Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծվածները բացատրություն են գրել, թե վնասվածքները ստացել են ծառից վայր ընկնելու հետեւանքով

Ապրիլ 12,2012 10:36

ՀՀ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում հարուցված քրեական գործը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ, կարճվել է։ Այդ մասին հայտնի դարձավ Արմավիրի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից։ Սակայն ավելի ուշ քրեական գործ հարուցելու պահանջով հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցությունը, եւ Գլխավոր դատախազությունից հայտարարեցին, որ հանձնարարել են նախաքննական մարմնին քննության առարկա դարձնել նաեւ մամուլի հրապարակումները։ Թեեւ Մերուժան Մխոյանը չի դիմել իրավապահ մարմիններին, սակայն գլխավոր դատախազությունը, «հաշվի առնելով այն, որ ըստ մամուլի հրապարակումների, Մխոյանի նկատմամբ, որպես պատգամավորության թեկնածու, ճնշում է գործադրվել, հանձնարարել է քննության առարկա դարձնել նաեւ մամուլի հրապարակումները»։

Ինչպես տեղեկացրել էինք, ապրիլի 6-ին Արմավիրի Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտ ծեծի էր ենթարկվել թիվ 21 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու գրանցված Մերուժան Մխոյանը։ Ծեծի էր ենթարկվել նաեւ պատգամավորի թեկնածուի հորեղբոր տղան՝ Լյովա Մխոյանը, ով փորձել էր նրան օգնության հասնել։ Իսկ Մերուժան Մխոյանի որդին՝ Արթուր Մխոյանը, իր հերթին դանակահարել էր հորը ծեծի ենթարկողներից Սամվել Պողոսյանին եւ Առնակ Կուրղինյանին։ Ինչպես արդեն նշել ենք, ապրիլի 7-ին պատգամավորի թեկնածու Մերուժան Մխոյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 21 ԸԸՀ, որպեսզի որդուն փրկի քրեական հետապնդումից։

Հետաքրքիրն այստեղ այն է, թե ինչպես է ոստիկանությունը կարճել մի գործ, որտեղ երկու ծեծի ենթարկվածներ կան, այդ թվում՝ ուղեղի ցնցումով, եւ երկու դանակահարվածներ, որոնք տեղափոխվել են Արմավիրի եւ Մեծամորի քաղաքային հիվանդանոցներ։ Ոստիկանության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Մերուժան եւ Լյովա Մխոյանները ոստիկանությունում բացատրություն են գրել, որ իրենց որեւէ մեկը ծեծի չի ենթարկել, իսկ մարմնական վնասվածքները, այդ թվում ուղեղի ցնցումը, ստացել են ծառից վայր ընկնելու հետեւանքով։ Թե ինչ նպատակով էին ապրիլ ամսին երկու 50-ն անց տղամարդ միաժամանակ ծառ բարձրացել եւ դեպքերի ինչ ողբերգական զուգադիպությամբ են ծառից միաժամանակ վայր ընկել, մեր աղբյուրը չի մանրամասնում։ Հավանաբար, հորեղբոր տղաները հիշել են իրենց մանկությունը եւ ծառ են բարձրացել ճնճղուկների համար բույն տեղադրելու նպատակով։ Ինչպես հայտնի է, հիմա այդ թռչունների բազմացման շրջանն է, եւ նրանց համար բներ պատրաստելը յուրաքանչյուր բնասերի պարտքն է։

Իսկ ահա դանակահարված Առնակ Կուրղինյանը եւ Սամվել Պողոսյանը ոստիկանությանը բացատրություն են տվել, որ իրենք դանակի հարվածներ են ստացել անզգուշության եւ ոչ թե դիտավորության արդյունքում։ Նրանք իրար հետ մի փոքր վեճ են ունեցել եւ այդ ընթացքում, անզգույշ, դանակի հարվածներ են ստացել։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30