Լրահոս
Օրվա լրահոսը

Amnesty International-ը քննադատում է ինտերնետի սահմանափակումները Ադրբեջանում

Հոկտեմբեր 31,2012 12:00

Ադրբեջան - Բլոգերներ Ադնան Հաջիզադեն եւ Էմին Միլին դատարանի դահլիճում, Բաքու, դեկտեմբեր, 2009թ.։ Երկու բլոգերները ազատ արձակվեցին 2010-ի նոյեմբերին` նրանց ազատազրկմանը միջազգային հանրության կտրուկ հակազդեցության արդյունքում։

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը մեծագույն հեգնանք է որակում ՄԱԿ-ի Միջազգային ինտերնետ ֆորումի անցկացումը Բաքվում։

Նոյեմբերի 6-ին Բաքվում մեկնարկող ՄԱԿ-ի Միջազգային ինտերնետ ֆորումի շեմին աշխարհի ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկը` Amnesty International-ը հատուկ զեկույց է հրապարակել` ի մի բերելով այն բոլոր խախտումներն ու սահմանափակումները, որ թույլ են տվել ադրբեջանական իշխանությունները համացանցում վերջին տարիների ընթացքում:

«Իրոք մեծագույն հեգնանք է, երբ համացանցային կառավարմանը նվիրված միջազգային համաժողովը անցկացվում է Ադրբեջանի նման մի երկրում, որտեղ կառավարությունը վերահսկում է մարդկանց անձնական նամակագրությունը, բանտարկում է բլոգերներին եւ սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերին հոգեկան հիվանդի պիտակ է փակցնում», – նշում է Amnesty International-ի ներկայացուցիչ Մաքս Թաքերը:

«Անկախության 20 տարիները, տնտեսական բարգավաճումը եւ երկրում տիրող համեմատաբար կայուն վիճակը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում զգալի բարելավման այդպես էլ չհանգեցրին», – նշում են զեկույցի հեղինակները` պնդելով, որ Ադրբեջանի իշխանությունները հետեւողական քայլեր են իրականացնում մարդկանց ոչ միայն իրական, այլեւ վիրտուալ կյանքը վերահսկելու համար:

«Ինտերնետ ֆորումի անցկացման ողջ հեգնականությունն ավելի է աչքի զարնում, երբ ուսումնասիրում ես այս ոլորտը կարգավորող ադրբեջանական օրենսդրությունն ու դրանում առաջարկվող լրացումները: Կառավարությունն արդեն իսկ ի վիճակի է վերահսկել ադրբեջանցի պրովայդերների կողմից իրականացվող համացանցային գործողություններն ու միջամտել դրանց` առանց այդ նույն պրովայդերներին կամ օգտատետերին տեղյակ պահելու», – նշում են զեկույցի հեղինակները` նկատելով, որ իշխանությունները չեն հրաժարվում ադրբեջանական ինտերնետում շատ ավելի լուրջ սահմանափակումներ մտցնելու գաղափարից. – «Աժմ շրջանառության մեջ է դրվել օրենքի  մի նախագիծ, որի համաձայն` ինտերնետ հեռարձակում իրականացնող բոլոր հեռուստաալիքներն ու ռադիոկայանները պետք է հատուկ արտոնագիր ստանան հեռահաղորդակցության նախարարությունից»:

Զեկույցի հեղինակները նաեւ հիշեցնում են, որ 2009 թվականի հունվարից «Ազատություն» ռադիոկայանը, BBC-ն եւ «Ամերիկայի ձայն»-ը զրկվեցին Ադրբեջանի տարածքում FM հաճախություններով հեռարձակվելու հնարավորությունից:

Amnesty International-ի իրավապաշտպանները իրենց այս զեկույցում վերջին երկու տարիներին Ադրբեջանում բլոգերների եւ լրագրողների դեմ իրականացված ճնշումների ու քրեական հետապնդման առնվազն 12 դեպք  են մատնանշում` վերջում հստակ խորհուրդներ ուղղելով թե՛ Ադրբեջանի կառավարությանը եւ թե՛ միջազգային հանրությանը:

Պաշտոնական Բաքվին Amnesty International-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Բացի այդ, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում վերանայել ինտերնետը կարգավորող ազգային օրենսդրությունը` այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:

Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա այն, ըստ Amnesty International-ի ակտիվիստների, պետք է, մի կողմից, ավելի ակտիվորեն աջակցի Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը, մյուս կողմից էլ` պաշտոնական Բաքվի հետ դիվանագիտական շփումների ընթացքում զգալի ճնշում գործադրի` պահանջելով հարգել մարդու իրավունքներն ու ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031