Լրահոս
Օրվա լրահոսը

Սրաշենցիները շարունակում են ապրել հրետակոծված ու խարխուլ տներում

Հոկտեմբեր 15,2012 22:47

Կապանի տարածաշրջանի սահմանամերձ Սրաշեն գյուղը  մեծ վնասներ է կրել 1990-93թթ. հայ-ադրբեջանական  պատերազմական գործողությունների ժամանակ։ Հակառակորդի կողմից ավերածությունների է ենթարկվել գյուղը, տներ են հրետակոծվել,  հրդեհվել ու թալանվել է  գյուղացիներին պատկանող գրեթե ամեն ինչ:

Գյուղացիները շատ լավ հիշում են, թե ինչպես է հակառակորդի դիմահար հարվածից ավերվել  գյուղը, թշնամին գյուղ էր ներս մտել, գյուղամիջյան տները հերթով հրդեհել, տների 71 տոկոսը այրել, հրետակոծել:

Սրաշենցիները, կազմավորելով ինքնապաշտպանական ջոկատ, ակտիվ մասնակցություն են ունեցել հայրենի սահմանների պաշտպանության գործում: Բայց պատերազմական տարիների գործողությունները ծանր հետքը դեռ մնացել է գյուղի վրա: Մինչեւ օրս  գյուղում կան տներ, որոնք հրետակոծվելուց, այրվելուց, 100 տոկոսով  վնասվելուց հետո էլ կառավարության կողմից փոխհատուցում չեն ստացել: Ներկայումս գյուղում չփոխհատուցված մոտ 10 տուն կա, որտեղ   բնակիչներն իրենց միջոցներով փոքր-ինչ կարգի են բերել, յոլա են գնում այդ պայմաններում` հուսով սպասելով կառավարության աջակցությանը, որպեսզի հրետակոծությունից վնասված տները նորոգեն ու նորմալ պայմաններում ապրեն: Նրանք արդեն 21 տարի է ապրում են կաթող տանիքով, կիսախարխուլ պատերով ու  ոչ ջերմակայուն տներում եւ  ստիպված են լինում ձմռան ցրտին տաքանալու համար ավելի շատ վառելափայտ օգտագործել:

Սրաշենի գյուղապետ Գրենյա Աղաբեկյանն այդ  տների հարցը բարձրացրել է Սյունիքի մարզխորհրդի վերջին նիստի ժամանակ: Մարզպետը պատասխանեց, որ գյուղացիները դիմում ներկայացնեն մարզպետարան եւ ստանան իրենց գումարները: Ինչպես տեղեկացանք գյուղապետից` 9 հոգի անցած շաբաթ արդեն դիմել են մարզպետարան եւ սպասում են փոխհատուցման: «Նմանատիպ 10 տուն կա գյուղում, բայց մի տան տերը նախանցյալ տարի մահացել է, տան վրա ուրիշ գրանցված մարդ  չկար, ուստի միայն 9 տների տերերի կողմից է դիմում ներկայացվել Սյունիքի մարզպետարան: Կառավարության կողմից մինչեւ օրս  9 տան համար  փոխահատուցում է տրվել: Տրամադրված գումարներով պետք է բնակարան ձեռք բերեին, բայց քանի որ եղած գումարներով հնարավոր չէր տուն գնել, հազաիվ այդ մոտ 200-300 հազար դրամով տան անցքերն են փակել, տանիք նորոգել: Վերջին անգամ 3-4 տարի առաջ են գումար հատկացրել: Ամեն տարի մասնագետները գալիս են նայում տները, որ տան վրա  գյուղացին գործ է լինում արած, նոր պատ լինի սվաղած, նախատեսվելիք փոխահոտուցման գումարն ավելի են քչացնում: Եթե այսպես շարունակվի, մի քանի տարի էլ գումարներ չհատկացնեն եւ գյուղացինեը հարազատների օգնությամբ նորոգեն տները, ստացվելու է այնպես, որ արդեն  գյուղացիներն են կառավարությանը պարտք մնալու», -հավելեց Սրաշենի գյուղապետը:

Սրաշենցիները ցավով են նշում եւ զարմանք արտահայտում, որ հայրենի կառավարությունը, պատերազմ տեսած, հերոս գյուղին նման վերաբերմունք է ցուցաբերում: Սրաշենում ներկայումս 41 ծուխ կա, որտեղ 115-120 բնակիչ է ապրում: Գյուղի ամենամեծ ուրախությունը վերջերս գյուղում գրանցված 3 ծնունդն էր, որի մասին գյուղում ոգեւորությամբ են պատմում: Բնակիչները կարծում են, որ ծնունդները կավելանան եւ գյուղում բնակվել ցանկացողների թիվը կմեծանա, եթե Սրաշենում լուծվի այս եւ կարեւորագույն եւս երկու խնդիր` գյուղտեխնիկայի եւ  ոռոգման ջրի հարցը:

Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը տեղեկացրեց, որ հրետակոծությունից եւ ռազմական գործողություններից տուժած անհատական տների խնդիրը մարզպետարանի ուշադրության կենտրոնում է եւ օրակարգային հարցերից մեկն է: Խնդիրը առկա է ոչ միայն Սրաշեն գյուղում, այլեւ` մարզի  10-ից ավելի  գյուղում, որտեղ, ընդհանուր առմամբ, ռազմական գործողություններից վնասված մոտ  88-90 անհատական տուն կա ցուցակով ներկայացված: Մարզպետարանի մասնագետները եղել են տեղերում, համապատասխան ուսումնասիրություններ են իրականացրել: Հիմնական չափագրումներն ավարտվել են, վնասի չափը որոշելուց, նախահաշիվներ կազմելուց հետո այն կներկայացվի կառավարություն` փոխահտուցման նպատալով: Ըստ պարոն Ուստաբաշյանի, գործող կարգի համաձայն, գումարներ հատկացվում է ռազմական գործողությունների ժամանակ վնասված, տուժած միայն այն տների համար, որոնք չեն վերականգնվել մինչեւ օրս,  անօթեւան են բնակիչները եւ այլն, իսկ տանտերերի միջոցներով վերականգնված ու արդեն նորոգված  տների համար  փոխհատուցում չի նախատեսվում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031