2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով զոհերի եւ անհայտ կորածների ընտանիքները մինչ օրս չունեն որեւէ կարգավիճակ։ Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 219, վիրավորվել ավելի քան 300 մարդ։ Եվս 22 անձ անհայտ կորած են համարվում։
Դեռեւս մեկ տարի առաջ զոհերի հարազատները նամակով դիմել էին Հայաստանի կառավարությանը՝ բարձրաձայնելով այս ընտանիքների անորոշ կարգավիճակի հարցը։ Նամակում նշվում էր, որ զոհերը շարունակում են մնալ անորոշ իրավական կարգավիճակում, իսկ նրանց ընտանիքները՝ առանց պետական աջակցության եւ փոխհատուցման։
Այս ընտանիքներին կարգավիճակ տալու հարցը պարբերաբար բարձրաձայնում են ինչպես Արցախի իշխանության ներկայացուցիչները, իրավապաշտպանները, այնպես էլ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները։
Պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ այս պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի նաեւ պայթյունը: Ուստի, պայթյունի զոհերը պետք է հավասարեցվեն պատերազմական զոհերին, նրանց ընտանիքների անդամներին պետք է տրվի համարժեք կարգավիճակ: Բայց պայթյունից երեք տարի անց պայթյունի զոհերի հարազատները որեւէ կարգավիճակ չունեն, ՀՀ կառավարությունից որեւէ աջակցություն չեն ստացել, ապրում են ծայրահեղ կարիքի մեջ:
Կարդացեք նաև
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն էլ ասել է, որ ԱԺ-ում հանդես է գալու այդ ընտանիքներին կարգավիճակ տրամադրելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ։
Արցախից բռնի տեղահանված Ալյոնա Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Գրիգորյանը զոհվել է վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով։ Ալյոնայի 5 հոգանոց ընտանիքը սոցիալական վատ պայմանների հետեւանքով երեք մասի է բաժանվել։ Չկարողանալով վճարել բնակարանի վարձավճարը՝ ընտանիքը դուրս է եկել բնակարանից, ներկայում Ալյոնան իր երկու դուստրերի հետ բնակվում է քրոջ տանը, սկեսուրը՝ իր դստեր տանը, իսկ Ալյոնայի որդին ստիպված մեկնել է արտագնա աշխատանքի։ Ալյոնան ասում է, որ երկու տեղ է աշխատել, բայց վաստակել է ընդամենը 160 հազար դրամ, իսկ տան վարձավճարը 190 հազար դրամ էր։
«Առավոտ»-ի հետ զրույցում Ալյոնա Գրիգորյանն ասաց, որ իրենց կարգավիճակում գտնվող արցախցի շատ ընտանիքներ այսօր նույն սոցիալական վիճակում են գտնվում, քանի որ որեւէ հատուկ աջակցություն չեն ստանում։
«Այս ընտանիքները միայն օգտվում են կերակրողին կորցնելու ծրագրից, անչափահաս երեխաներն են օգտվում 30 հազարական դրամ աջակցությունից։ Բայց կոնկրետ աջակցություն չկա սահմանված մեր ընտանիքների համար առանձին։ Օրինակ՝ իմ ընտանիքում երեք երեխաներս չափահաս են արդեն, միայն սկեսուրս է օգտվում 30 հազար դրամ աջակցության ծրագրից, որից բոլոր թոշակառուներն էլ օգտվում են»,- ասաց նա։
Ալյոնա Գրիգորյանի խոսքով՝ իրենք կարգավիճակի հարցը բարձրաձայնում են, քանի որ առաջին հերթին ուզում են, որպեսզի մեղավորները բացահայտվեն ու պատժվեն։
«Երկրորդ հարցը այն է, որ ուզում ենք, որպեսզի մեր կարգավիճակը հավասարեցվի մարտական գործողությունների ժամանակ զոհերի կարգավիճակին, որովհետեւ դատարանը պայթյունը ճանաչել է որպես ռազմական գործողությունների հետեւանք։ Բնականաբար, ռազմական գործողությունների հետեւանքի հետ կապված կարգավիճակ պետք է տրվի այս ընտանիքներին, որովհետեւ եթե չլինեին ռազմական գործողությունները, չէր լինի նաեւ այդ պայթյունը»,- նշեց նա։
Ալյոնա Գրիգորյանի խոսքով՝ պայթյունի հետ կապված մի քանի վարկածներ են շրջանառվում
«Առաջին վարկածն այն է, որ այն կազմակերպվել է ադրբեջանցիների կողմից, դիվերսիոն հարձակում է եղել։ Կա վարկած, որ դա տեղի է ունեցել անվտանգության կանոնների չպահպանման հետեւանքով։ Ասում են՝ որ իբր մարդիկ այնտեղ ծխախոտ են ծխել, չեն պահել անվտանգության կանոնները։ Այսինքն՝ եւ կա վարկած, որ հնարավոր է պայթյունը կազմակերպել է ադրբեջանական կողմը, եւ կա տեսակետ, որ չեն պահպանվել անվտանգության կանոնները։ Մենք պահանջում ենք, որպեսզի լիարժեք քննություն տարվի, հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։
Նախորդ տարի մարտին մենք հանդիպել ենք Քննչական կոմիտեի նախագահի հետ, մեզ հետ էին նաեւ պայթյունի հետեւանքով անհայտ կորածների ծնողները։ Մենք այնտեղ էլ ենք ասել, որ մեր առաջին նպատակն այն է, որպեսզի մեղավորները վեր հանվեն ու պատժվեն։ Դա հասարակ բենզալցակայան չէր, որ հասանելի լինի ցանկացածի համար, դրանք բանակին պատկանող պահեստներն էին, մենք էլ բոլորս գիտենք, որ բանակը Պաշտպանության նախարարության բալանսում էր գտնվում։ Այսինքն՝ ինչպե՞ս է ստացվել, որ մի օբյեկտ, որը մինչեւ այդ օրը առավոտյան հսկվում էր, երեկոյան ո՞ւմ հրամանով ու ինչի՞ հետեւանքով է դարձել անվերահսկելի, որ հազարին մոտ հասնող մարդ հայտնվել է այդ տարածքում։ Որտե՞ղ էր ոստիկանությունը, որտե՞ղ էին ԱԱԾ ծառայողները, որտե՞ղ էր պահակախումբը։ Եվ ոչ ոք մեր այս հարցրերին չի կարողանում պատասխանել՝ բանակի ղեկավարից, ՆԳ նախարարից սկսած մինչեւ Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։ Իսկ Արցախի ԱԱԾ տնօրենը կորել է, չենք կարողանում գտնել, որ հանդիպենք հետը, չի գալիս»,- նշեց նա։
2023 թվականի հոկտեմբերին ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով։ Պայթյունից անցել է երեք տարի, բայց այս գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է, մինչ այսօր որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ:
ՀՀ դատարանները մի շարք վճիռներով արձանագրել են վառելիքի պահեստի պայթյունի կապը ռազմական գործողությունների հետ։ Փաստաբաններն ասում են՝ այս որոշումները կարեւոր նշանակություն ունեն պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքների՝ «Զինապահ» հիմնադրամի շահառու ճանաչվելու հարցի համար։
Արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի այդ վճիռներով պատերազմական գործողությունների հետ կապը հաստատվել է որպես իրավաբանական փաստ։ «Սակայն ինչ վերաբերում է կարգավիճակ տալուն, Վարչական դատարան կարգավիճակ տալուն պարտավորեցնելու մասով դիմում մուտք չի եղել։ Այսինքն՝ պետական մարմինը, որը մերժել է կարգավիճակ տալը, այդ պետական մարմնի գործողությունը, ինչքանով ես եմ տեղեկացված, չի վիճարկվել դատարանում եւ դրա վերաբերյալ դատական ակտ չկա։ Այն, որ փաստը հաստատվել է, որ վառելիքի պահեստի պայթյունը կապ ունի ռազմական գործողությունների հետ, պետական մարմինների համար բավարար չէ, որպեսզի անձանց կարգավիճակ տան, պետք է դիմել Վարչական դատարան, պարտավորեցնել պետական մարմնին անձանց տալ օրենսդրությամբ կարգավորվող կարգավիճակ»,- նշեց նա։
Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ տուժածների ընտանիքները պետք է նախաձեռնեն այդ գործընթացը՝ դիմելով փաստաբաններին․ «Բայց լավ կլինի, որ պետական ապարատը միանգամից հարցը լուծի եւ մարդկանց դատական քաշքշուկի մեջ չգցի»։
Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ այդ ընտանիքներին պետք է հստակ կարգավիճակ տրվի, նրանց կարգավիճակը պետք է հավասարեցվի պատերազմի զոհերի ընտանիքների կարգավիճակին, քանի որ Արցախում արտակարգ դրություն էր հայտարարված այն ժամանակ, երբ այդ անձինք զոհվել են։
«Նրանք զոհվել են պատերազմական գործողությունների, բլոկադայի հետեւանքով։ Եթե բլոկադա չլիներ, բենզինի պակասուրդի հարց չէր լինի, այդքան մարդ այնտեղ չէր հավաքվի։ Պատերազմ չլիներ, պայթյունը չէր լինի։ Մինչեւ այսօր դեռ պարզ չէ՝ ինչի՞ հետեւանքով է պայթել վառելիքի պահեստը՝ անօդաչու սարք է հարվածել, թե՞ անվտանգության կանոնները չեն պահպանվել։ Դա եղել է պահեստ, որը ՀՀ Զինված ուժերի վերահսկողության տակ է եղել, այնտեղ գտնվող վառելիքն իրենց անմիջական վերահսկողության տակ է գտնվել»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ






















































