
ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը չհամաձայնեց, որ Սերժ Սարգսյանի ներկայիս ծավալած գործունեությունը PR քայլ է: «Այդ ողբերգական գույներին ես համաձայն չեմ: Իհարկե, կան բազում դժվարություններ, հոգսեր, որոնք լուծման կարիք ունեն եւ նախագահի քայլերը ուղղված են հենց նրան, որ ավելի արդյունավետ դարձնեն մեր տնտեսությունը: Այո, նաեւ լրջորեն պայքարելու ստվերի եւ կոռուպցիայի դեմ: Կարծում եմ, որ սա խորը վերլուծված, երկրի եւ պետության հոգսերով ապրող մարդու եւ կուսակցության վերաբերմունք է, եւ ամեն ինչ արվելու է առկա խնդիրները լուծելու համար»,- ասաց նա:
Լրագրողներից մեկը Մկրտիչ Մինասյանին հարցրեց, թե, իր կարծիքով, ինչո՞ւ, ասենք, ճամբարակցին պետք է նախագահական ընտրություններում ձայն տա Սերժ Սարգսյանին: ՀՀԿ-ականը ասաց, որ տնտեսության զարգացման համար կարեւոր են կոմունիկացիաները, իսկ Սերժ Սարգսյանը ՀՀ միակ նախագահն է, որի օրոք այդքան շինարարություն է գնացել՝ կոմունիկացիաների առումով՝ ջրագծեր, գազագծեր, էլեկտրական գծեր, ճանապարհներ. «Բոլոր հիմքերը դրվել են, որ տնտեսությունը առողջանա եւ ակտիվանա»: ՀՀԿ-ական պատգամավորն ասում է, որ եթե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չլիներ, ՀՀԿ-ական իշխանությունն ավելին կաներ: Բայց դրական է համարում, որ այդ իրավիճակում իրենք հաջողել են սոցիալական որեւէ ծրագիր չկրճատել: Ավելին, թեպետ չնչին չափով, բայց ավելացվել են եւ ուսուցիչների աշխատավարձերը ,եւ թոշակները, ամեն ինչ արել են դեմոգրաֆիկ խնդիրների մեղմման համար՝ անվճար ծննդօգնությամբ խթանելով ծնելիությունը եւ այլն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև


















































