Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը թեժ էր. «Ձեր հակաէսթետիկ դեմքի արտահայտությամբ մեզ հետ մի խոսեք» (Տեսանյութ)

Նոյեմբեր 12,2012 17:59

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարությունն է տեղի ունեցել: Այն բավականին թեժ էր: Դատավոր Արմեն Դանիելյանը պարբերաբար վեճի էր բռնվում ՀԱԿ ակտիվիստների հետ:

«Գեւորգյան, դուք մաստա՞կ եք ծամում, անհապաղ հանեք, եթե ծամում եք»,- դատավորը դիմեց մեղադրյալ Սարգիս Գեւորգյանին: Ի պատասխան, Գեւորգյանը ասաց, թե պետք չէ իրեն էթիկայի դասեր տալ. «Ես ձեզ հետ ծամելով չեմ խոսում, հարգելի դատարան, ավելի լավ է ձեր հակաէսթետիկ դեմքի արտահայտությամբ մեզ հետ չխոսեք»: Դատավորն էլ դատարանում նման խոսելաձեւը լկտիություն որակեց: Միջամտեց ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը՝ մատով մի խոսեք, չի կարելի, կիրթ չէ: Դատավոր Դանիելյանն էլ հորդորեց. « Առաքելյան, առանց թույլտվության միք խոսի »:

Հաջորդ վեճը բռնկվեց, երբ ՀԱԿ ակտիվիստներից մեկը դատավորին խնդրեց բարձր խոսել. Դատավորը ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ բոլոր որոշումները այնքան ցածր էր հրապարակում, որ լսելի չէր: «Ո՞վ է խոսում, հեռացրեք դատական նիստերի դահլիճից»,- ասաց դատավորը: Այս որոշմանը առարկեց պաշտպան Վ. Գրիգորյանը. «Հարգելի դատարան, դատարանի կազմի անդամ դատավոր Արղամանյանը առանց ձեր թույլտվության արտահայտվում էր նիստի ընթացքում ու բարձր տոնով; Ես առարկում եմ ձեր գործողությունները: Եթե յուրաքանչյուրից պահանջում եք հարգանք դատարանի նկատմամբ, առաջինը դատարանի կազմի անդամը պետք է դրսեւորի»: Դատավոր Դանիելյանն էլ հորդորեց նստել՝ երբ իրեն հարց կտան, այն ժամանակ թող խոսի:

«Հարց ու պատասխա՞ն է, մի բան էլ ես ձեզ հարցնեմ, դուք վարսավիրական կրթություն ունե՞ք, ձեր կողքին նստածին զսպեք, հետո դիմեք դահլիճին: Սա դատարան չէ, սահադաշտ է, հարգելի դատավոր »,- վրա տվեց Տ. Առաքելյանը: Դատավորը շարունակեց իր հարցը՝ ո՞վ էր խոսողը, խնդրում եմ դուրս եկեք: «Բախտ նայող բերեք»,- պատասխանեց դահլիճում նստածներից մեկը:

Ակտիվիստների պաշտպանների բոլոր միջնորդությունները մերժելուց հետո դահլիճում նստածները զայրացան, Տ. Առաքելյանն էլ ասաց, թե միջնորդությունները մերժելով քրեական գործն այլ ուղղությամբ է գնում:

Ակտիվիստներն էլ վրա տվեցին՝ «դուք ծախված եք», «Սերժի կամակատարն եք» ու սկսեցին ամոթանք տալ: Դատավորը հեռացավ՝ 5 րոպե ժամանակ տալով դահլիճում կարգապահություն ապահովելու համար, վերադարձավ ու կրկին 5 րոպե ժամանակ տրամադրեց կարգապահության համար: Նա դուրս հրավիրեց մեղադրյալ Դավիթ Քիրամիջյանին, վերջինս «Մի գոռացեք» գոռալով ու ոտքով սեղանին, նստարաններին ու դռանը հարվածելով հեռացավ: Վեճը ավարտվեց դատարանից դուրս: Ոստիկանները, քաշքշելով ՀԱԿ ակտիվիստ կանանց, դուրս բերեցին դատարանից, իսկ ոստիկաններից մեկը հրեց ու վայր գցեց ՀԱԿ ակտիվիստներից մեկին:

Դատական նիստից հետո պաշտպան Ստեփան Ոսկանյանն էլ դատական նիստը որակեց խայտառակություն. «Դատարանը, ի սկզբանե , որոշել էր դատական նիստն ավարտել: Կլինեին փաստաբանները, ամբաստանյալները, թե՝ ոչ, նշանակություն չուներ: Դատական նիստն ընթացավ առանց պաշտպանների, ամբաստանյալներից Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի, Տիգրան Առաքելյանի բացակայության պայմաններում: Պաշտպանական կողմը զրկվեց պաշտպանական ճառն ասելու իրավունքից, ամբաստանյալներն էլ զրկվեցին վերջին խոսքի հնարավորությունից»: Նրա խոսքերով, պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունն էլ դատարանը մերժեց անհիմն.«Դատական վիճաբանությունների փուլը տեղի է ունեցել արհեստական ընդմիջումների ժամանակ, որոնք միտված էին՝ օգտվելով այդ ոչ լսելի պայմաններից, իրարանցումից, որ շուտափույթ ավարտեն դատական նիստը: Ես նույնիսկ չեմ լսել, որ օրը պետք է հրապարակվի որոշումը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930