Աշխարհիկ կազմակերպության համար բնական է, որ ղեկավարը պաշտոնավարում է ընտրության պահից, իսկ նույն մարմինը, որոշակի ընթացակարգով, կարող է նաև պահանջել նրա հրաժարականը։ Սակայն Եկեղեցու պարագայում այդ գործընթացը նույնական չէ։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Ազգային-Եկեղեցական Ժողովը բարձրագույն այն մարմինն է, որի իրավասությունների ներքո է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը։
Սա կարևոր հանգամանք է, որովհետև Կաթողիկոսի ընտրությունը Հայ Եկեղեցու կյանքի ամենաբարձր և ամենապատասխանատու եկեղեցական գործընթացներից մեկն է։ Եկեղեցական ժողովը սկասվում է աղոթքով, Աստծու առաջ պատասխանատվության գիտակցությամբ և այն ընթանում է Սուրբ Հոգու առաջնորդությամբ։
Գործք Առաքելոց գրքի 15-րդ գլխի վկայության համաձայն՝ Երուսաղեմի Առաքելական ժողովը, քննելով Եկեղեցու համար կարևորագույն հարցեր, իր որոշումը ձևակերպում է հետևյալ խոսքերով. «Հաճելի թվաց Սուրբ Հոգուն և մեզ» (Գործք 15.28)։ Այս արտահայտության մեջ ամբողջությամբ բացահայտվում է եկեղեցական ժողովի բնույթը։
Առաքյալները չեն ասում՝ «մենք որոշեցինք»։ Նրանք իրենց որոշումը հասկանում են որպես Սուրբ Հոգու առաջնորդության ներքո կատարված եկեղեցական որոշում։ Հենց սա է եղել նաև տվյալ եկեղեցական ժողովական գիտակցության չափանիշը։
Կարդացեք նաև
Հետևաբար, երբ Եկեղեցու իրավասու ժողովը, աղոթքով և եկեղեցական կարգով, ընտրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այդ գործողությունը պետք է ընկալվի ոչ թե որպես աշխարհիկ ընտրական գործընթաց, այլ որպես Եկեղեցու աղոթական և ժողովական ծառայություն՝ Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Այսպիսով՝ Եկեղեցական ժողովը չի կարելի նույնացնել խորհրդարանի, քաղաքական կուսակցության համագումարի կամ որևէ աշխարհիկ կազմակերպության ժողովի հետ։
Հայ Եկեղեցու կանոնական ավանդության համաձայն՝ կաթողիկոսը ընտրվում է Ազգային-Եկեղեցական Ժողովով, ցմահ, և ապա ձեռնադրվում ու օծվում է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Կաթողիկոսական օծումը վկայում է, որ Կաթողիկոսի ծառայությունը պարզապես վարչական պաշտոն չէ։ Կաթողիկոսը ստանձնում է հոգևոր և հայրապետական ծառայություն Քրիստոսի Եկեղեցու մեջ, այսինքն՝ ստանձնում է բացառիկ սրբազան ծառայության հանձնառություն։
Այսպիսով՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար Կաթողիկոսի ընտրությունը պետք է հասկանալ երեք իրողությունների միասնության մեջ. Ժողով-Սուրբ Հոգու առաջնորդություն-Օծում։ Հետևաբար՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարզապես «ընտրված ղեկավար» չէ։ Նա Եկեղեցու կողմից ընտրված, Եկեղեցու սրբազան կարգով օծված և Քրիստոսի Եկեղեցում ծառայության կոչված Հայրապետ է։
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական կենսագրությունը հստակ արձանագրում է, որ Հայոց Հովվապետը 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-Եկեղեցական Ժողովում ընտրվել է Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց, իսկ նոյեմբերի 4-ին ստացել է կաթողիկոսական ձեռնադրություն և օծում։
Ըստ այդմ, եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընտրվել է Հայ Եկեղեցու բարձրագույն իրավասու ժողովի կողմից, և այդ ընտրությունից հետո ստացել է կաթողիկոսական ձեռնադրություն և օծում, ապա նրա պաշտոնավարման հարցը չի կարող վերածվել աշխարհիկ քաղաքական պահանջի։ Որևէ անհատ, խումբ, քաղաքական ուժ կամ պետական կառույց չի կարող իրեն վերապահել այն իրավասությունը, որը պատկանում է Եկեղեցու կանոնական մարմնին։ Որովհետև Կաթողիկոսական ընտրությունը զուտ մարդկային կամ վարչական գործընթաց չէ, այլ աստվածմարդկային իրողություն։ Ընտրությունը չի կատարում միայն ժողովը՝ իր մարդկային պատասխանատվությամբ, այլև տեղի է ունենում Սուրբ Հոգու առաջնորդությամբ և ներգործությամբ։ Ուստի՝ այդ ընտրության նկատմամբ առկա է նաև Աստվածային հաճությունը, և ընտրված Կաթողիկոսի ծառայությունը պետք է ընկալել այդ աստվածայինի և մարդկայինի համագործակցության խորհրդի լույսի ներքո։
Հետևաբար, երբ Կաթողիկոսի հեռացումը ներկայացվում է որպես պարզապես վարչական բնականոն գործընթաց, առանց հաշվի առնելու նրա ընտրության աստվածայինի և մարդկայինի համագործակցության բնույթը, այդպիսի մոտեցումը կարող է վերածվել Սուրբ Հոգու առաջնորդության դեմ պայքարի։ Որովհետև մարդը, իր անձնական կամ խմբային կամքի հիման վրա Կաթողիկոսի հեռացումը պահանջելով, իրեն վերապահում է այնպիսի իշխանություն, որը վեր է դասում մարդկային կամքը այն ընտրությունից, որ կատարվել է Եկեղեցու ժողովական մարմնի միջոցով՝ Սուրբ Հոգու առաջնորդությամբ։
Ուստի Կաթողիկոսի ընտրության հանդեպ հարգանքը միայն ընտրված անձի հանդեպ հարգանք չէ. այն նախևառաջ հարգանք է Եկեղեցու խորհրդի, ժողովական կարգի և Սուրբ Հոգու առաջնորդության նկատմամբ։
Եթե այսօր փողոցի, քաղաքական ճնշման կամ հասարակական պահանջի միջոցով փորձ է արվում հեռացնել Եկեղեցու կողմից ընտրված և օծված Հայրապետին, ապա վաղը նույն մեխանիզմը կարող է կիրառվել եկեղեցական ցանկացած հարցի վերաբերյալ, դրանք լինեն դավանաբանական-վարդապետական, ծիսական կամ հենց եկեղեցում դարերով ամրագրված աստվածային ճշմարտությունների վերաբերյալ, իսկ արդյունքում կխեղաթյուրվի 1700-ամյա Եկեղեցում դարերով ամրագրված հավատքի ճշմարտությունները և Եկեղեցին դուրս կմղվի իր հոգեփրկչական առաքելության ծիրից։ Այդ պարագայում այլևս կանոնական Եկեղեցի չենք ունենա, այլ կունենանք աշխարհիկ ճնշումներին ենթակա ինչ-որ կառույց։
Հետևաբար՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության, քաղաքական խմբի, առանձին անհատի կամ փողոցային պահանջի միջոցով։
Տեր Գաբրիել քահանա Վարդանյան



















































