Այսօր` դեկտեմբերի 15-ին, Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի է ունենալու WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (35-3, 27) եւ Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի (26-4, 11) մենամարտը:
Երեկ Նյուրնբերգում կայացել է բռնցքամարտիկների` մենամարտին նախորդող կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Մեհդի Բուադլան` 74.7 կգ:
Այսօր Արթուր Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել է այս տարվա օգոստոսի 25-ին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:
Այս տարի Արթուր Աբրահամն արդեն 3 հաղթանակ է տոնել. 2012 թվականի հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Baden-Arena»-ում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Երկրորդը` Գերմանիայի Քիլ քաղաքի «Sparkassen-Arena»-ում մեր հայրենակիցը 9 միավորի առավելությամբ հաղթեց լեհ մրցակցին` Պյոտր Վիլշեւսկուն` վերանվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Եվ երրորդը` օգոստոսի 25-ին Բեռլինի «О2 World» արենայում Արթուր Աբրահամը պարտության մատնեց WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Արթուր Աբրահամի մամլո ծառայություն