Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչեւ 20 տարեկան գերծանր քաշային տղաների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը, թեեւ միակ մասնակիցը եղավ, որ արդյունավետ կատարեց բոլոր վեց մոտեցումները, արծաթե մեդալ նվաճեց: Մեդալների համար պայքարն ընթացավ հիմնականում նրա, ռուսաստանցի Մոգամեդ Աբուեւի եւ վրացի Լաշա Տալախաձեի միջեւ: Պոկում վարժությունը Գոռն ավարտեց 191 կիլոգրամով, որը մեկով պակաս էր ռուսաստանցու եւ մեկով ավելի՝ վրացու արդյունքից: Հրումը հայ ծանրորդն սկսեց 210 կիլոգրամից, մինչդեռ, Աբուեւն առաջին մոտեցման համար պատվիրել էր 15 կիլոգրամ ավելի: Գոռը հաջող կատարեց նաեւ երկրորդ՝ 220 կիլոգրամանոց մոտեցումը: Եվ երբ վրացի ծանրորդը սանձեց նաեւ 222 կիլոգրամը, պատվիրեց միանգամից 230 կգ: Աբուեւը մեկնարկային քաշը ձախողելուց հետո, երկրորդ փորձով բարձրացրեց 226 կգ եւ սպասեց մրցակիցներին: 230 կիլոգրամը ենթարկվեց Գոռին, իսկ վրացին ձախողվեց՝ բավարարվելով երրորդ արդյունքով: Սակայն ռուս մարզիկը հաջող կատարեց մոտեցումը 232 կգ ծանրաձողին եւ դարձավ չեմպիոն՝ Գոռ Մինասյանին թողնելով երկրորդ տեղում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: