Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացական լեռներում մնացած հայ լեռնագնացը ուղղաթիռ է խնդրում, այլապես դիմելու է ծայրահեղ քայլի

Օգոստոս 10,2012 22:29

Վրաստանի Ուշբա լեռը բարձրացած հայ լեռնագնաց Անդրանիկ Միրիբյանը արդեն 2 օր է` փրկարարական օգնության է սպասում, բայց վստահ չէ, որ այն կհասնի: Քիչ առաջ նա հեռախոսակապ է հաստատել իր հարազատների հետ եւ հայտնել, որ ձյան առատ տեղումների պատճառով իր վիճակը գնալով բարդանում է, իսկ սննդի եւ ջրի պաշարը` սպառվում: Անդրանիկ Միրիբյանը, ով նախկին փրկարար է, կապվել է թե Վրաստանի, թե Հայաստանի փրկարար ծառայությունների հետ եւ խնդրել իր հետեւից ուղղաթիռ ուղարկել, քանի որ ոտքով փրկարար լեռնագնացներ ուղարկելը չափազանց վտանգավոր է, բացի այդ, ոտքով Ուշբա սար հասնելու համար Սվանեթիի փրկարարներին անհրաժեշտ է 3 օր: Լեռնագնացին, սակայն, ոչ ոք հստակ չի ասել` եղանակային բարենպաստ պայմանների դեպքում ուղղաթիռ կգնա՞ նրա հետեւից, թե՞ ոչ:

«Ես պատրաստ եմ այստեղ 2-3 գիշեր սպասել, եթե պետք լինի, 1 շաբաթ էլ այստեղ կմնամ` սոված-ծարավ, միայն թե վստահ լինեմ, որ ուղղաթիռ կուղարկեն: Եթե ոչ, ապա անհիմն հույսեր տալով նրանք կարող են սպառել իմ միջոցները, որոնք շատ սուղ են, ու ես կհայտնվեմ կրիտիկական վիճակում, երբ այլեւս ոչինչ հնարավոր չի լինի անել: Այսինքն ինձ համար այս պահին ամենակարեւոր հարցն է` կլինի՞ ուղղաթիռ, թե ոչ: Դրանից կախված էլ որոշում կընդունեմ: Ես պատրաստվում եմ ծայրահեղ քայլի գնալ ու ռիսկի դիմելով վաղը առավոտյան ժամը 5-6-ին փորձելու եմ իջնել ներքեւ, քանի որ համոզված չեմ, որ ուղղաթիռ կլինի: Չէի ուզի, որ ինձ համար այլ փրկարարներ վտանգեին իրենց կյանքը` փորձելով եղանակային այսպիսի պայմաններում բարձրանալ լեռը: Դրա համար ուղղաթիռը  լավագույն տարբերակն է` մարդկային կյանքի ռիսկի գործոնը նվազեցնելու համար»,- հարազատներին ասել է Անդրանիկ Միրիբյանը: Ըստ նրա` որքան փրկարարներն ուշանում են, այնքան իջնելն իր համար վտանգավոր է դառնում: Առատ ձյունը ձնահյուսի վտանգ է ստեղծում: Նա նաեւ փոխանցել է, որ պատրաստ է վճարել ուղղաթիռով փրկարարական ծառայության դիմաց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031