Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մի նախագահի թեկնածու

Դեկտեմբեր 11,2012 13:41

ՀՀ նախագահի թեկնածու Հովիկ Աղազարյանն ասում է, որ մենք դժոխք տանող ճանապարհից ետ կանգնելու հնարավորություն ունենք

Պարոն Աղազարյան, Դուք մտադիր եք առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու` նախաձեռնող խմբի կողմից: Դա այդպե՞ս է:

– Այո, դա այդպես է: Այժմ նախաձեռնող խումբը զբաղված է ծրագրային դրույթները ամբողջականացնելու և առավելագույն պարզ տեսքով հանրությանը ներկայացնելու գործով:

Դուք եղել եք Գերագույն խորհրդի պատգամավոր, ամենահայտնի` ՀՅԴ խմբակցության անդամ, 96-ի քաղաքական կյանքում ՀՀ նախագահի «միասնական թեկնածուի» ջատագովներից մեկը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ձեր նախաձեռնող խմբում կլինեն 96-ի քաղաքական բովով անցած անձինք:

– Նրանք, ովքեր գործող կուսակցությունների անդամներ են, չկան նախաձեռնող խմբում: Մյուս կողմից, նախաձեռնող խմբում կան անձինք, որոնք տարբեր պատճառներով (գաղափարական, կարգապահական) դուրս են կուսակցական կառույցներից:

Հայաստանում կուսակցություններին մարտահրավեր չեն կարողանում նետել անհատները, քանի որ կուսակցությունները ունեն ֆինանսական, վարչական լծակներ, որոնք կօգտագործվեն նաև այս ընտրությունների ժամանակ: Դուք ունե՞ք այդ լծակները, մասնավորապես, նյութական՝ պատշաճ քարոզչություն իրականացնելու համար:

– Ինչ վերաբերվում է մեր նյութական հնարավորություններին, ապա դրանք բավականին համեստ են, բայց բավարար՝ որոշակի մակարդակով ընտրություններին մասնակցելու համար: Կուսակցությունների հետ կապված. այսօր քաղաքական երկնակամարում մեկ-երկու կուսակցություն կա, որոնք գործում են քաղաքական հենքի վրա և նրանց այսօրվա դիրքորոշումը հակասության մեջ չի գտնվում երեկվա դիրքորոշման հետ: Քաղաքական ծանր քաշայիններից ԲՀԿ-ն ընդհանրապես գաղափարական հենքից զուրկ է և եթե ինչ-ինչ պատճառներով Գագիկ Ծառուկյանը հրաժարվի քաղաքականությունից, ապա ԲՀԿ-ն հաջորդ օրվանից կդադարի գոյություն ունենալ: Նույնը և ՀՀԿ-ի դեպքում (եթե դադարի իշխող ուժ լինելուց), չնայած այս դեպքում զգացվում են գաղափարականության նշույլներ: Ինչևէ, այդ ուժերն այսօր կան և Հայաստանի քաղաքական կյանքում հեգեմոն դեր ունեն: Նշված և այլ ուժերի հետ քաղաքական պայքարում վերոհիշյալ լծակների պակասը մեր նախաձեռնող խումբը կփորձի կոմպենսացնել ծրագրային դրույթների իրականացման համար անհրաժեշտ ճանապարհի օրիգինալությամբ, յուրաքանչյուր հայ ընտանիքի նկատմամբ առանձնակի մոտեցմամբ: Մենք գտնում ենք, որ իշխանությունը պետք է ոչ թե սադիստի սառնասրտությամբ հայտարարի, որ աղքատության մակարդակն իրենց օրոք բարձրացել է, այլ տեղյակ լինի յուրաքանչյուր ընտանիքի հոգսին: Մենք կեղծ բարերարությանը հակադրելու ենք յուրաքանչյուր հայի նկատմամբ ուշադրությունը և հոգատարությունը:

– Պարոն Աղազարյան, ինչո՞ւ դադարեցվեց Ձեր կուսակցական գործունեությունը:

– Ինձ հեռացրել են ՀՅԴ շարքերից: Կանոնագրով սահմանված կարգով մի քանի անգամ դիմում եմ գրել կուսակցության շարքերը վերընդունվելու համար, բայց իմ խնդրանքները չեն հարգվել: Իմ կարծիքով հեռացման պատճառը կարգապահական հարթության վրա էր, այնպես որ ես մնացել եմ նույն գաղափարների կրողը:

– Ձեր` որպես նախագահի թեկնածուի ծրագրային դրույթները ինչպե՞ս եք պատկերացնում:

– Հանրաքվեի միջոցով անցնել պառլամենտական համակարգի, կրճատել պատգամավորների թիվը, որոնք պետք է ընտրվեն բացառապես համամասնական համակարգով, ՀՀ նախագահը պետք է ընտրվի խորհրդարանի կողմից: Օրենսդրական ակտերով մեծացնել սփյուռքի դերը հայոց պետականության ամրապնդման և զարգացման գործում: Այդ ճանապարհին, որպես առաջին քայլ, Հանրային խորհուրդը դարձնել համահայկական կառույց (սփյուռքի բոլոր համայնքները պետք է ընտրեն իրենց առաջնորդներին), հնարավորինս կարճ ժամանակում այն վերածել որպես երկպալատանի խորհրդարանի վերին պալատ: Խորհրդարանի վերին պալատի կարևորագույն դերը պետք է լինի նախորդ տարվա բյուջեի կատարման հաստատումը և հաջորդ տարվա բյուջեի հաստատումը: Բանակը պետք  է լինի պրոֆեսիոնալ, բայց, իհարկե, բոլոր երիտասարդները պետք է անցնեն պարտադիր զինպատրաստվածություն ողջամիտ ժամանակահատվածում: Առողջապահությունը պետք է լինի ապահովագրային: «Նվազագույն զամբյուղ» հասկացությունը պետք է հանդիսանա հիմք՝ յուրաքանչյուր ընտանիքում նվազագույն կենսամակարդակի ապահովումը որոշելու համար:

– Դուք նշեցիք, որ Ձեր ծրագրային դրույթները իրականացնելու համար որդեգրել եք օրիգինալ ճանապարհ: Ո՞րն է այդ ճանապարհը:

– Առաջինը` իշխանությունը պետք է սիրի իր ժողովրդին: ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում ես երաշխավորելու եմ օլիգարխների, աղքատների, միջին խավի, ՀՀ բոլոր քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների սեփականության անձեռնմխելիությունը Հայաստանում: Ես դեմ եմ կուլակաթափությանը, որովհետև այդ ճաապարհին ընդամենը փոխվում են սեփականատերերը` տվյալ պահին ուժեղը գողանում է թույլից: Կուլակաթափության վախից է, որ գործարարներն ու օլիգարխները ձգտում են խորհրդարան, իշխանության` հսկայական վնաս հասցնելով թե պետականությանը, և թե իրենց բիզնեսին: Ձեռք բերելով կամ մոտ կանգնելով պետական լծակներին, նրանք սկսում են այլասերվել, ու փոխարեն իրենց բիզնեսը զարգացնելու, լծվում են հարստություն կուտակելու մրցավազքին, գողանում են պետության միջոցները, խուսափում են հարկերի ու տուրքերի մուծումից, գազի փոխարեն օդ են վաճառում ժողովրդին: Ես ասելու եմ, սիրելի օլիգարխ, սիրելի գործարար, դու այսօր արդեն մեծ կարողությունների տեր ես, և ես երաշխավորում եմ քո ունեցվածքի անձեռնմխելիությունը, վաղվանից դու պետք է աշխատես միայն ու միայն օրինականության դաշտում: Այս ճանապարհի մաս է կազմելու նաև հակամենաշնորհային կտրուկ քաղաքականությունը, մասնավորապես, կառավարությունը պետք է հանդես գա որպես ազատ շուկայի ակտիվ սուբյեկտ: Համոզված եմ, որ այս ճանապարհով գնալու դեպքում մենք լուրջ հաջողություններ կունենանք, պետական բյուջեն էապես կավելանա, կծնվեն նոր գործարարներ, նոր օլիգարխներ, որոնք ոչ մեկից չեն վախենա՝ ոչ նախագահից, ոչ վարչապետից և ոչ էլ պատգամավորից:

– Դուք նախագահի թեկնածու լինելով` ջատագովն եք պառլամենտական համակարգի: Եվ ի՞նչ պետք է անեք, ընտրվեք նախագահ և լուծարեք նախագահի ինստիտո՞ւտը:

– Այո, ընձեռնվելիք հնգամյա ժամկետը պետք է օգտագործվի մեր ծրագրային դրույթներն իրականացնելու համար, մասնավորապես` պառլամենտական համակարգին անցնելուն: Այսինքն, հաջորդ նախագահը պետք է ընտրվի խորհրդարանի կողմից և իրականացնի հիմանականում ներկայացուցչական ֆունկցիաներ: Պատմությունը ցույց է տալիս, որ միատարր ազգ ունեցող պետությունում պառլամենտական համակարգը առավելագույնս նպաստում է պետության կայացմանը և զարգացմանը: Չթվարկեմ շատ և շատ առավելությունները, ուղղակի մեկ օրինակ բերեմ: Քաղաքական սանդղակում նախագահի և պատգամավորի տարբերությունը անսահման է, իսկ վարչապետի և պատգամավորի տարբերությունը ընդամենը մեկ մակարդակ է:

– Այս օրերին ևս շոշափվում է նախագահի միասնական թեկնածուի հարցը: Հաշվի առնելով 96-ի Ձեր փորձը` ի՞նչ կասեիք այս կապակցությամբ:

– Տիրող քաղաքական իրավիճակը և քաղաքական ուժերի դասավորվածությունը թույլ է տալիս կատարել հետևյալ եզրահանգումը: Եթե ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը համախմբվեն մեկ թեկնածույի շուրջ, ապա 96-ը առնվազն կկրկնվի: Սակայն այստեղ էականը թեկնածուի խնդիրն է: Եթե պարոն Ծառուկյանը կարողանար վեր կանգնել սեփական ամբիցիաներից և առաջնորդվեր այն լոզունգներով, որոնք հնչեցնում են ԲՀԿ-ական գործիչները և պաշտպաներ մեկ այլ թեկնածուի, ապա գործող նախագահի շանսերը էապես կփոքրանային: Ցավոք սրտի, ես կարծում եմ, որ դա այդպես չի լինի, և շատ հավանական է, որ առաջադրվի պարոն Ծառուկյանը: Այդ դեպքում մենք կունենանք լրիվ լուրշ իրավիճակ: Կբախվեն երկու խոշոր օլիգարխիկ խմբավորումները, մի կողմից՝ Սերժ Սարգսյանի և մյուս կողմից` Ռոբերտ Քոչարյանի: Բախումը կավարտվի խաղաղությամբ: Վերջին հաշվով միասնականորեն կանցնեն պառլամենտական համակարգի, կբաժանեն խորհրդարանը և կշարունակեն պետականությունը խորտակող ազգադավ քաղաքականություն: Այսինքն, ըստ էության ոչինչ չի փոխվի: Այս ճանապարհը Տաճար չի տանի:

– Հնարավոր համարո՞ւմ եք հետագայում թեկնածուներից մեկին սատարելը:

-Այս պահին կարող եմ հաստատել հետևյալը: 1. եթե ՀՅԴ-ն մասնակցի ընտրություններին իր թեկնածուով և ես համոզված լինեմ, որ խանգարում եմ առաջադրված թեկնածուին, ապա հրաժարական կտամ: 2. չեմ հանի իմ թեկնածությունը կամ չեմ սատարի ՀՀԿ-ի որևէ թեկնածուի, որովհետև ՀՀԿ-ն արդեն բավականին ժամանակ է, ինչ իշխանություն է և գրեթե բոլոր բնագավառներում ձախողել է: Առավել ևս, որ իշխանություններն իրենք են շեշտում աղքատության աճը, արտագաղթի ահավոր չափերը, իսկ արտաքին պարտքի կրկնապատկումը գրեթե որպես նվաճում են ներկայացնում: Նման արդյունքներով բոլոր քաղաքակիրթ երկրներում իշխանությունները հրաժարական են տալիս, սա արդեն բարոյականության խնդիր է: 3. ոչ մի դեպքում չեմ սատարի Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև այսօրվա իրավիճակի առաջին պատասխանատուն հենց ինքն է: Երբեք չեմ մոռանա ՀՀՇ-ի ակտիվի հետ հանդիպման ժամանակ իր արտահայտած մի միտքը. «Այս դահլիճում նստած են ապագա խորհրդարանի պատգամավորների 80%-ը»: Դրանով ինքը կանաչ ճանապարհ բացեց բոլոր տեսակի «հեղինակությունների», մաֆիոզ էլեմենտների համար, կատարեց տաճար չտանող ճանապարհի առաջին քայլը և այսօր ունենք այն, ինչ ունենք: Այդքանից հետո պարոն Տեր-Պետրոսյանը ընտրակեղծիքների խոշորագույն մասնագետի` Գագիկ Ջահանգիրյանի հետ ուզում է գնալ դեպի արդար ընտրություններ: Սա էլ է բարոյականության խնդիր:

– Մեր զրույցը ընթանում է մինչև դեկտեմբերի 21-ը, որի հետ շատերը կապում են աշխարհի կործանումը: Մի մասը մտածում է դժոխք, մյուսը` դրախտ գնալու մասին: Տեղյակ լինելով, որ Դուք տեխնիկական գիտությունների թեկնածու եք` այնուամենայնիվ , ցանկանում եմ հարցնել` սնոտիապա՞շտ եք:

– Երկրագունդը՝ որպես այդպիսին, երբևէ կործանվելու է, իսկ մարդկությունը կհասցնի տեղափոխվել այլ մոլորակ, թե ոչ՝ դա արդեն մարդկության խնդիրն է: Ինչ վերաբերում է դեկտեմբերի 21-ի աշխարհկործանմանը, ապա դրա համար ոչ մի նախադրյալներ չկա և մենք բոլորս դեռ հնարավորություն ունենք դժոխք տանող ճանապարհից ետ դառնալու: Ում կհաջողվի, ում չի հաջողվի՝ դա արդեն յուրաքանչյուրի խնդիրն է:

Հարցազրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31