Այսօր գլխավոր դատախազության շենքի մոտ «Սերժ Սարգսյան+ԱԺ=կործանում», «Ազատությունը Դավիթն է», «Ազատությունը Սարգիսն է», «Բռնապետի տեղը բանտն է» եւ նմանատիպ այլ ցուցապաստառներով կոնգրեսականները կրկին ակցիա էին կազմակերպել` 2-6 տարով դատապարտված ՀԱԿ ակտիվիստների ազատության պահանջով: Նրանք նաեւ լուսանկարներ էին ցուցադրում, թե ինչպես է Տիգրան Առաքելյանը ենթարկվում բռնությունների` ոստիկանների կողմից:
Այսօր ակցիան անցավ լուռ, առանց վանկարկումների: Պիկետին մասնակցելու եւ ակտիվիստներին աջակցելու էին եկել ՀԱԿ պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Նշենք, որ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանը օգոստոսի 20-ին բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան եւ միջնորդել էր բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների դատարանի հուլիսի 20-ի դատավճիռը` կայացնելով արդարացման դատավճիռ: Արդեն լրացել է 3-րդ օրը, եւ կոնգրեսականները, հատկապես ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների հարազատները սպասում են Վերաքննիչի պատասխանին, որից կախված կլինի երիտասարդների հետագա ճակատագիրը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ