Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ ո՞ւմ է պատժելու Սերժ Սարգսյանը (Տեսանյութ)

Հուլիս 10,2012 17:53

Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանին խնդրեց մեկնաբանել՝ արդյոք նա համամի՞տ է այն կարծիքին, որ ՀՀԿ-ն այժմ ինքնամաքրման ճանապարհին է: Պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ինքնամաքրման գործընթաց է սկսել, քանի որ ես կարող եմ նշել մի շարք առիթներ, իրական հնարավորություններ,  որ նա (Սերժ Սարգսյանը,-Տ.Հ.) կարող էր օգտագործել, բայց դա չարեց: Նա այդպիսի ցանկություն չունի էլ, որքան էլ ՀՀԿ-ի ներսում լինեն մարդիկ, որ հասկանան, թե  ՀՀԿ-ի այսպիսի անհամասեռ կազմը, երբ կուսակցությունում են օլիգարխից մինչև քաղաքական դեմքեր, կուսակցության օգտին չի խոսում: Բայց մի բան կարող եմ ասել, որ Հանրապետական կուսակցությունը ստիպված է գնում այս քայլերին՝ իր հեղինակությունը փրկելու համար, քանի որ նա չի կարող հասարակության խելամիտ պահանջը «Հարսնաքարի» մասով մերժել: Դա կնշանակեր պարզապես ՀՀԿ-ի համար գնալ ինքնաոչնչացման ճանապարհով»:

Մեր դիտարկմանը՝ ՀՀԿ-ն «Հարսնաքարն» օգտագործում է իր հեղինակությունը փրկելու համա°ր, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ ադեկվատ է գնահատում և հասկանում է այդ քայլերը չանելու հետևանքները»:

Այն հարցին, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանի ճակատագրին կարժանանա՞ն նաև այլ օլիգարխներ, Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Կարող էին լինել և նաև կարող են էլի լինել, քանի որ բոլորին չէ, որ նույն սանրով կսանրեն, դա կլինի բիզնես արտոնությունների նվազման տեսքով, ոմանց պարագայում քաղաքականությունից հանելու տեսքով: Ինչ-որ բաներ ստիպված կլինեն անել, քանի որ այս տեսքով Հայաստանը չի կարող ոչ միայն գոյատևել, այլև Հանրապետական կուսակցությունը, որպես իշխող ուժ, պատասխանատվություն է կրում իրավիճակը փոխել, քանի որ եվրոպական կառույցների հետ հարաբերությունների խորացումն է վտանգված: Օլիգարխների գոյությունն ու խաղի կանոնների թելադրելը դառնում են սահմանը՝ Եվրոպայի հետ հարաբերվելիս: Այդ խաղի կանոնները սահմանում են այն խորությունը, որ կարող է ունենալ Հայաստանի և Եվրոպայի հարաբերությունները: Եվրոպան իր դռները չի կարող բացել մի երկրի առջև, որի խաղի կանոները ոչ միայն ընդունելի չեն նրա համար, այլև մերժելի են: Սերժ Սարգսյանը պարտավորված է այս կամ այն կերպ այդ հարցերը լուծել, թիմի ներսում խնդիրներ չհարուցելու համար, կարող է գնալ փափուկ տարբերակների, բայց որոշների պարագայում չեմ կարող բացառել, որ կլինի նաև ձերբազատման տեսքով»:

Պարոն Սաֆարյանը անուններ չնշեց ու ասաց. «Այնքան շատ են…. չեմ կարող անուններ նշել, քանի որ որոշ խելոք մարդիկ կարող են պնդել, որ ասուլիսի եկել եմ նախագահական նստավայրից՝ ցուցակը ձեռքիս:  ԱԺ-ում այդպիսիք շատ են: Սերժ Սարգսյանը  պատժելու է նրանց, ովքեր այս կամ այն կերպ անհնազանդ են, վստահելի չեն, մի քանի դաշտերում են խաղում, կամ անձամբ իր իմիջին են վնասում: Խոսել այս իշխանությունների երկարաժամկետ լուրջ ստրատեգիաներից, անիմաստ է,  օրը մթնացնող , օրվա խնդիրները մի կերպ այս կամ այն կերպ լուծող իշխանություններ են, հետևաբար օրն էլ ցույց կտա, թե ում կպատժեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031