Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպել են ատոմակայանի աշխատակիցների հետ

Օգոստոս 31,2012 12:33

Երեկ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, քարտուղար Զարուհի Փոստանջյանը և փորձագետ Ստեփան Հասան-Ջալալյանը հանդիպել են «Հայաստանի ատոմային էլեկտրակայանի» մի խումբ աշխատողների հետ վերջիններիս խնդրանքով: Հանդիպման ժամանակ ատոմակայանի աշխատակիցները, ովքեր աշխատել և այժմ էլ աշխատում են առողջության համար առանձնապես ծանր և վնասակար պայմաններում, իրենց մտահոգությունն են հայտնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 1996թ. հունվարի 1-ին, ուժը կորցրել է 2003թ. ապրիլի 10-ին) կիրառման առնչությամբ: Ըստ նշված օրենքի 30-րդ հոդվածի` այն քաղաքացիները, ովքեր աշխատել են առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում, կենսաթոշակի անցնելիս նրանց աշխատած ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվարկվում էր 1.5 անգամ: Իսկ 2003թ. ապրիլի 10-ին ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը 1.5 անգամ հաշվարկելու մասին դրույթ սահմանված չի եղել: Ինչի պատճառով 2003թ. ապրիլի 10-ից հետո կենսաթոշակի անցած աշխատակիցների մեկ օրացուցային տարին աշխատանքային ստաժում հաշվարկվել է որպես մեկ տարվա ստաժ: Հանդիպման վերջում խմբակցության ղեկավարը, ներկաներին տեղեկացրեց, որ հիշյալ հարցի առնչությամբ խմբակցությունն արդեն գրավոր դիմել է պատկան մարմիններին, միաժամանակ հավաստիացրեց, որ իրենք հետամուտ են լինելու հարցի արդարացի և օբյեկտիվ լուծմանը:

«Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել