկը մյուսի հետեւից նախաձեռնություններ են անում: Այդ նախաձեռնությունները բոլորը իբր ուղղված են նույն նպատակին, բայց իրականում նպատակը միակն է` քանդել այն նախաձեռնությունը, որը արդեն կայանում է, եւ որը ստորագրել է չորս քաղաքական ուժ»,- հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Հետաքրիր է, ի՞նչը պետք է իշխանությունը քանդի, եթե իրականում քանդելու բան չկա: Միթե միասնական շտաբը արդեն ձեւավորվել ու գործում է: Իհարկե, ոչ: Ուրեմն ի՞նչն են քանդելու: Վերացական, օդեղեն «շտա՞բը»: Կամ ինչի՞ց պետք է անհանգստանա իշխանությունը, երբ ակնհայտ է, որ ապրիլի 4-ի մեկօրյա նախաձեռնությունը շարունակություն չի ունենալու, ինչպես այսրոպեական «խանդավառ» ակցիան է նույն պահին ավարտված համարվում:
Եվ մինչ ՀԱԿ-ը ահազանգում է չեղած շտաբը քանդելու մասին, օրեր առաջ այն հիմնելու մասին հայտարարությունն ստորագրած երեք կուսակցություններն արդեն երեկ ակտիվորեն քննարկում էին ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խմբին իրենց մասնակցելու հարցը:
Քանզի ընտրական գործընթացի վերահսկողության խնդիրը լրջորեն կարեւորող քաղաքական ուժերը, արդեն իսկ ստեղծված աշխատանքային խումբը թողած, չեն կարող «ջուր գցել փլավին», որն իրականում չկա:

Կիմա Եղիազարյան

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30