Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ գլխավոր քարտուղարն ու Մարդու իրավունքների հանձնակատարն անընդունելի են համարում մարդասպանի հերոսացումը

Սեպտեմբեր 04,2012 21:42
 Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը»` այսօր Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տյորբյորն Յագլանդն ասել է, որ Ադրբեջանում դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին հերոսի պես դիմավորելը անընդունելի է:

«Ռամիլ Սաֆարովը դատապարտվել էր սպանության համար եւ ցմահ բանտարկված էր Հունգարիայում: Օգոստոսի 31-ին նա տեղափոխվեց Ադրբեջան եւ նրան անմիջապես ներում շնորհվեց: Չեմ ցանկանում մեկնաբանել խնդրի իրավական կողմը, սակայն անընդունելի եմ համարում, երբ դատապարտված մարդասպանին դիմավորում են հերոսի պես», – ասել է Տյորբյորն Յագլանդը:

«Ես ժխտում եմ այնպիսի աշխարհի հեռանկարը, որտեղ բարոյական նորմերը սկսում են մաշվել, իսկ մարդկային արժանապատվության հարգանքը մերժվում է: Սա այն Եվրոպան չէ, որը մենք ցանկանում ենք թողնել ապագա սերունդներին: Ես դատապարտում եմ հանցագործության նման հերոսացումը», – ասել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը:

Հիշեցնենք, որ այսօր Սաֆարովին ներում շնորհելու եւ մեծարելու առթիվ մտահոգություն էր հայտնել նաեւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մույժնիեկսը:  Նրա տարածած հայտարարության մեջ ասված էր. «Ռասիստական ցագործությունները չպետք է անպատիժ մնան: Բացի զոհերի և նրանց հարազատների վրա ունեցած ավերիչ հետևանքներից, դրանք կարող են աղետաբեր լինել նաև ամբողջ համայնքների համար և խարխլել հասարակության բուն հիմքերը: Պետությունները պարտավորություն ունեն՝ պատժամիջոցներ կիրառել նրանց հանդեպ, ովքեր չարամիտ հանցագործություններ են կատարել»: Իսկ Ադրբեջանի կողմից մարդասպանի մեծարումը Հանձնակատարը մեկնաբանել է այսպես.«Այդ մարդու մեծարումն ու պարգևատրումը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության՝ բոլոր ընդունված չափանիշերին: Ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների նման փառաբանումը կարող է միայն կոչ լինել, որ զոհի էթնիկ խմբին պատկանող մյուս մարդիկ «հեշտ թիրախ» են: Սա հույժ վտանգավոր պատգամ է»: Նա նաեւ ասել էր. «Շատ ցավալի է, երբ ինչ-որ մեկին, ով էթնիկական կամ ազգային հողի վրա սարսափելի սպանություն է գործել, ներողամտորեն են վերաբերվում, ինչը չի տարածվում այլ հանցագործների վրա: Նման մարդուն փառաբանելը եւ պարգեւատրելը նշանակում է անտեսել մարդու իրավունքների բոլոր ընդունված չափանիշները եւ իրավական նորմերը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930