Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ, որ հայ կանայք աշխատեն»

Ապրիլ 07,2012 13:23

Կանանց  միամսյակը  ավարտվեց:  Մեկ  ամիս  շարունակ  արական  սեռը    ծաղիկներ,  ժպիտներ, նվերներ  է  պարգևել   սիրելի  կանանց,  մայրերին  և  քույրերին:

«Համաձայն  եմ,  որ  կանանց   մենք  պետք  է  ոչ թե  մեկ  ամիս  հարգենք,  սիրենք,  նվերներ  տանք,  այլ  ողջ  տարվա  ընթացքում պետք  է  նրանց  մեր  ուշադրության կենտրոնում պահենք,  սիրենք  և  երջանկացնենք,  իսկ  միամսյակը  տղամարդկանց  պարզապես  զգոն  է  պահում»,-ասում  է 30-ամյա Վահագնը:  20-ամյա  Նարեն   միամսյակի  ընթացքում  նվերների  պակաս  չի  զգացել:  Չորս եղբայրների  միակ  քույրիկը հպարտությամբ  է  ասում. «Եղբայրներս  ինձ  լիքը  անակնկալներ  են  մատուցել:   Իմ  սիրած  կարմիր  վարդերը  չէին  հասցնում  թոռոմել,  և  ես  նոր  ծաղկեփունջ  էի  նվեր  ստանում»:  Իսկ աղջկա ամենասիրելի նվերը     փոքր  եղբոր՝  12-ամյա  Արենի  կողմից  բացիկի վրա գրված  քառատողն  է:

«Մեր  ազգային ներկա  տոնացույցում,  որը  նաև  պաշտոնապես  հաստատված  է,  երկու  տոն  կա,  որոնք  ուղղակիորեն  նվիրված  են  կանանց. մեկը  մարտի  8-ն է,  իսկ մյուսը՝  ապրիլի  7-ը:  Եթե  մարտի  ութը  մեզ  որպես  խորհրդային  ժառանգություն  մնացած  տոն  է,  ապա  ապրիլի  յոթը  եկեղեցական  է,  այն  կապված  է  Մարիամ  Աստվածածնի  ավետման  հետ:  Կաթողիկոսը  հրահանգեց,  որ  բոլոր  եկեղցիներում ևս  ապրիլի  7-ը  նշվի  մայրության  և  գեղեցկության  տոն,  ուղղակիորեն  կապվելով  Աստվածամոր  հետ»,-ասում է   Հնագիտության  և  ազգագրության  ինստիտուտի  գիտաշխատող  Սվետլանա  Պողոսյանը:

Այն  հարցին,  թե  մեր  ազգային  տոնացույցում  նախկինում  եղել  է  տոն,  որը  նվիրված  է եղել  մայրությանը  և  գեղեցկությանը,  ազգագրագետ  Սվետլանա  Պողոսյանը  պատասխանում  է.  «Քրիստոնեական  իրականության  մեջ հատուկ  նման  տոն  չի  եղել,  իսկ  հեթանոսական  շրջանում  եղել  են   Անահիտ  և  Աստղիկ  աստվածուհիներին  նվիրված  տոներ,  որոնք  եղել  են  պտղաբերության, սիրո, գեղեցկության հովանավորներ:  Նախապես  ապրիլի  7-ը՝   որպես  տոն  օր,  կապված  է  Մարիամ  Աստվածածնի  ավետիսի  հետ,  իսկ գեղեցկությունը  հետագայում  է  հավելվել:   Առհասարակ,  մայրությունը  գեղեցկություն  է,  եթե   ասում  ենք`   կին,  մայր,  ապա  գեղեցկությունը   ինքնին  ենթադրվում  է»:

Մեր  քաղաքացիների  համար   ավելի  շատ  մարտի  8-ն  է  հարազատ,  թե  ապրիլի  7-ը:  Այս  հարցի  պատասխանը  պարզելու  նպատակով  անցկացրինք   փոքրիկ  հարցախույզ  կանանց  շրջանում:

«Ինձ  համար  մարտի  8-ը  ավելի  հարազատ  է, չեմ  կարողանում  պարզաբանել, թե ինչու ,  բայց  մարտի  8-ին  ավելի  շատ  եմ  սպասում, մի  տեսակ  պատրաստվում եմ, իսկ ապրիլի  7-ին  այդքան  էլ  չէ»,-ասում  է  35-ամյա   Լիլյան:

«Երկու  տոնն  էլ  շատ  սիրում եմ:  Այն  հանգամանքը,   որ  մարտի  8-ին  ավելի  անհամբեր  ենք  սպասում,  կարծում  եմ՝  կապված  է  այն  բանի  հետ,  որ  միամսյակի  սկիզբն  է,  առաջին  օրը,   իսկ  քանի  որ   ցանկանում  ենք,  որ  այն երկար  ձգվի,  բնականաբար  անհամբեր  ապրիլի  7-ին  չենք  սպասի», -ասում է   23-ամյա  Վարսենիկը:

«Երկու  տոնն էլ  ընդունում  եմ:  Իհարկե,  մարտի  8-ը  իր  խորհուրդն  ունի  ինձ  համար,  քանի  որ  ես  էլ  խորհրդային  շրջանում  եմ  մեծացել, բայց  երբևէ  չեմ  փորձել  հակադրել  կամ  համեմատել  այս  երկու  տոները: Կարծում  եմ,  որ  մեր  հասարակությունն  էլ  է ընդունել,   մարդիկ  տոնում   են, կանայք շնորհավորում  միմյանց,  շնորհավորանքեր  լսում   արական   սեռի  ներկայացուցիչների  կողմից»,-  ասում է  ազգագրագետ  Պողոսյանը:

Իսկ  միամսյակի  կապակցությամբ  տիկին  Պողոսյանը  հայ  կանանց  ասում  է  իր  բարեմաղթանքները. «Ես  ցանկանում եմ, որ  հայ  կանայք  երջանիկ  լինեն:  Հաճախ  ասում են  կանացի  երջանկություն,  բայց ես  երջանկության  տեսակ  չեմ  տարբերում,  պարզապես   ցանկանում եմ, որ  նրանք  ունենան  գեղեցիկ,  համերաշխ,   ներդաշանակ,  լավ ընտանիք  և  լինեն  երջանիկ:  Ուզում  եմ  նաև,  որ  հայ կանայք  աշխատեն,  անձնականին  զուգահեռ  ունենան  նաև  մասնագիտացում,  աշխատանքային  վերելք»:

Անի  Ենոքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30