Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդների իրավունքների սահմանափակման դեպքեր են արձանագրվել մի շարք ընտրական տեղամասերում. «Ականատես»

Սեպտեմբեր 29,2026 12:46 Share

«Ականատես» դիտորդական առաքելության դիտորդները 27.09.2026թ․ մի շարք ընտրական տեղամասերում արձանագրել են դիտորդների իրավունքների սահմանափակման դեպքեր։

Մասնավորապես, դիտորդներին թույլ չի տրվել ամբողջությամբ լուսանկարել տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյանների՝ «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալների մասին գրառումներ» էջերը՝ պատճառաբանելով դրանցում անձնական տվյալների՝ օգնող անձանց անձը հաստատող փաստաթղթերի համարների առկայությամբ։

Մի շարք դեպքերում տեղամասային ընտրական հանձնաժողովները նման սահմանափակումը հիմնավորել են նաև համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացված ցուցումներով։

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրում է, որ նման սահմանափակումը չունի իրավական հիմք և ուղղակիորեն խախտում է դիտորդների՝ Ընտրական օրենսգրքով երաշխավորված իրավունքները։ Նույնական իրավական և փաստական հանգամանքների վերաբերյալ առկա է թիվ ՎԴ5/0510/05/26 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 13.06.2026թ․ օրինական ուժի մեջ մտած վճիռ, որով ոչ իրավաչափ է ճանաչվել ՏԸՀ նախագահի կողմից գրանցամատյանի համապատասխան էջն ամբողջությամբ, այդ թվում՝ օգնող անձանց անձը հաստատող փաստաթղթերի համարները լուսանկարահանելու արգելքը։

Մասնավորապես, դատարանն արձանագրել է, որ Ընտրական օրենսգիրքը սպառիչ կերպով սահմանում է այն ընտրական փաստաթղթերը, որոնց նկատմամբ դիտորդի հասանելիությունը կարող է սահմանափակվել. ՏԸՀ գրանցամատյանը և դրա՝ ընտրողին օգնող անձանց տվյալների վերաբերյալ էջը նշված բացառությունների մեջ չեն մտնում։ Դատարանն ընդգծել է նաև, որ լուսանկարահանումն իր բնույթով «քաղվածք կատարելու» միջոց է, որն ապահովում է փաստաթղթի բովանդակության ճշգրիտ ու ամբողջական արձանագրումը: Հետևաբար, դիտորդն իրավունք ունի ամբողջությամբ ծանոթանալու և լուսանկարելու այդ էջը՝ առանց որևէ հատվածի բացառման։

Դատարանը նաև արձանագրել է, որ անձնական տվյալների առկայությունն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ լուսանկարահանումն արգելելու համար։ Օգնող անձանց նույնականացնող տվյալների ուսումնասիրությունը կարող է անհրաժեշտ լինել դիտորդական առաքելության արդյունավետ իրականացման, այդ թվում՝ նույն անձի կողմից բազմաթիվ ընտրողների օգնություն ցուցաբերելու, հնարավոր կազմակերպված ազդեցության կամ այլ ընտրական խախտումների բացահայտման և փաստագրման համար։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում տեղամասային և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ապահովել Ընտրական օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանումը՝ հաշվի առնելով նաև նույնական հարցի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտով արտահայտված իրավական դիրքորոշումները, և այսուհետ բացառել դիտորդների՝ գրանցամատյանի համապատասխան էջին ամբողջական ծավալով ծանոթանալու և այն լուսանկարելու իրավունքի որևէ սահմանափակում։

«Ականատես» դիտորդական առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930