Լրահոս
Օրվա լրահոսը

«Միլիարդների ծրագրեր են անում ու տանում դեպի սնանկացում». գյուղատնտեսության նախկին փոխնախարարը՝ ոլորտի խնդիրների մասին

Սեպտեմբեր 29,2026 13:41 Share

«Արդեն 8-9 տարի է՝ ոլորտի հանդեպ ցուցաբերվում է կոպիտ սխալներով քաղաքականություն, եւ տարեցտարի վիճակը վատթարանում է: Չեմ վարանի ասել, որ տեղի է ունենում միջոցների անարդյունավետ վատնում, որովհետեւ չկա մի տարի, որ կարողանան նորմալ հիմնավորել, որ այս միլիարդավոր, իրենց ասած՝ նոր ծրագրերը տվել են դրական արդյունք»,- «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց գյուղատնտեսական ոլորտի փորձագետ, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը՝ ընդգծելով, որ ոչ քաղաքաբնակն է մատչելի մթերքներ գնում, ոչ էլ ֆերմերների ու գյուղաբնակների հոգսն է թեթեւանում:

«Արդեն խլացնելու աստիճան այս իշխանություններն անընդհատ թմբկահարում են ինտենսիվ, նորագույն տեխնոլոգիաներով այգիների մասին: Ես ասում էի, որ այդ ծրագրերը ոչ թե հարուստի, այլ մեծահարուստների ծրագիր են, ու սովորական գյուղաբնակին, ֆերմերին ոչինչ չեն տալու, ընդհակառակը՝ խախտելու են շուկայի բալանսը: Առանց պլանավորման, առանց հեկտարները հաշվելու, առանց ակնկալվող բերքի քանակը պլանավորելու՝ պետական միջոցներն անխնա վատնում են: Այսինքն՝ մենք ունեինք ապրանքներ, օրինակ՝ խնձոր, որի դեպքում ինքնաբավ էինք եւ մի բան էլ ավելի, նույնիսկ տարիներ կային, բերքի առատությամբ պայմանավորված՝ արտահանման լուրջ խնդիրներ կային: Դրանք հաշվի առնելու փոխարեն` մեծ քանակներով խնձորի այգիներ հիմնեցին եւ հիմա խնդրի առաջ են կանգնել: Ես խնձորի օրինակը բերեցի:

Երկրորդ տարբերակը ջերմոցաշինությունն է: Մենք ասում էինք, որ պետք է հաշվարկել լոգիստիկան եւ շուկան, որովհետեւ ջերմոցաշինության ներդրումները շատ մեծ են, եւ ցանկացած սխալ քաղաքականություն ոչ թե մինուսի կբերի, այլ կտանի կործանման, ինչը հիմա նկատվում է: Դա վերաբերում է, օրինակ, լոլիկի, վարունգի կամ ինչու չէ՝ ծաղկի մշակմանը»,- պարզաբանեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը:

Նա անդրադարձավ նաեւ անասնապահության խնդրին. «Էլի միլիարդների ծրագրեր են իրականացրել: Հիմա մի պարզ, մատչելի օրինակ բերեմ, որ բոլորի համար ընկալելի լինի. այսօր մեկ ցեղական կենդանին եվրոպական երկրներից բերում եք 4000 դոլար ավել արժեքով, խոսքը մեկ գլխի մասին է, տալիս եք ֆերմերին, պետության կողմից էլ որոշակի գումար՝ 1000-1200 դոլարի աջակցություն եք ցուցաբերում: Ես միշտ ասում եմ՝ եթե չգիտեք՝ այդ կենդանին ում եք տալիս, մարդն արդյոք փորձ ունի՞ այդ կենդանուն բուծելու եւ խնամելու, արդյոք անվտանգության խնդիրներն ապահովվա՞ծ են՝ առողջապահական, վարակների տարածման տեսանկյունից, նշանակում է՝ մարդկանց տանում եք սնանկացման:

Եթե հանրապետությունում բրուցելիոզը եւ դաբաղը վխտում են, որեւէ մեկը երաշխիք չունի, որ թանկարժեք ներկրված, ներմուծված կենդանիները նույն ճակատագրին չեն արժանանա: Մյուս խնդիրն էլ կերառացիոնի խնդիրն է: Եթե ներկրված կենդանին իր տոհմային անձնագրերում տալիս է, որ իր հնարավորությունը մինչեւ 30 լիտր կաթ է, նշանակում է՝ կան պահման համապատասխան եւ կերառացիոնի կոնկրետ պայմաններ»:

Մասնագետը նշում է, որ մեծ հաշվով գյուղատնտեսության ոլորտի բյուջեի վերահսկողություն էլ չկա. ԱԺ-ի գործառույթներից մեկը վերահսկողությունն է՝ ըստ ոլորտների, ըստ հանձնաժողովի, ինչը պատշաճորեն չի արվում. «Կան դեղնակտուցներ, որոնք մեկ-երկու բան գուգլից, դեսից-դենից վերցնելով՝ խոսում են՝ առանց հողի վրա կանգնելու, հողը զգալու: Ոմանք էլ փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել: Իսկ փորձառու մասնագետները համեստորեն լռում են, որովհետեւ հաճախ իրենց ասածը դառնում է ձայն բարբառո հանապատի, ու ստացվում է ինչպես հայտնի ասույթում՝ երբ անտառում գազան չի լինում, նապաստակը գազան է դառնում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930