Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակ Կապանում. քաղաքի խմելու ջուրը պղտորվել է, բնակիչները շարունակում են ահազանգել սպառնացող վտանգի մասին

Հուլիս 09,2012 18:07

Արդեն 2 օր է, ինչ Կապան քաղաքին մատակարարվող խմելու ջուրը պղտորվել է, ինչը բնակչության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել: Կապանցիներն անհանգիստ են, խմելու ջուրը չի համապատասխանում ստանդարտներին եւ կարող է վտանգավոր հետքեր թողնել առողջության վրա:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի լրատվական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրեցին, որ խմելու ջրի պղտորման հիմնական պատճառներից մեկն այն է, որ Կապանի խմելու ջուրը սնուցող գլխամասի տեղանքում ինտենսիվ շինարարական աշխատանքներ են կատարվում ինչ-որ կազմակերպության կողմից: Դրա պատճառով ամբողջ քաղաքին մատակարարվող ջուրը պղտորվել է եւ ջրի ֆիլտրման աշխատանքները չեն հասցնում ինտենսիվ իրականացվել:

Ինչպես հայտնում են մեր աղբյուրները` «Աջիբաջ» կոչվող տեղանքում, ոսկու հանքավայրի հետագա շահագործման նպատակով ուսումնասիրություններ են իրականացվում եւ 2 մեծ տեխնիկա է աշխատում ներկա դրությամբ:

Կապանի խմելու ջրի հետ կապված մեծ լարվածություն է առաջացել մարզկենտրոնում եւ ահազանգերը դեռ շարունակվում են: Կապանում գործող պատասխանատու եւ խնդրի լրջությամբ անհանգստացող կառույցների պատասխանատուները, ինչպես նաեւ հ/կ ներկայացուցիչները, մտադիր են հետամուտ լինել խնդրին եւ լրջորեն քայլեր ձեռնարկել` ստեղծված անընդունելի իրավիճակը եւ մոտ 40 հազար բնակչություն ունեցող քաղաքին սպառնացող վտանգը կանխելու ուղղությամբ: Խմելու ջրի պղտորման բոլոր պատճառներին կանդրադառնանք եւ պատասխանատու բոլոր կառույցների պարզաբանումները կներկայացնենք հետագայում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031