Լրահոս
Օրվա լրահոսը

TRIPP-ի փորձությունը. Մի ճանապարհ, բազմաթիվ շահեր

Սեպտեմբեր 29,2026 12:00 Share

Խաղաղության հույսից դեպի նոր աշխարհաքաղաքական մրցակցության

Խաղաղությունից հետո ինչպիսի տարածաշրջան է ձեւավորվելու

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացված TRIPP-ին՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծին նվիրված միջոցառումը վկայեց այն մասին, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շուրջ ամերիկյան քաղաքականությունը մտել է նոր փուլ։ Այժմ հիմնական հարցն է, թե ինչպես 2025-ի օգոստոսյան համաձայնությունը վերածել տնտեսական, ֆինանսական եւ ենթակառուցվածքային իրականության։

Նյու Յորքի միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Մոնտանայից հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսը, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մասնավոր հատվածի ավելի քան 40 ընկերությունների ղեկավարներ։ Քննարկումների առանցքը TRIPP-ը քաղաքական համաձայնությունից գործնական իրականացման փուլ տեղափոխելն էր՝ ֆինանսավորման, կառավարման մեխանիզմների եւ ենթակառուցվածքային պլանավորման միջոցով։

Ամերիկացի պաշտոնյաների ներկայացմամբ՝ Վաշինգտոնն այժմ փորձում է պատասխանել մի հարցի, որը քաղաքական համաձայնությունից հետո անխուսափելիորեն առաջանում է՝ «ինչ է տեղի ունենալու փաստաթուղթը ստորագրելու հաջորդ օրը»։ Այդ ձեւակերպումն էապես փոխում է TRIPP-ի վերաբերյալ քննարկման տրամաբանությունը. խոսքն արդեն ոչ միայն խաղաղության հաստատման, այլ խաղաղությունից բխող տնտեսական շահերի համակարգի ձեւավորման մասին է։

Միջոցառումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանի աշխատանքը կենտրոնացած է TRIPP-ի կյանքի կոչման վրա։ Նրա գնահատմամբ՝ նախագիծը «նոր դարաշրջան կբացի» Հայաստանի եւ նրա տնտեսության համար, ամբողջությամբ կբացի տարածաշրջանային կապակցվածության հնարավորությունները եւ կյանքի կկոչի «Խաղաղության խաչմերուկը»։ Նա նաեւ նշել էր, որ խաղաղության հաստատման պայմաններում Հայաստանի ներդրումային գրավչությունը հետեւողականորեն աճելու է։

Միաժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված խաղաղությունն աննախադեպ իրադարձություն է համաշխարհային մասշտաբով՝ շեշտելով, որ Բաքուն իրեն համարում է խաղաղության օրակարգի նախաձեռնողն ու հեղինակը։

Այսինքն, Երեւանը շեշտը դնում է խաղաղության տնտեսական եւ հաղորդակցային արդյունքների վրա, Բաքուն՝ գործընթացի քաղաքական հեղինակության։ Բայց երկու դեպքում էլ ակնհայտ է, որ օրակարգն արդեն անցել է միայն պատերազմի եւ խաղաղության հարցից այն կողմ. կենտրոնում է հարցը, թե խաղաղությունից հետո ինչպիսի տարածաշրջան է ձեւավորվելու։

«TRIPP-ի տնտեսական ներուժը ավելի հստակ է դարձել միջազգային մատակարարման շղթաների» տեսանկյունից 

Նյու Յորքի միջոցառումից առաջ «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն հայտնել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվում է հայտարարել Անդրկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի՝ Trans-Caspian Enterprise Fund-ի ստեղծման մասին։ Ըստ հրապարակման՝ հիմնադրամը TRIPP+ նախագծի պաշտոնական իրավաբանական անվանումն է, եւ դրա ներկայացումը պետք է դառնար TRIPP-ի ինստիտուցիոնալ զարգացման հաջորդ քայլերից մեկը։

Ամերիկացի պաշտոնյաների ներկայացմամբ՝ TRIPP-ը պետք է Հայաստանի հարավով ապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցություն՝ միաժամանակ ձեւավորելով ավելի լայն արեւելք-արեւմուտք առեւտրային կապ Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ արեւմտյան շուկաների միջեւ։ Նախատեսվող՝ մոտ 43 կիլոմետրանոց հատվածը պետք է ներառի երկաթուղի, ավտոճանապարհներ, էներգետիկ ենթակառուցվածքներ եւ թվային կապուղիներ։

Սակայն այստեղ անհրաժեշտ է տարբերակել քաղաքական հայտարարությունները իրականությունից։ Նյու Յորքի միջոցառման նախօրեին ամերիկացի պաշտոնյաները շեշտել էին, որ Հայաստանի տարածքով անցնող հատվածի շինարարությունը դեռեւս չի սկսվել։ Տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները նախատեսվում է ավարտել 2026-ի վերջին կամ 2027-ի սկզբին, որից հետո կարող է սկսվել ներդրողների եւ նախագծերում ներգրավվող ընկերությունների որոնումը։ Երկաթուղու կառուցումն ինքնին, ըստ ներկայացված գնահատականի, մեկնարկից հետո առնվազն 18 ամիս կպահանջի։ Էներգետիկ կապերը, սակայն, կարող են ավելի արագ գործարկվել, եւ էլեկտրաէներգիայի փոխանցման հնարավոր մեկնարկը նշվում է արդեն 2027-ի համար։

Այսինքն, անհրաժեշտ է մեխանիզմների ձեւավորում, որոնց միջոցով ապագայում պետք է հնարավոր դառնա շինարարությունը։ Այդ նպատակով ԱՄՆ-ն ու Հայաստանը ձեւավորում են TRIPP Development Company-ն՝ համատեղ կորպորատիվ կառույց, որում, ամերիկյան կողմի ներկայացմամբ, Միացյալ Նահանգները կունենա բաժնեմասերի մեծամասնությունը։ Նախատեսվում են տնօրենների խորհուրդ, վերահսկողության մեխանիզմներ եւ մասնագիտական կառավարում։ Միաժամանակ TRIPP Development Company-ն առանձին է Անդրկասպյան ձեռնարկությունների հիմնադրամից։ Վերջինս նախատեսված է ավելի լայն Անդրկասպյան առեւտրային ուղու երկայնքով մասնավոր ներդրումներ ներգրավելու համար։

Երկաթուղու, ճանապարհների, էլեկտրաէներգիայի, նավթի, գազի եւ տվյալների փոխանցման ենթակառուցվածքների նախագծերը պետք է անցնեն կոմերցիոն գնահատում եւ, համապատասխան դեպքերում, մրցութային կամ կոնցեսիոն ընթացակարգեր։ Սա նշանակում է, որ TRIPP-ի իրականացման հաջորդ փուլը ոչ թե մեկ միասնական շինարարական ծրագիր է, այլ փոխկապակցված բազմաթիվ նախագծերի ֆինանսական եւ տեխնիկական կենսունակության ստուգում։

Այդ տարբերությունն ընդգծել էր նաեւ Ալեքս Ռաուֆօղլուն միջոցառումից հետո հրապարակված նյութում։ Նրա ներկայացմամբ՝ Վաշինգտոնը փորձում է դիվանագիտական առաջընթացը վերածել տնտեսական եւ ենթակառուցվածքային նախագծի։

Այս առումով հատկապես կարեւոր էին Սթիվ Ուիթքոֆի ձեւակերպումները։ Նա TRIPP-ը ներկայացրել է որպես խաղաղության գործընթացի տնտեսական շարունակություն։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու քաղաքական առաջընթացը պայմանավորված է եղել նաեւ Թրամփի անձնական ներգրավվածությամբ։ Ուիթքոֆը հիշատակել է ինչպես Թրամփի «Կարգավորեք դա» արձագանքը, այնպես էլ Սպիտակ տանը Փաշինյանի եւ Ալիեւի ձեռքսեղման դրվագը՝ այն ներկայացնելով որպես տասնամյակների թշնամանքից հետո փոփոխության խորհրդանշական պահ։

Սակայն Նյու Յորքում Ուիթքոֆի ուղերձի առանցքը ծրագրի տնտեսական բովանդակությունն էր։ Նրա խոսքով՝ TRIPP-ի տնտեսական ներուժը ավելի պարզ է դարձել միջազգային մատակարարման շղթաների ուսումնասիրության տեսանկյունից։ «Այժմ բոլորի ուշադրության կենտրոնում ապրանքների փոխադրումն ու դրանք շուկա հասցնելու արագությունն է», – ասել է նա՝ վկայակոչելով գնահատականներ, որոնց համաձայն այս երթուղին կարող է որոշ բեռնափոխադրումների տեւողությունը կրճատել երկուսուկեսից երեք շաբաթով։ Նրա խոսքով՝ TRIPP-ը կարող է օգնել շրջանցել համաշխարհային առեւտրում առկա «խոչընդոտները» եւ միմյանց կապել այն շուկաները, որոնք այժմ բաժանված են բարդ կամ անարդյունավետ տարանցիկ երթուղիներով։

«Ամբողջ աշխարհը նորից կկապվի», – նկատել է Ուիթքոֆը։ Նա ընդունել է, որ նախագծի նշանակությունն ի սկզբանե պարզ չէր բոլոր ներգրավված կողմերի համար. ըստ Սպիտակ տան բանագնացի՝ դրա ներուժն ավելի ակնհայտ է դարձել, երբ պաշտոնյաները սկսել են ուսումնասիրել նախագծի կապը Անդրկասպյան ավելի լայն առեւտրային ուղու հետ։ Ուիթքոֆն ակնկալում է, որ նախագիծը «հսկայական ներդրումներ» կբերի՝ հատկապես Հայաստան, քանի որ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ երկրի աշխարհագրական դիրքը գնալով ավելի մեծ առեւտրային նշանակություն է ստանում։

Ամերիկյան կապիտալը, Միջին միջանցքը եւ տարածաշրջանային մրցակցությունը

Այս փուլում TRIPP-ը դուրս է գալիս բացառապես հայ-ադրբեջանական հարաբերությունների շրջանակից։ Վաշինգտոնի ներկայացրած մոդելը այն կապում է Միջին միջանցքի՝ Անդրկասպյան ավելի լայն առեւտրային համակարգի հետ։ Այստեղ արդեն միաժամանակ առկա են տնտեսական, տարանցիկ եւ աշխարհաքաղաքական շահեր։

Atlantic Council-ի Եվրասիայի կենտրոնի փոխտնօրեն Էնդրյու Դ’Անիերին «Ազատության» հետ զրույցում նշել է, որ TRIPP-ի առաջմղումը եւ Անդրկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի մասին հայտարարությունը տարածաշրջանի պաշտոնյաների եւ ամերիկյան խոշոր ընկերությունների ներկայությամբ ցույց են տալիս ԱՄՆ-ի տնտեսական ներգրավվածության լրջությունը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ բուն TRIPP-ը ավելի դանդաղ կշարժվի՝ տեխնիկական բարդության եւ աշխարհաքաղաքական զգայունության պատճառով։

Այս գնահատականը կարեւոր է, որովհետեւ թույլ է տալիս տարբերակել երկու գործընթաց։ Կապիտալ ներգրավելու փորձը կարող է սկսվել ավելի շուտ, մինչդեռ ենթակառուցվածքի ստեղծումը տարիներ պահանջող գործընթաց է։ Հետեւաբար,  առաջիկայում TRIPP-ի իրական առաջընթացի չափանիշը դառնալու է ոչ թե հայտարարությունների առատությունը, այլ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ավարտը, ներդրողների առկայությունը, ֆինանսական պարտավորություններն ու մրցույթների անցկացումը։

Այսպիսով, TRIPP-ի տնտեսական տրամաբանության տակ տեսանելի է նաեւ ավելի լայն աշխարհատնտեսական վերադասավորման միտում։ Կենտրոնական Ասիայի շուկաների հասանելիությունը, Եվրոպայի հետ կապը, ամերիկյան ընկերությունների ներգրավվածությունը եւ Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի տարածքով անցնող երթուղիներից կախվածության նվազեցումը նույն գործընթացի տարբեր կողմերն են։

Սակայն հենց այստեղ է ի հայտ գալիս նախագծի գլխավոր աշխարհաքաղաքական բարդությունը։ Եթե Վաշինգտոնը TRIPP-ը դիտարկում է որպես արեւելք-արեւմուտք նոր կապի ձեւավորման գործիք, ապա տարածաշրջանի մյուս դերակատարները նույն գործընթացը կարող են դիտարկել սեփական անվտանգության եւ ազդեցության տեսանկյունից։

Թեհրանը դեմ չէ TRIPP-ին, բայց «կարմիր գծերը» հստակ են

Առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի արձագանքը, որը հնչեց նույն օրերին՝ TRIPP-ի շուրջ ամերիկյան միջոցառումից առաջ։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարեց, որ Թեհրանը դեմ չէ TRIPP-ի իրականացմանը, սակայն շեշտեց երկու պայման։

Առաջինը՝ ծրագիրը չպետք է վնասի Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Երկրորդը՝ տարածաշրջանում պետք է բացառվի ԱՄՆ-ի ռազմական կամ անվտանգային ներկայությունը։ Իրանի դեսպանը նաեւ ընդգծել է, որ Թեհրանի համար անընդունելի է Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական կամ տարածքային փոփոխություն։

Այս հայտարարությունը խիստ կարեւոր է։ Թեհրանը, փաստացի, TRIPP-ը չի մերժում։ Ընդհակառակը, դեսպանը հայտարարել է, որ նշված երկու պայմանների պահպանման դեպքում Իրանը որեւէ պատճառ չունի նախագծին դեմ լինելու, եթե այն դրականորեն նպաստի Հայաստանի զարգացմանն ու բարօրությանը։

Այսպիսով, Իրանի դիրքորոշումը կարելի է հասկանալ ոչ թե որպես հաղորդակցությունների բացման դեմ ուղղված դիրքորոշում, այլ այնպիսի հնարավորության դեմ առարկություն, որով հաղորդակցությունների բացումը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի դասավորությունը։ Իրանի դեսպանը նաեւ ընդգծել է Հայաստանի ներուժը՝ Պարսից ծոցը, Հնդկական օվկիանոսը եւ Սեւ ծովը միմյանց կապող հանգույց դառնալու առումով։

Սա Հայաստանի համար կարեւոր հանգամանք է։ Եթե TRIPP-ը դիտարկվում է որպես արեւելք-արեւմուտք կապի բաղադրիչ, ապա Իրանի առաջարկած տրամաբանությունը Հայաստանը տեսնում է նաեւ որպես հարավային ուղղությունների հետ կապող հանգույց։ Այս երկու ուղղությունները պարտադիր չէ, որ միմյանց բացառեն։ Ընդհակառակը՝ Հայաստանի համար հաղորդակցությունների բազմազանեցման քաղաքական իմաստը հենց տարբեր ուղղությունների համադրման հնարավորության մեջ է։

Ուշագրավ էր նաեւ Փաշինյան-Փեզեշքյան հանդիպումը, որը կայացավ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Հայաստան-Իրան համագործակցության ընթացքի վերաբերյալ, կողմերը քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները եւ դրանց ընդլայնմանն ուղղված քայլերը, իսկ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը նրանք կարեւորել են որպես առանձին հարց։

Թեեւ պաշտոնական հաղորդագրությունում TRIPP-ը չի հիշատակվում, սակայն նշյալ հանդիպման ժամանակագրությունը եւ քննարկված հարցերի բնույթը թույլ են տալիս նկատել Երեւանի համար կարեւոր զուգահեռը։ Նյու Յորքում Հայաստանը մի կողմից մասնակցում էր ԱՄՆ-ի նախաձեռնած TRIPP-ի տնտեսականացման գործընթացին, մյուս կողմից բարձր մակարդակով ընդգծում էր Հայաստան-Իրան առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը։

Փաշինյան-Փեզեշքյան հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ TRIPP-ի վերաբերյալ առանձին պայմանավորվածություն կամ գնահատական չի հրապարակվել, սակայն դրա քաղաքական համատեքստը ցույց է տալիս, որ Երեւանը շարունակում է զուգահեռ պահել նաեւ հարավային տնտեսական ուղղությունը։ Այս հանգամանքը հատկապես նշանակալի է Իրանի՝ ԱՄՆ-ի ռազմական կամ անվտանգային ներկայության վերաբերյալ հնչեցրած պայմանների ֆոնին։ Այսինքն, Թեհրանի համար խնդիրը միայն տնտեսական տարանցումը չէ. կարեւոր է, թե այդ տարանցիկ ենթակառուցվածքը ինչ աշխարհաքաղաքական միջավայր է ձեւավորելու։

Ինչ տեղ կունենա Հայաստանը ձեւավորվող նոր հաղորդակցային համակարգում

Նյու Յորքի միջոցառման եւ դրան նախորդած ու հաջորդած հայտարարությունների ամբողջությունը ցույց է տալիս, որ TRIPP-ի շուրջ ձեւավորվում է մի քանի շերտ ունեցող գործընթաց։

Առաջինը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի տնտեսականացումն է։ Վաշինգտոնի տրամաբանությամբ՝ խաղաղությունը պետք է ունենա կոնկրետ տնտեսական շահառուներ, ներդրումներ եւ ենթակառուցվածքային արդյունքներ։ Այդ իմաստով TRIPP-ը խաղաղության քաղաքական գործընթացի շարունակությունն է տնտեսական միջոցներով։

Երկրորդը ամերիկյան տնտեսական ներկայության ընդլայնումն է։ Անդրկասպյան ձեռնարկությունների հիմնադրամը, TRIPP Development Company-ն եւ ամերիկյան մասնավոր ընկերությունների ներգրավումը վկայում են, որ Վաշինգտոնը փորձում է ոչ միայն միջնորդել խաղաղության գործընթացին, այլեւ մասնակցել այն տնտեսական համակարգի ձեւավորմանը, որը կարող է ստեղծվել դրա արդյունքում։

Երրորդը Միջին միջանցքի զարգացումն է։ TRIPP-ը կարող է դառնալ դրա հարավկովկասյան օղակներից մեկը՝ Կենտրոնական Ասիան եւ Կասպից ծովի տարածաշրջանը ավելի անմիջականորեն կապելով արեւմտյան շուկաների հետ։

Չորրորդը՝ տարածաշրջանային մրցակցության խնդիրն է։ Ամերիկյան պաշտոնյաների եւ փորձագետների ներկայացրած գնահատականներում բացահայտորեն առկա է Ռուսաստանի ազդեցության ներքո գտնվող գործող երթուղիներից կախվածության նվազեցման եւ ամերիկյան ներկայության ընդլայնման տրամաբանությունը։ Իրանը, իր հերթին, ընդունում է հաղորդակցությունների զարգացման տնտեսական գաղափարը, բայց փորձում է կանխել դրա աշխարհաքաղաքական վերափոխումը եւ հատկապես ԱՄՆ ներկայության ամրապնդումը։

Այս պայմաններում Հայաստանի համար TRIPP-ի գլխավոր խնդիրը միայն այն չէ, թե նախագիծը որքան արագ կկառուցվի։ Ավելի խորքային հարցն այն է, թե ինչպիսի տեղ կգրավի Հայաստանը ձեւավորվող նոր հաղորդակցային համակարգում։

Փաշինյանի՝ TRIPP-ը «նոր դարաշրջան» բացող նախագիծ համարելը եւ կառավարության «Խաղաղության խաչմերուկի» հետ այն կապելը մատնանշում են Երեւանի հիմնական քաղաքական հաշվարկը՝ տարածաշրջանային ապաշրջափակումը վերածել Հայաստանի տնտեսական եւ աշխարհագրական նշանակության աճի գործոնի։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը չդառնա պարզապես մեկ երթուղու տարածք, այլ կարողանա միաժամանակ օգտվել տարբեր ուղղությունների բացումից։

Այստեղ էլ Իրանի դիրքորոշումը եւ Փաշինյան-Փեզեշքյան հանդիպումը ստանում են լրացուցիչ նշանակություն։ Թեհրանի համար Հայաստանի ինքնիշխանության պահպանումը եւ տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության բացառումը առաջնային պայմաններ են, մինչդեռ Երեւանը փորձում է խորացնել ե՛ւ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը, ե՛ւ Իրանի հետ առեւտրատնտեսական կապերը։ ՀՀ ԱԳՄԱ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հենց TRIPP-ի միջոցառման ընթացքում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման կոնկրետ արդյունքները, իսկ քննարկմանը մասնակցել են նաեւ Վրաստանի, Կենտրոնական Ասիայի եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Այս իրավիճակում Երեւանի համար խնդիրը տարբեր կենտրոնների միջեւ ընտրություն կատարելը չէ միայն։ Ավելի բարդ խնդիր է ստեղծել այնպիսի տնտեսական եւ իրավական միջավայր, որտեղ տարբեր ուղղությունների բացումը փոխլրացնող լինի, ոչ թե մեկը մյուսին բացառող։ TRIPP-ի իրականացումը կարող է մեծացնել Հայաստանի տարանցիկ նշանակությունը, իսկ Իրանի հետ կապերի զարգացումը՝ ընդլայնել այդ նշանակության աշխարհագրությունը դեպի հարավ։

Սակայն դրա համար դեռեւս անհրաժեշտ է հաղթահարել մի շարք անորոշություններ։ TRIPP-ի շինարարությունը դեռեւս չի մեկնարկել, տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները շարունակվում են, իսկ երկաթուղային հատվածի իրականացման ժամկետները երկար են։

Այսպիսով, TRIPP-ը ինչ-որ առումով նաեւ իրական փորձություն է. արդյո՞ք խաղաղության շուրջ ստեղծված քաղաքական կապիտալը հնարավոր կլինի վերածել այնպիսի տնտեսական փոխկապվածության, որը կստիպի տարածաշրջանի պետություններին ոչ միայն խոսել խաղաղության մասին, այլեւ շահագրգռված լինել դրա պահպանմամբ։ Միաժամանակ Հայաստանի համար հիմնական ռազմավարական խնդիրը մնում է ավելի լայն՝ օգտագործել իր աշխարհագրական դիրքը ոչ թե մեկ երթուղու, այլ բազմաուղղություն հաղորդակցային համակարգի վերածվելու համար։

Այս տեսանկյունից Նյու Յորքի միջոցառումն ու դրան զուգահեռ հնչած իրանական կողմի ուղերձները ոչ թե միմյանցից անջատ զարգացումներ են, այլ տարածաշրջանային վերադասվորումների տարբեր կողմերը։ ԱՄՆ-ը փորձում է կառուցել նոր արեւելք-արեւմուտք տնտեսական կապ, Իրանը սահմանում է այն պայմանները, որոնց շրջանակում պատրաստ է ընդունել այդ կապը, Ադրբեջանը շեշտում է խաղաղության իր քաղաքական դերակատարությունն ու առավելությունները, իսկ Հայաստանը փորձում է այդ բոլոր գործընթացները վերածել սեփական տնտեսական եւ հաղորդակցային նշանակության աճի։

Հետեւաբար, TRIPP-ի հաջորդ փուլում գլխավոր հարցը լինելու է, թե ինչ ձեւով կիրականացվի ծրագիրը, ինչ տնտեսական շահերի համակարգ կձեւավորի եւ ինչ տեղ կզբաղեցնի Հայաստանը այդ համակարգում։ Այդ հարցերի պատասխանը որոշվելու է արդեն ոչ թե տարբեր ամբիոններից, այլ ինժեներական նախագծերում, ներդրումային պայմանագրերում, իրավական որոշումներում եւ, ի վերջո, շինարարական աշխատանքների մեկնարկով։

 

Ամփոփումը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել