«Մեր համար խաղաղության բանաձեւը ուժեղ դիվանագիտությունն է, վերականգնել մեր հարաբերությունը մեր դաշնակից երկրների հետ, ուժեղացնել մեր հարաբերությունը մյուս գերտերությունների հետ։ Մենք ուրիշ ձեւ չունենք, նորից եմ ասում՝ փոքր երկիր ենք, պետք է ունենանք վստահելի հարաբերություններ։ Սրանք այս խարդավանքներով ամեն օր թռնում են մի կողմ, մյուս կողմ, մեկ նպատակի համար, որ իշխանությունը պահեն եւ Ալիեւի նարատիվները մտցնեն Հայաստան։ Սա փորձանք է բերելու մեր երկրի գլխին»,- այսօր ԶԼՄ-ների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա նշեց, որ առանց երաշխավորների խաղաղություն չի լինի․ «Լինելու են կոնկրետ ճիշտ պայմանագրեր, որտեղ այդ պետությունը երաշխավորելու է Հայաստանի անվտանգությունը։ Մենք հասկանում ենք որ պետությունները, չենք ուզում բարձրաձայնել, լինելու են այդ պետությունները, տարածաշրջանային կարեւոր պետություններ են լինելու։ Եթե ԱՄՆ-ն կուզենա ինքն էլ բարձրանալ երաշխավորի աստիճան, մենք միայն ուրախ ենք լինելու, եթե Եվրամիությունը կգա, կուզենա ինքն էլ երաշխավոր լինել, մենք շատ ուրախ կլինենք։ Բայց անպայման լինելու են երաշխավորներ, մենք չենք թողնելու երկիրը Փաշինյանի եւ Ալիեւի հույսին»։
Կարապետյանն ասաց, որ ուժեղացնելու են բանակը, արժանապատիվ բանակ է լինելու, բարձրացնելու են բանակի իմիջը, որ մարդիկ հպարտությամբ գնան ծառայության։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այս նախընտրական փուլում հանրությանը չի ներկայացնում նոր Սահմանադրության տեքստը՝ Սամվել Կարապետյանն ասաց․ «Իրենք պարտավորվում են հողերը վաճառել սաֆարովներին, իրենք պարտավորվում են մեր սահմանամերձ գյուղերի ազատված տարածքները նվիրել սաֆարովներին։ Դրա համար ինքը նախընտրական փուլում վախենում է, որ դուք ձեր միկրոֆոնները կխփեք իրենց գլխին, դրա համար չեն ներկայացնում նախագիծը։ Բայց անմիջապես ընտրություններից հետո մենք շատ սյուրպրիզներ կունենանք, եթե սրանք մնացին։ Մենք մեր հողերն ու տները նվիրելու ենք ադրբեջանցիներին»։
Նա ասաց, որ իշխանության գալով՝ առաջին հերթին օրենք են ընդունելու՝ կանխելու ադրբեջանցիների հնարավորությունները Հայաստանի տարածքում, որ «Սաֆարովը չկարողանա հայկական գյուղերը գնել կամ նվեր ստանալ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, թե Սամվել Կարապետյանին Ռուսաստանից են պարտադրել գալ Հայաստան՝ զբաղվելու քաղաքականությամբ, եւ իր բիզնեսը ՌԴ-ում խնդիրներ ունի, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Չկա այն մարդը եւ չկա այն ուժը, որն ինձ ստիպի անել այն, ինչ ես չեմ ցանկանում։ Չկա աշխարհում այդպիսի թիվ կամ բիզնես, ինչի համար ես Հայաստանի գոնե մեկ շահ ռիսկի տակ դնեմ։ Իրենք ի՞նչ կարող են անել՝ մի քանի ընկերություն խլե՞ն։ Փաշինյանն էլ է փորձեր անում ինչ-որ բան խլել, խլեց, հետո՞։ Ինձ ոչ ոք չի ուղարկել, ինձ դա ստիպել է անել Փաշինյանը, երբ հարձակվել է մեր եկեղեցու վրա»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































