Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիան կմնա առանց հայերի՞

Օգոստոս 31,2012 13:47

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը չի բացառում, որ հենց այդպես էլ կլինի

Սիրիայի տնտեսական մայրաքաղաքում՝ Հալեպում, բնակվող գործարար հայերը կշարունակեն ծաղկեցնել այդ երկիրը, եթե պարզ դառնա, թե Սիրիայի ընդդիմությունը ինչ քաղաքականություն է պատրաստվում վարել տեղի քրիստոնյաների նկատմամբ: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Այստեղ կարեւոր է, թե սիրիական ընդդիմությունը ումից է բաղկացած, եւ եթե ապագայում նրանց հաջողվի գահընկեց անել Բաշար Ալ-Ասադին, ինչպիսի քաղաքականություն կվարեն քրիստոնյաների նկատմամբ: Ինչպես գիտեք, Եգիպտոսում հեղափոխությունը ղեկավարում էր, էսպես ասած, «Մուսուլման եղբայրներ» կոչվող կազմակերպությունը, Սիրիայում նույնպես նրանց դիրքերը բավականին ուժեղ է: Եգիպտոսում քրիստոնեական համայնքը մեծամասամբ ներկայացված է ղպտիներով, որոնք եւ հեղափոխությունից հետո էլ շատ ուժեղ բախումների մեջ մտան նույն «Մուսուլման եղբայրներ» կոչվող կազմակերպության անդամների հետ՝ ցանկանալով նվազեցնել ղպտիների դիրքերը եւ իրավունքները Եգիպտոսում: Բացառված չէ, որ նույն ուժերը, որոնք գան Սիրիայում ղեկավարության, նաեւ փորձեր կատարեն վերաբաժանել հայերի ունեցվածքը, չակերտավոր ասած, ցույց տան նրանց տեղը, թե նրանք ով են մահմեդական երկրում, եւ սա բերի նրան, որ բավականին մեծ քանակությամբ հայեր լքեն Սիրիան. տեղափոխվեն կա՛մ Լիբանան, կա՛մ արեւմտաեվրոպական պետություններ եւ ԱՄՆ: Բավականին մեծ քանակությամբ հայեր, որոնք բնակվում են Սիրիայում, երկքաղաքացիություն ունեն, եւ շատերը ԱՄՆ քաղաքացի են»,- ասաց մեր զրուցակիցը:

Գագիկ Համբարյանը չի բացառում, որ սիրիահայերի վտարման սեւ գործում կարող են դերակատարություն ունենալ նաեւ թուրքերը: «Եթե հաշվի առնենք թուրքական պետության շահերը եւ նրա կողմից պաշտպանվող ուժերը Սիրիայում, ապա բացարձակ բացառված չէ, որ թուրքական իշխանությունները սիրիական այն նույն օպոզիցիոն խմբավորումներին, որոնց իրենք հովանավորում են, պատվիրեն անելանելի դրություն ստեղծել հայերի համար, որպեսզի վերջիններս գաղթեն այլ երկրներ, եւ, իրոք, Սիրիան մնա առանց հայկական քրիստոնեական փոքրամասնության»: Ըստ մեր զրուցակցի՝ Սիրիայում, ոչ պաշտոնական տվյալներով, բնակվում է 75 000-85 000 հայ, որոնց մեծամասնությունն ապրում է ռազմական գործողությունների էպիկենտրոնում՝ Հալեպ քաղաքում: Նրանցից Հայաստան է ժամանել ընդամենը 2500-3000-ը, որը, Գագիկ Համբարյանի բնութագրմամբ, մի կաթիլ է ծովի մեջ: Քաղաքագետի խոսքերով՝ սիրիահայերն այս օրերին առավել գերադասում են տեղափոխվել հարեւան Լիբանան, քան վերադառնալ հայրենիք: «Եթե նրանք իմանային, որ այստեղ ապահովագրված են, իհարկե՝ կվերադառնային, բայց էսօր հայերին ավելի ձեռնտու է մնալ Սիրիայում, պաշտպանել իրենց քիչ թե շատ չվնասված ունեցվածքը եւ հետագայում խնդիրներ չունենալ վերադարձի կամ գումարի հետ կապված: Նրանք աչքի առաջ ունեն նաեւ Իրաքի պատմությունը, սփյուռքահայերը շատ լավ տեսան, թե ինչ տեղի ունեցավ Իրաքից գաղթած հայերի հետ, եւ էսօրվա դրությամբ, երբ Սիրիայում տեղի են ունենում կատաղի մարտեր, մեր սիրիահայերը գերադասում են մնալ էնտեղ ու չգաղթել պատմական հայրենիք, որովհետեւ իրենք բացարձակ չեն ստանում այն օգնությունն ու աջակցությունը, որը պետք է ստանային: Սիրիայում կարող է տեղի ունենալ նույն Իրաքի պատմությունը, երբ որ հազարավոր հայեր, լքելով Իրաքը, տեղափոխվեցին արեւմտաեվրոպական պետություններ եւ ԱՄՆ»: Ըստ մեր զրուցակցի՝ սիրիահայերի՝ հայրենիք չվերադառնալը ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվը, թերեւս, այն է, որ ՀՀ քաղաքացին չի կարող աշխատանք գտնել սեփական երկրում, ուր մնաց Սիրիայից գաղթածը: Սուբյեկտիվն էլ, ըստ նրա, այն է, որ ՀՀ կառավարությունը հայրենիք վերադարձող հայերի համար երբեւէ չի մշակել ստրատեգիական ծրագրեր. «Չկա ծրագիր, թե ինչպես պետք է վարվեն այն հայերի հետ՝ Սփյուռքի մասին է խոսքը, որոնք ֆորս-մաժորային իրավիճակներում կարող են հայտնվել շատ ծանր դրության մեջ: Օրինակ՝ իսրայելական պետությունը, որն ունի ահռելի մեծ սփյուռք, նաեւ էդպիսի ծրագրեր ունի, թե որեւիցե երկրում տեղի ունեցած ֆորս-մաժորային իրավիճակների ժամանակ ինչպես կարող է պաշտպանել ու ապահովել հայրենակիցների անվտանգությունն ու ֆիզիկական գոյությունը իր երկրի տարածքում»: Մեր այն դիտարկմանն էլ, թե Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» եւ նմանատիպ այլ ծրագրերն ի՞նչ են, եթե ոչ սփյուռքահայերին հայրենիք վերադարձնելու միջոց, քաղաքագետն ասաց. «Ես, օրինակ, «Արի տուն» ծրագիրը համահայկական ծրագիր չեմ կարող անվանել, սա ավելի շատ փոքր քանակությամբ հայերի մեջ հայրենասիրական գաղափարները արթնացնելու ծրագիր է, ես հարց եմ ուզում տալ՝ քանի՞ հարյուր կամ հազար հայեր են վերադարձել Հայաստան, էստեղ դրել իրենց բիզնեսը եւ տեղափոխվել. չկա այդպիսի բան եւ չի էլ կարող լինել մոտակա ժամանակներում, որովհետեւ նույն Հայաստանից եթե ահռելի արտահոսք է տեղի ունենում դեպի այլ երկրներ, ինչի՞ մասին է խոսքը: Սիրիահայը, որը ամսական կարող է ամենաքիչը աշխատել 4000-5000 դոլար, կարո՞ղ է գալ Հայաստան, որտեղ մթերային ու ոչ մթերային ապրանքների գներն ավելի բարձր են, իսկ ինքը էստեղ գործ չունի: Ես գիտեմ դեպք, երբ Սիրիայից մարդիկ 5000 դոլարը գրպանները եկել են, էստեղ մնացել, եւ էդ 5000 դոլարը մեկ ամսվա մեջ ամբողջությամբ սպառվել է, եւ նրանք չգիտեն ինչ անել: Բացի դրանից՝ առիթավորվում են նաեւ մեր համերկրացիները, որոնք բավականին բարձրացնում են սպասարկման գները, օրինակ՝ տան վարձերը»: Մինչդեռ, ըստ քաղաքագետի, սիրիահայերը նման վերաբերմունքի չեն դիմանում. նրանք թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով մեծ դիրքեր ունեն Սիրիայում, ոչ միայն զբաղվում են ձեռներեցությամբ, այլեւ ընդգրկված են գործադիր եւ օրենսդիր մարմիններում, նույնիսկ հայ նախարար կա այդ երկրի կառավարության մեջ: «Դեռեւս Հաֆես Ասադի ժամանակաշրջանից, խոսքը Բաշար Ալ-Ասադի հոր մասին է, հայերը բավականին մեծ դիրքեր ունեին սիրիական պետության մեջ: Ալավիների իշխանությունը միշտ էլ լոյալ է վերաբերվել հայերին, ամեն ինչ արել է, որ հայերն իրենց լավ զգան, զարգանան էս տարածաշրջանում, հայերն էլ միշտ շնորհակալությամբ են պատասխանել սիրիական կառավարության՝ իրենց նկատմամբ դրսեւորած վերաբերմունքի համար: Հիմա էլ հայերը բացարձակ չեն մասնակցում քաղաքացիական պատերազմին, ոչ մեկի կողմը չեն անցնում, գերադասում են չներքաշվել ռազմական գործողությունների մեջ, թեեւ ասեմ, որ հակաբաշարասադյան ուժերն ամեն ինչ անում են, որպեսզի հայերին ներքաշեն պատերազմի մեջ»,- ասաց քաղաքագետը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031