Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամ մարդուց պահանջում են գրագիտություն

Սեպտեմբեր 13,2012 13:55

Բայց դա ապահովելու համար պետությունը մատը մատին չի տալիս

Երկու տարի առաջ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների՝ ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացրած մեր երկիրը, կարելի է ասել, բավականին դանդաղ տեմպերով է հաշմանդամ մարդուն ինտեգրում հասարակությանը: Այսօր մատների վրա հաշված գործատուներ կան, որոնք իրենց հիմնարկում ֆիզիկական սահմանափակ կարողություններով մարդիկ ունեն աշխատող: Այն կազմակերպություններն էլ, որտեղ աշխատում են հաշմանդամ մարդիկ, որպես կանոն, մեր երկրում բիզնես ծավալող օտարերկրյա գործատուներ են: Մինչդեռ որեւէ երկիր չի կարող սոցիալական եւ քաղաքացիական համարվել, եթե այնտեղ չեն հարգվում հաշմանդամ մարդկանց իրավունքները:

Երեկ արտակարգ իրավիճակների նախարարությունը ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով 20-30 մարդու աշխատանքի առաջարկ արեց, որոնք կարող են աշխատել նախարարությունում գործող ճգնաժամային կառավարման կենտրոնի՝ «911» ծառայությունում: Նախարար Արմեն Երիցյանը նրանց հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հաշմանդամներից պահանջվելու են անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ. «Էնպես չի, որ բոլորը կարող են այստեղ աշխատել, մենք ունենք որոշակի պահանջներ, մեզ պետք են գրագետ, համակարգչային գիտելիքներով եւ լեզուների տիրապետող մարդիկ: «911»-ը 4 ամիս է՝ գործում է, եւ ամեն օր 4-5 հազար զանգ ենք ստանում, այսինքն՝ մարդիկ, որոնք այդտեղ աշխատելու են, պետք է բարեկիրթ լինեն, չկոպտեն զանգողնեին: Մեզ մոտ այդ հարցը շատ խիստ է դրված»:

Այն, որ այսօր շատ հաշմանդամներ կրթություն չեն ստացել, համակարգչի չեն տիրապետում ու հասարակությունից մեկուսացած են, դա նրանից է, որ պետությունը նրանց իրավունքների հետ կապված մի շարք հարցեր անտեսում է:

«Հույսի կամուրջ» հ/կ ներկայացուցիչ Զարուհի Բաթոյանի խոսքերով՝ պետական մակարդակով այսպիսի մեծ ծավալով որեւէ ծրագիր դեռեւս չի իրականացվել մեր երկրում: Նա մտահոգություն հայտնեց, որ գուցե հաշմանդամություն ունեցողների շարքերում նման պատրաստվածությամբ, գիտելիքներով անձանց դժվար լինի գտնել, որովհետեւ այդ մարդկանց մեծամասնությունը մեկուսացել է տներում, քանի որ մշտապես ծագում են տեղաշարժման խնդիրներ. չկան հարմարեցված փողոցներ, տրանսպորտ, բացի այդ՝ նրանցից շատ քչերն են, որ բարձրագույն կրթություն են ստացել: Ըստ Զ. Բաթոյանի՝ այդ բոլորը փոխկապակցված խնդիրներ են, որոնց ամեն օր բախվում են մեր երկրում բնակվող հաշմանդամները:

«Հույսի կամուրջը» դեռ ցուցակ չի ներկայացրել, բայց շատ մարդիկ կան, որոնք, Զ. Բաթոյանի խոսքերով, կցանկանան աշխատել: Սակայն, ըստ նրա, պետք է լուծել նաեւ այս մարդկանց նկատմամբ հասարակությունում առկա կարծրատիպերի հարցը. «Որոշ տեղաշարժ կա, մարդիկ արդեն հասկանում են, որ հաշմանդամություն ունեցող մարդը ոչ թե նպաստ պետք է ստանա, այլ աշխատի»: Ի դեպ, ԱԻՆ-ի նոր կառուցվող շենքը կունենա հարմարեցված սանհանգույց, ճաշարան եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված այլ հարմարություններ: Սակայն նախարարի հավաստմամբ՝ խնդիրները շատ են, աշխատատեղ բացելուց բացի՝ պետք է նաեւ 20-30 մարդուն աշխատանքի տանել-բերելու հարցը լուծել:

Միջոցառմանը ներկա «Ունիսոն» հ/կ տնօրեն Արմեն Ալավերդյանն էլ ողջունելով պետական այս նախաձեռնությունը՝ ասաց, որ պետական մարմինները պետք է օրինակ ծառայեն այլ գործատուների համար. «Շատ հաճախ մենք բողոքում ենք մասնավոր կազմակերպություններից եւ գործատուներից, բայց պետությունն էլ է քիչ բան անում: Սա մի ակտիվ քայլ է, որի շնորհիվ հաշմանդամություն ունեցող մարդը նպաստառուից հարկ վճարող կդառնա, պետությունն էլ կշահի: Մեզ մոտ կան առնվազն 100 հազար աշխատունակ հաշմանդամներ, որոնք կարող են տարբեր աշխատանքներ կատարել՝ կախված հաշմանդամության տեսակից, նախասիրություններից, փորձից ու տարիքից: Մենք չպետք է կարծրատիպով առաջնորդվենք, որ հաշմանդամը միայն համակարգչի մոտ կարող է աշխատել կամ ձեռագործ անել»: «Ունիսոնն» արդեն իսկ 21 թեկնածու է առաջարկել, որոնք համապատասխանում են պահանջներին: Նա նույնպես անդրադարձավ տրանսպորտի խնդրին: Ըստ Ա. Ալավերդյանի՝ հիմնականում, ով հնարավորություն ունի, տաքսիով է տեղաշարժվում, բայց, ըստ նրա, դա էլ է խնդիր. «Որովհետեւ բեռնախուցը չի փակվում անգամ սայլակը ծալելուց հետո»:

Նրա փոխանցմամբ՝ քաղաքապետարանը մինչեւ տարեվերջ 25 հարմարեցված ավտոբուս է խոստացել, ինչը, ճիշտ է, փոքր է, բայց, այնուամենայնիվ, հարց կլուծի:

«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության ծրագրի ղեկավար Ռուզաննա Սարգսյանն էլ ասաց, որ իրենց բազմաթիվ աշխատունակ հաշմանդամներ են դիմում. «Մենք ունենք բազմաթիվ օրինակներ, երբ աշխատանքի ընդունվելուց հետո հաշմանդամություն ունեցող մարդու մոտ միանգամից փոխվում է վերաբերմունքը կյանքի նկատմամբ, ապրելու մեծ ձգտում եւ մոտիվացիա է առաջանում»:

Ի դեպ, մոտ ապագայում մեր երկիրը պետք է ՄԱԿ-ին, այսպես ասած, հաշվետվություն ներկայացնի, թե կոնվենցիան վավերացնելուց ի վեր ինչ ենք արել հաշմանդամների համար:

ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930