
Սերժ Սարգսյանը նախարարների, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի ու Գյումրու նորանշանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ վերջապես եկավ ու սկսեց բանալիների հանձման հանդիսավոր արարողությունը: Այս անգամ Սերժ Սարգսյանին գովաբանելու բարդ գործը դրվել էր նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուսերին, ով սակայն չկարողացավ այն նույն ճարտարախոսությամբ ներկայացնել Սերժ Ազատիչի` գյումրեցիներին արած լավությունը, ինչպես նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր անում:
Կարդացեք նաև
Նախագահն այցելեց բնակարաններ, սեփական աչքով տեսավ դրանք, տանտերերին շնորհավորեց… Լրագրողներից մեկի այն հարցին էլ,թե` հավանեցի՞ք որակը, ասաց. «Թող կահավորեն, ինձ կհրավիրեն, հյուր կգամ-կասեմ »:
Նախագահն այցելեց նաև Մուշ 2 թաղամասում 1080 աշակերտի համար կառուցված դպրոց, որի վրա աշխատել էին 4 շինկազմակերպություններ և որի վրա ծախսվել էր 2,05 մլրդ դրամ: Նա, շրջայց կատարելով, դուրս եկավ ու լրագրողներին ասաց, որ գոհ է որակից: Դպրոցի դիմացի փողոցում բողոքավորները երկար ժամանակ հավաքված` սպասում էին նախագահին: Նրան տեսնելուն պես փողոցի մեջտեղում շրջապատեցին` հատ-հատ ներկայացնելով իրենց դժգոհությունները: Մի տղամարդ վրդովվեց, թե իրեն զրկում են բնակարան ստանալու իրավունքից , քանի որ իր «օղորմածիկ» քրոջ ամուսինը տարիներ առաջ բնակարան է ստացել, մի ծեր կին էլ նախագահին խնդրեց կարգի բերել Մուշ թաղամասի հին հատվածի փողոցները: «Նախագահ ջան, լավ կլինի քեզ էդ ճամփեքով տանեն, որ մեր վիճակը հասկանաք, ռեզինե սապոգ կհագնինք, որ ցեխերի միջից անցնինք»: Նախագահն քաղաքաշինության նախարարին անմիջապես հանձնարարեց զբաղվել առաջին բողքավորի հարցով, քանի որ զարմացավ, թե ինչո՞ւ են նման երկրորդական խնդիրները պատճառ դարձել անօթևան ընտանիքին բնակարանից զրկելու: Փողոցների հետ կապված էլ ուրախացավ, թե Գյումրիում բոլոր խնդիրները ավարտվել են, որ մարդիկ մտածում են փողոցների մասին: Վերջին վայրկյանին մեքենա նստող նախագահի հետևից մի տարեց կին վազեց` ասելով .«Սերժ ջան, բալա ջան, էս թանկացումները վերջ ունե՞ն, հաց չեմ կարող առնել»: Նախագահը հանգստացրեց տիկնոջը` հավաստիացնելով, որ թոշակները կբարձրանան և որ պիտի աշխատեն, որ ապրեն: Ի դեպ, Սերժ Սարգսյանը ընդհանրապես ելույթ չունեցավ, թեև անօթևանները սպասում էին, որ նա մեկ- երկու բառ կասի, թեկուզև կասի, որ անօթևաններին բնակարններով ապահովելը իր նախընտրական խոստումներից է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ






















































