Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլշեւիկների բռնագրաված բժշկի տունը բժշկության թանգարան պիտի լինի

Մայիս 10,2012 13:41

Հատուկ «Առավոտի» իրավական էջի համար

Հովհաննիսյանների հայրը՝ Գրիգոր Հայրապետի Հովհաննիսյանը, եղել է Երեւանի հարուստ վաճառականներից մեկը, մահացել է 95 տարեկանում, իսկ մայրը՝ Ելիզավետա Իսահակի Հովհաննիսյանը, 97-ում: Ընտանիքում եղել են երեք որդի՝ Հովհաննեսը (1865-1935), Քրիստափորը (1867-) եւ Առաքելը (1873-): Հովհաննես Հովհաննիսյանը Երեւանի արական գիմնազիան ավարտելուց հետո բժշկական կրթություն է ստացել Խարկովի, ապա՝ Մոսկվայի համալսարաններում: Հետագայում վիրաբուժության գծով մասնագիտացել է Վիեննայում, Բեռլինում, Փարիզում, Մոսկվայում: 1891թ.-ից որպես բժիշկ աշխատել է Մոսկվայի նահանգում:

1895թ. Երեւանի քաղաքային վարչության հրավերով վերադարձել է հայրենի ոստան եւ մինչեւ 1907թ. աշխատել քաղաքային հիվանդանոցի տնօրեն: Եղել է նաեւ Հայկական բարեգործական հիվանդանոցի տնօրենը, Քաղաքների միության Երեւանի կոմիտեի բժշկական բաժնի վարիչը, Երեւանի սբ. Հռիփսիմե իգական գիմնազիայի բժիշկը, Երեւանի բժշկական միության նախագահության անդամ, Երեւանի քաղաքային դումայի պատգամավոր, Կովկասի հայկական բարեգործական միության Երեւանի բաժանմունքի նախագահը: Հեղինակել է գիտական աշխատություններ եւ զեկուցումներ, եղել ակտիվ հասարակական գործիչ եւ այլն: 1911թ. պետական աշխատանքը թողնելուց հետո, Երեւանի կենտրոնում վարձակալել է մի սեփական տուն եւ բացել քաղաքի առաջին՝ 10 մահճակալ ունեցող մասնավոր վիրաբուժական հիվանդանոցը՝ կից ամբուլատորիայով:

1914թ. նրա շքեղ սեփական տունը նախագծել եւ ընդամենը մեկ տարում կառուցել է ճարտարապետ Բ. Մեհրաբյանը: 1915թ. բժիշկն իր մասնավոր հիվանդանոցը տեղափոխել է Աստաֆյան 39 հասցեում գտնվող իր նորակառույց երկհարկանի տան առաջին հարկը: Երկրորդում բնակվել է ինքը՝ ամուրի բժիշկը: Հիվանդանոցը ունեցել է վիրաբուժական եւ ակնաբուժական բաժանմունքներ: Այն իր կահավորանքով ու հարդարանքով, բժշկական սարքավորումներով ու պարագաներով, հիվանդներին ցույց տրվող բուժումով, խնամքով ու սնունդով համարվել է Հայաստանի թիվ մեկ բուժհիմնարկը: 1923 թ. հիվանդանոցը եւ շենքը բռնագրավվել է խորհրդային իշխանության կողմից: Բժիշկ Հ. Հովհաննիսյանը մահացել է 1935թ., Երեւանում:

Բժիշկ Հովհաննիսյանի տունը այսօր էլ հանդիսանում է Երեւանի գեղեցիկ շինություններից մեկը: Շուրջ մեկ դար առաջ կառուցված այս շենքը իր ճարտարապետա-գեղարվեստական առանձնահատկություններով, ծավալա-տարածային լուծումներով եւ ինքնատիպ դեկորատիվ հարդարանքով նմանը չունի հանրապետությունում պահպանված հուշարձանների մեջ: Այն պետք է վերածել թանգարանի եւ հատկապես Հայ բժշկության թանգարանի: Եվ ահա թե ինչու: Նախ, որ շենքը կառուցվել է 1915թ. Երեւանի անվանի բժիշկներից մեկի՝ Հովհաննես Հովհաննիսյանի անձնական միջոցներով, շենքը 1915-23թթ. ընթացքում եղել է Երեւանի, այդ տարիների համար շքեղ կահավորված ու հրաշալի հագեցված, առաջին մասնավոր հիվանդանոցը եւ որակյալ բժշկական օգնություն ցույց տվել համաքաղաքացիներին ու հարեւան շրջանների բնակիչներին, շենքը 1923 թ. բռնագրավվել է Հայաստանի բոլշեւիկյան կառավարության կողմից, շենքում 1923-44թթ. գործել է Հայաստանում առաջին Տրոպիկական ինստիտուտը կամ ինչպես ժողովուրդն էր անվանում՝ «Մալարիայի հիվանդանոցը», որտեղ շուրջ 20 տարի աշխատել են հայ բժշկության բազմաթիվ երախտավորներ, եւ որը մեծ դեր է կատարել հանրապետությունում մալարիայի եւ այլ տրոպիկական հիվանդությունների վերացման դժվարին խնդրում: Շենքը 1944թ. տրամադրվել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությանը (հետագայում՝ Արտասահմանյան երկրների հետ կապերի հայկական կոմիտե՝ ԱՕԿՍ) եւ մինչեւ այսօր ծառայում է այդ կազմակերպությանը:

Բժշկության պետական թանգարաններ վաղուց գործում են նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում՝ Ռուսաստանի Դաշնության բոլոր հանրապետություններում, Մերձբալթյան, Միջինասիական եւ Անդրկովկասյան երկրներում, այդ թվում եւ Ադրբեջանում: Երկրներ, որոնց մի մասը նույնիսկ գոյություն չեն ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանում արդեն գործում էին անվանի բժիշկներ ու գրվում բժշկական մատյաններ: Աշխարհում քիչ ազգեր կան, որոնք կարող են հպարտանալ այնպիսի գիտական գրավոր հուշարձաններով, ինչպիսիք են Մխիթար Հերացու՝ 12-րդ դարում գրած «Ջերմանց մխիթարություն» գիրքը եւ Ամիրդովլաթ Ամասիացու՝ 15-րդ դարում գրած ստվարածավալ աշխատությունները՝ «Անգիտաց անպետն» ու «Օգուտ բժշկությանը»:

Հայ բժշկության թանգարան ունենալու դեպքում ի տես աշխարհի կցուցադրվեն դարերի պատմություն ունեցող հայ բժշկության փառավոր վկայությունները հանդիսացող հազարավոր արժեքավոր ցուցանմուշներ, որոնք այսօր ցուցադրվում կամ պահվում են հանրապետության թանգարաններում ու գրադարաններում, պետական ու ընտանեկան արխիվներում, անհատ անձանց հավաքածուներում եւ Սփյուռքում:

Կարծում եմ, որ առաջարկս կարժանանա ՀՀ կառավարության, առողջապահության, մշակույթի, ինչպես նաեւ կրթության ու գիտության նախարարությունների ուշադրությանը:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ

բժիշկ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031