Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են բազմապիսի իրավախախտումներով և ընտրակեղծարարության հնարամիտ մեխանիզմներով, ինչի հետևանքով կասկածի տակ է դրվում ընտրական գործընթացների և դրանց արդյունքում ընտրված ճանաչված մարմինների լեգիտիմությունը և առհասարակ ընտրության Սահմանադրական ինստիտուտի գոյությունը: Մինչդեռ, թափանցիկ և ազատ ընտրությունների անցկացումը ժողովրդավարության և ժողովրդավարական պետության գոյության կարևորագույն գրավականն է: Եվ միայն այդպիսի պետությունում կարող է երաշխավորվել այնպիսի հիմնարար սկզբունք, որն ամրագրված է Սահմանադրության 2-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին … » և միայն ժողովրդի կողմից ձևավորված ու ժողովրդի վստահությունը վայելող պետական իշխանություններն են ի զորու ապահովել երկրում արդյունավետ քաղաքական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումներ:
2013 թվականի փետրվարին Հայաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, ինչի կապակցությամբ արդեն իսկ սկսվել են նախապատրաստական աշխատանքներ քաղաքական ուժերի շրջանում և, ի թիվս այլ քայլերի, առաջարկվում են փոփոխություններ ՀՀ ընտրական օրենսգրքում:
Հայաստանյան հասարակական կազմակերպությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեև երկրում տեղ գտնող ընտրախախտումների զգալի մասը պայմանավորված է ոչ պատշաճ իրավակիրառ պրակտիկայով, այնուամենայնիվ ընտրությունների և դրանց արդյունքում ձևավորված իշխանությունների լեգիտիմությունը հարցականի տակ դնող հիմնական մեխանիզմների կիրառման հնարավորությունները թաքնված են նաև ՀՀ ընտրական օրենսգրքում: Դրանք են, մասնավորապես, վարչական ռեսուրսի չարաշահումը, ուռճացված ընտրացուցակները, քվեարկության գործընթացներում տարաբնույթ կեղծարարությունը, ինչպես նաև բողոքարկման անարդյունավետ մեխանիզմները, որոնք «պաշտպանված» են ընտրական օրենսդրությամբ և, ուստի, կասկածի տակ կարող են դնել առկա պայմաններով անցկացվող ցանկացած ընտրությունների արդյունքները:
Ելնելով վերոնշյալից` մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, ողջունում ենք ՀՀ ընտրական օրենսգրքում և առնչվող այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված քաղաքական ուժերի նախաձեռնությունը և կոչ ենք անում ՀՀ ԱԺ պատգամավորական խմբակցություններին իրենց կողմից ներկայացվող առաջարկությունների հետ մեկտեղ քննարկել նաև քաղաքացիական հասարակության կողմից մշակված առաջարկությունները: Այս կապակցությամբ, կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում` ՀՀ ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը չբոյկոտել սույն թվականի նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստը և մինչև գալիք նախագահական ընտրությունները հնարավոր դարձնել ՀՀ ընտրական օրենսգրքում քաղաքական փոքրամասնության և քաղաքացիական հասարակության առաջարկություններին համահունչ փոփոխությունների կատարումը, ինչի արդյունքում էապես կշտկվեն ընտրական օրենսդրության հիմնական թերությունները:
Կարդացեք նաև
Գտնում ենք, որ ՀՀ իշխանությունները պետք է ձեռնարկեն կոնկրետ և հրատապ միջոցառումներ` վերահաստատելու հանրային վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ և ցուցաբերեն քաղաքական կամք` իրապես բարելավելու ՀՀ ընտրական օրենսգիրքը, կազմակերպելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ` սկսած 2013 թ. փետրվարի նախագահական ընտրություններից:
«Թրանսփերենսի ինտերնեյշնլ»
«Իրավունքի գերակայություն»
«Իրավունքի Եվրոպա միավորում»
«Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների»