Լրահոս
Օրվա լրահոսը

Սաֆարովի հարցը կարող է հայտնվել Եվրախորհրդարանի օրակարգում

Սեպտեմբեր 06,2012 10:18

Եվրախորհրդարանի շենքը Ստրասբուրգում

Եվրախորհրդարանի պատգամավոր, բրիտանացի Չարլզ Թանոքը խոստանում է հնարավորության դեպքում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ազատ արձակման հարցը ներառել Եվրախորհրդարանի՝ հաջորդ շաբաթ Ստրասբուրգում սկսվող նստաշրջանի օրակարգում։ Այդ մասին եվրոպացի պատգամավորն ասել է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվյակին՝ ընդգծելով, որ ինքը ցնցված եւ սարսափած է տեղի ունեցածից։

«Կարծում եմ, դա բացարձակապես ամոթալի եւ տխուր օր էր արդարության համար թե՛ Ադրբեջանում, թե՛ Հունգարիայում, որը որպես Եվրամիության անդամ երկիր պետք է պահպաներ ամենաբարձր չափանիշները։ Սառնասրտորեն սպանություն իրականացրած անձը, ինչպիսին Սաֆարովն է, պետք է ցմահ ազատազրկման դատապարտվի կամ առնվազն երկարաժամկետ ազատազրկման։ Եվ երբ Հունգարիայի իշխանությունները արտահանձնում էին նրան Ադրբեջանին, պետք է իմանային, որ մեծ է Ալիեւի կողմից նրան ներում շնորհելու հավանականությունը», – հայտարարել է Թանոքը։

Բրիտանացի պատգամավորը, ով նաեւ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, փաստում է, որ դատապարտյալին էքստրադիցիայի ենթարկելուց առաջ Հունգարիան պետք է երաշխավորեր, որ նա շարունակելու է պատժի կրումը հայրենիքում։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն առանց այդ էլ լարված են, իսկ սա շատ վնասարար եւ սադրիչ քայլ էր Ադրբեջանի կողմից», – ասում է եվրոպացի պատգամավորը։

«Ես ծանոթ եմ մեղադրանքներին, որոնց համաձայն, Հունգարիան համաձայնել է այդ քայլին ֆինանսական որոշակի աջակցության դիմաց։ Եթե դա իսկապես իրականություն է, ապա խայտառակություն է։ Եվրոպական ժողովրդավարության մեջ չես կարող փողով արդարադատություն գնել, եւ եթե դա այդ փաստը ապացուցվի, հուսով եմ, Եվրամիության անդամ բոլոր երկրները եւ կառավարությունները կփոխանցեն Բուդապեշտին, որ դա անընդունելի է», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է Եվրախորհրդարանի՝ մեծությամբ հինգերորդ` Պահպանողականների եւ բարեփոխականների խմբակցության անդամ Չարլզ Թանոքը։

եղինե Բունիաթյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930