Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ հետաքրքրում է հենց այն կետը, որտեղ արվեստները սկսում են խառնվել իրար. Զոյա Սարգսյան

Սեպտեմբեր 29,2026 13:05 Share

Զոյա Սարգսյանին կարելի է տեսնել թե՛ ակադեմիական և թե՛ փորձարարական բեմահարթակներում դասական ու ժամանակակից վոկալ ստեղծագործությունների կատարումներով, միաժամանակ արվեստասեր հասարակությանը հասանելի են նաև նրա ինքնատիպ յուղաներկ կտավները, պերֆորմանսները, երբ հանդիսատեսի աչքի առաջ ծնվում են արվեստի յուրօրինակ գործեր: Բազմաշնորհ այս արվեստագետին Aravot.am-ը անդրադարձել է: Այսօր էլ առիթ կա, բայց ինչպես ասում են՝ հերթականությամբ:

-Զոյա, ի վերջո, ո՞վ եք դուք մասնագիտությամբ:

-Ես ինձ դժվարությամբ եմ սահմանում մեկ մասնագիտությամբ։ Եթե ասեմ՝ երգչուհի եմ, դա ճիշտ է, բայց ամբողջը չի նկարագրի։ Եթե ասեմ՝ նկարիչ եմ, նույնպես ճիշտ կլինի, բայց կրկին ամբողջը չի լինի։ Ես միաժամանակ զբաղվում եմ դասական վոկալով, ժամանակակից և փորձարարական երաժշտությամբ, աբստրակտ նկարչությամբ, թատերական և պերֆորմատիվ արվեստով, և ինձ համար դրանք միմյանցից առանձնացված ուղղություններ չեն։ Եվ չեմ ուզում այս ամենը սահմանափակել «մասնագիտություն» բառի շրջանակում ու չեմ փորձում պարզապես մի ներկայացման մեջ երաժշտություն, նկարչություն և թատրոն միացնել։ Ավելի շատ փորձում եմ հասկանալ՝ ի՛նչ է տեղի ունենում, երբ դրանք սկսում են գոյություն ունենալ նույն մարմնի, նույն տարածության և նույն գործողության մեջ։

-Այդ դեպքում որտե՞ղ եք սովորել, ի՞նչ կրթությունն եք ստացել:

-Կոնսերվատորիայում սովորել եմ դասական վոկալի բաժնում, և դա իմ ստեղծագործական հիմքն է։ Բայց ժամանակի ընթացքում ինձ սկսեց հետաքրքրել ձայնի այն կողմը, որը դուրս է ավանդական գեղեցիկ երգեցողության պատկերացումներից։ Ժամանակակից և փորձարարական երաժշտության մեջ ինձ համար շատ հետաքրքիր է այն, որ ձայնը կարող է դառնալ ոչ միայն մեղեդի կամ գեղեցիկ հնչողություն, այլ նյութ։ Շունչը, շշուկը, խոսքը, ճիչը, ձայնի կոտրվելը, տարբեր տեմբրերը, ոչ վիբրատո հնչողությունը, ձայնի տարբեր ֆիզիկական վիճակները կարող են դառնալ երաժշտության մաս։ Ինձ հետաքրքրում է ձայնը՝ որպես ֆիզիկական երևույթ։ Ուզում եմ հասկանալ՝ որքան հեռու կարող եմ գնալ ձայնի հետ, և որտեղ են ավարտվում երգելու մասին մեր սովորական պատկերացումները։ Ինձ համար կարևոր է ոչ միայն ճիշտ նոտան կամ ռիթմական պատկերը երգելը։ Ինձ հետաքրքրում է՝ ինչ է անում այդ ձայնը տարածության մեջ, ինչ է անում իմ մարմինը այդ պահին, և ինչ է տեղի ունենում հանդիսատեսի հետ։ Այդ պատճառով, երբեմն ինձ համար կատարումն ավելի մոտ է գործողության, քան ավանդական համերգային կատարման։

-Ինչպե՞ս են համատեղվում ձեր պատկերացումներում ժամանակակից երաժշտությունն ու աբստրակտ նկարչությունը:

-Երկուսն էլ կարող են հրաժարվել այն անհրաժեշտությունից, որ ամեն ինչ պետք է անվանվի, բացատրվի կամ ճանաչելի լինի։ Աբստրակցիան ինձ համար կարող է լինել ծայրահեղ հոգևոր հենց այն պատճառով, որ հրաժարվում է իրականության անմիջական պատճենումից և մարդուն զրկում է սովորական հենարաններից։ Երբ նկարում չկա ծառ, մարդ, տուն կամ պատրաստի պատմություն, դիտողը չի կարող պարզապես ապավինել ճանաչմանը։ Նա ստիպված է հանդիպել, ոչ թե առարկային, այլ սեփական զգացողությանը։ Այս իմաստով աբստրակցիան «պոկում է» մարդուն աշխարհից ոչ թե այն պատճառով, որ մերժում է աշխարհը, այլ որովհետև ժամանակավորապես կասեցնում է նրա սովորական ընկալումը։ Մարդը դադարում է մտածել՝ «ի՞նչ եմ տեսնում», և սկսում է զգալ՝ «ի՞նչ եմ ապրում»։ Այդ անցումն ինձ համար արդեն իսկ հոգևոր փորձառություն է։ Հոգևորությունը, գուցե, սկսվում է հենց այնտեղ, որտեղ ավարտվում է անվանումը։ Երբ ինչ-որ բան հնարավոր չէ ամբողջությամբ բառերով նկարագրել, առաջանում է լռության մի տարածք։ Իսկ աբստրակտ արվեստը հաճախ հենց այդպիսի տարածք է ստեղծում։ Այն չի պատմում, այլ ներկայություն է առաջարկում։ Միևնույն ժամանակ, աբստրակցիան կարող է մարդուն ժամանակավորապես հեռացնել նաև իրենից։

Մենք սովոր ենք մեզ ճանաչել մեր կենսագրությամբ, հիշողություններով, սոցիալական դերերով։ Իսկ աբստրակտ ստեղծագործության առջև այդ ամենը կարող է մի պահ կորցնել իր նշանակությունը։ Մնում է զգացողությունը, ռիթմը, գույնը, տարածությունը, ժամանակը։ Այդ պահին մարդը կարծես դադարում է լինել իր մասին պատմող մեկը և պարզապես դառնում է նա, ով զգում է։ Սակայն այստեղ կա մի պարադոքս․ աբստրակցիան կարծես հեռացնում է մարդուն աշխարհից, բայց իրականում կարող է վերադարձնել նրան աշխարհի ավելի խորը շերտերին։ Ոչ թե արտաքին իրերի աշխարհին, այլ այն տարածքին, որտեղ ձևը, ժամանակը, լռությունը և գոյությունը կարող են միավորվել։

Ես այդ զգացողությունը շատ մոտ եմ տեսնում նաև ժամանակակից երաժշտության մեջ։ Այն նույնպես կարող է քեզ հանել սովորական լսելու ձևից։ Երբ երաժշտությունը միայն մեղեդի չէ, երբ ձայնը կարող է լինել շունչ, ճիչ, շշուկ, աղմուկ կամ գրեթե լռություն, դու այլևս պարզապես երաժշտություն չես «լսում»։ Դու հայտնվում ես դրա ֆիզիկական տարածության մեջ։ Եվ հենց այդտեղից է ինձ համար սկսվում արվեստների միավորումը։

-Արդի արվեստով Ձեր հետաքրքրվածությունը արդյո՞ք միայն սեփական հոգևոր պահանջները բավարարելու, գեղարվեստական այս կամ այն խնդիրը հաղթահարելու նպատակ ունի, թե՞…

-Ես ուզում եմ, որ Հայաստանում ժամանակակից երաժշտությունը և հատկապես ժամանակակից վոկալ-թատերական երաժշտությունը զարգանա, լսվի և դիտվի։ Ուզում եմ նաև ինքս լինել այդ գործընթացի մի փոքր խթանը՝ ստեղծելով, կատարելով և փորձելով ցույց տալ, թե որքան լայն կարող է լինել վոկալ արվեստի տարածքը։ Այս առումով ինձ համար շատ կարևոր փորձառություն էր Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների չորրորդ միջազգային մրցույթի գալա համերգը, որը տեղի ունեցավ հունիսի 12-ին։ Այնտեղ ես մասնակցեցի երկու ստեղծագործության պրեմիերաներին։ Լեհ կոմպոզիտոր Նիկոդեմ Կլուչինսկու «Ողբացող զինվորի հիշատակը» ստեղծագործությունը՝ Մկրտիչ Խրիմյանի խոսքերով, գրված էր մեցցոսոպրանոյի, դաշնամուրի և թավջութակի համար։ Ինձ համար այն առանձնահատուկ էր նրանով, որ երաժշտական նյութի յուրացման հետ, միաժամանակ շատ մեծ թատերական աշխատանք կար։ Ստեղծագործության մեջ ես պետք է մարմնավորեի տարբեր կերպարներ՝ տարեց ցինիկ մարդ, երիտասարդ աղջիկ, գեներալ, զինվոր, մայր, քահանա, երեխա և այլ կերպարային-հոգեբանական վիճակներ։ Ինձ համար դա շատ հետաքրքիր էր, որովհետև այստեղ ես պարզապես չէի երգում կերպարի մասին, այլ պետք է ֆիզիկապես և ձայնով դառնայի այդ կերպարը։ Կերպարների փոփոխության հետ փոխվում էին ձայնիս տեմբրը, խոսքի ձևը, մարմնի վիճակը, միմիկան, շարժումը, էմոցիոնալ հոգեվիճակը։ Երբեմն փոփոխությունը շատ արագ էր տեղի ունենում, և նույնիսկ շատ կարճ երաժշտական հատվածում պետք էր անցնել մի կերպարից մյուսը։ Դա ինձ համար իսկապես մեծ մարտահրավեր էր՝ և՛ վոկալ-տեխնիկական, և՛ թատերական առումով։ Բայց հենց այդ պատճառով էլ շատ հետաքրքիր էր։ Ես զգում էի, որ ձայնը, մարմինը և կերպարը մեկ ամբողջություն են դառնում։

Ինձ նույնիսկ հետաքրքիր էր այն, որ գալա համերգի օրը այդ բոլոր կերպարներն արդեն այնքան էին «ընկերացել» ինձ հետ, որ բեմ բարձրանալիս թվում էր՝ ես միայնակ չեմ։ Ինձ ուղեկցում են այդ բազմաշերտ կերպարները՝ իրենց ցինիզմով, անմարդկային դաժանությամբ, սիրով, քնքշանքով։ Կարծես այդ զինվորի մասնատված ներաշխարհն ամբողջությամբ ներծծվել էր իմ մեջ։

Մյուս ստեղծագործությունը Էրիկա Մարկոսյանի «Anamnesis Doloris»-ն էր՝ գրված սոպրանոյի, ալտի և դաշնամուրի համար, Տաթև Չախեյանի տեքստով։ Այդ ստեղծագործության մեջ ինձ համար հետաքրքիր էր մեկ այլ բան՝ ձայնի և ներքին զգացողության հարաբերությունը։ Այստեղ նույնպես կատարողը պարզապես երաժշտական նյութ չի վերարտադրում․ պետք է ամբողջությամբ մտնի ստեղծագործության ներքին տարածքի մեջ։ Ինձ համար կարևոր է, որ ստեղծագործությունը կատարելու ժամանակ ես ոչ միայն տեխնիկապես կարողանամ անել այն, ինչ գրված է պարտիտուրում, այլ կարողանամ գտնել դրա ներսում իմ ներկայությունը։ Ուրախալի էր, որ եզրափակիչ փուլ անցած վեց ստեղծագործություններից հենց այդ երկու ստեղծագործություններն էլ մրցույթում արժանացան առաջին երկու մրցանակներին։ Էրիկա Մարկոսյանի «Anamnesis Doloris»-ը արժանացավ առաջին, իսկ Նիկոդեմ Կլուչինսկու «Ողբացող զինվորի հիշատակը»՝ երկրորդ մրցանակի։

-Մանսուրյան մրցույթն էր, որ խթանեց ձեր ներգրավումը արդի արվեստի այլ նախաձեռնություններին:

-Ես շատ ուրախ եմ, որ այս տարի նաև մասնակցեցի «Notations Lab & Festival ’26»-ին։ Այդ փորձն ինձ համար շատ կարևոր էր, որովհետև այնտեղ կարողացա միաժամանակ ներկայանալ որպես վոկալիստ, թատերական արտիստ, նկարիչ և պերֆորմանս արտիստ։ Փառատոնի շրջանակում աշխատեցի յոթ կոմպոզիտորների հետ և կատարեցի նրանց ստեղծագործությունները։ Կոմպոզիտորներից մեկի՝ բրիտանացի-ֆիլիպինցի Zygmund de Somogyi-ի հետ նաև ստեղծեցինք «Goodbye Juliet (aka Love, Love Loooooooove)» ստեղծագործությունը՝ ձայնի, խառը անսամբլի և էլեկտրոնիկայի համար։ Տեքստի հեղինակը ես էի։

Notations-ի ընթացքում նաև պերֆորմանս արեցի կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի էլեկտրոնային երաժշտության ուղեկցությամբ։ Եվ հենց այդտեղ իմ պերֆորմատիվ նկարչությունն առաջին անգամ այդպիսի ամբողջական ձևով բարձրացավ բեմ։ Ես ուզում էի, որ նկարչությունը պարզապես տեսանելի չլինի, այլ նաև հնչի։ Երբ վրձինը դիպչում է կտավին, երբ նյութը տարածվում է մակերեսի վրա, երբ ինչ-որ բան քերվում, ճեղքվում կամ այրվում է, այդ գործողությունն արդեն ունի իր ձայնը, հնչողությունը։ Ես ուզում էի մտնել երաժշտության մեջ ոչ միայն իմ ձայնով, այլ ամբողջ մարմնով և նկարչական գործողությամբ։ Այդ ընթացքում ես միաժամանակ երգում էի և նկարում։ Կտավի, վրձնի և նյութերի հետ շփումը դառնում էր պերֆորմանսի մի մասը։ Ինձ համար շատ հետաքրքիր էր այն, որ նկարելն այլևս լուռ գործողություն չէր։ Այն սկսեց ունենալ ռիթմ, ձայն, ֆիզիկական ներկայություն։ Ինձ հետաքրքրում է այն, որ աշխատանքը տեղի է ունենում հենց այդ պահին և հենց այդ տարածքում։

Ես չեմ ուզում միայն ստեղծել մի առարկա, որը հետո կարելի է կախել պատից և դիտել որպես ավարտված առարկա։ Ինձ հետաքրքրում է գործողությունը, ընթացքը, նյութի հետ շփումը, մարմնի ներկայությունը։ Այդ պերֆորմանսի ընթացքում այրեցի կտավի մի քանի հատված։ Հետո անցա կտավի հետևի կողմը և սկսեցի շարունակել նկարել հենց այդ այրված ճեղքերից։ Այդ պահին ես կարծես ընկղմվեցի կտավի մեջ և նույնացա նրա հետ։

-Ինչպե՞ս էր այդ՝ մեղմ ասած «արտասովոր» տեսարանին հաղորդակցվում ունկնդիրը, հանդիսատեսը:

-Ստեղծագործության ներկայացումից հետո ինձ շատ էին հարցնում՝ ինչո՞ւ այրեցի կտավը, ինչո՞ւ մտա կտավի մեջ, ինչո՞ւ հենց կտավի հետևից՝ առանց տեսնելու այն, շարունակեցի նկարել այդ ճեղքերից։ Ինձ համար կտավը բացարձակ իրականությունն է, որի մեջ մենք և՛ կանք, և՛ չկանք։ Մենք ապրում ենք այդ իրականության մեջ, բայց միաժամանակ անընդհատ փորձում ենք հասկանալ դրա սահմանները։ Կրակով բացված, մոխրացած և փոշիացած ճեղքը ինձ համար հենց այդ իրականության ճեղքումն է։ Ես չէի ուզում պարզապես պատկերել այդ ճեղքը։ Ուզում էի անցնել դրա միջով։ Երբ մտնում եմ կտավի մեջ, ինձ համար դա կարծես այն իրականության ճեղքումն է, որի մեջ գտնվում եմ։ Իսկ երբ անցնում եմ մյուս կողմը և շարունակում նկարել, գործողությունը դառնում է ոչ միայն նկարչություն, այլ նաև այդ սահմանը խախտելու գործողություն։ Եվ դա արդեն պարզապես փորձ չէ․ այո՛, ես խախտում եմ այդ սահմանը։

Այդ պատճառով էլ ինձ համար աբստրակտ նկարչությունն ու ժամանակակից երաժշտությունը շատ մոտ են։ Երկուսն էլ կարող են մարդուն դուրս բերել սովորական ընկալման ձևից։ Երկուսն էլ կարող են ստեղծել մի տարածք, որտեղ ամեն ինչ չէ, որ պետք է անվանել, բացատրել կամ ճանաչել։ Երբեմն արվեստը պետք է ոչ թե պատմություն պատմի, ոչ թե հաճելի լինի կամ պարզապես գեղեցկացնի մեր գոյությունը, այլ մեզ ինչ-որ բանի ներկայության մեջ դնի։

-Այնուամենայնիվ, վերադառնալով մեր զրույցի առաջին հարցին, ի վերջո Զոյա Սարգսյանը երգչուհի՞ է, թե՞ նկարչուհի…

-Ես չեմ ուզում ընտրել՝ երգչուհի եմ, թե նկարիչ։ Չեմ ուզում իմ արվեստը բաժանել առանձին մասերի և ասել՝ սա երաժշտությունն է, սա նկարչությունն է, սա պերֆորմանսն է։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է՝ ինչ կարող է առաջանալ, երբ դրանք ամբողջությամբ ներթափանցում են միմյանց մեջ։ Կարծում եմ՝ ամբողջ արվեստը մեկ մարդու մեջ կարող է գոյություն ունենալ ոչ թե այն պատճառով, որ մարդը շատ տարբեր բաներով է զբաղվում, այլ որովհետև այդ տարբեր արվեստների հիմքում կարող է լինել նույն ներքին շարժումը։ Ինձ համար արվեստը հատկապես ամբողջական է այն ժամանակ, երբ ես ինքս դեռ ամբողջությամբ չգիտեմ, թե ինչ է լինելու հաջորդ պահին։ Երբ նյութը, ձայնը, մարմինը կամ տարածությունը կարող են ինձ տանել մի տեղ, որը նախապես չէի նախատեսել։ Այդ անորոշությունն ինձ համար վտանգ չէ, այլ խորհրդավոր մի տարածք, որտեղ սկիզբ է առնում ստեղծագործությունը։ Եվ երևի այս պահին ես հենց այդ տարածքն եմ ուսումնասիրում՝ այն սահմանային տարածքը, որտեղ ձայնը կարող է դառնալ գույն, գույնը՝ գործողություն, գործողությունը՝ երաժշտություն, իսկ մարմինը՝ այն ամբողջ տարածքը, որի մեջ այս ամենը կարող է տեղի ունենալ։

Զրույցը՝ Սամվել Դանիելյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930