Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. «Ես կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի»

Դեկտեմբեր 24,2012 17:03

«Պարոն Տեր-Պետրոսյանի ելույթը չեմ ցանկանում մեկնաբանել»,- Aravot.am-ի հարցին՝ Ձեր կարծիքով հասարակությանը արեւմտամետների եւ ռուսամետների բաժանողների մասին խոսելով, ո՞ւմ եւ ի՞նչ էր ցանկանում ասել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀՇ համագումարում ունեցած իր ելույթում, այսպես պատասխանեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը նույն դահլիճի նույն հարթակից իր ելույթում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը քննադատել էր ՀՀ իշխանությունների պրոռուսական քաղաքականությունը. «…այս իշխանությունները կարևորելով Հայաստանի անկախությունը և ինքնանիշխանությունը, միևնույն ժամանակ նորանոր պայմանագրեր են ստորագրում ՀԱՊԿ-ի շրջանակներում, որով սահմանափակվում է սեփական տարածքում առանց ՀԱՊԿ-ի թույլատվության այլ ուժերի ներկայությունը: Կարևորելով Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության սերտացումը և ընդլայնումը, 49 տարով երկարաձգում են ռուսական ռազմաբազաների ներկայությունը Հայաստանում: Խոսում են տնտեսական և էներգետիկ անկախությունից, միևնույն ժամանակ իրականացնում են «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը, Իրան-Հայաստան գազամուղն էլ վաճառում են Ռուսաստանին»:

Արտակ Զեյնալյանը նաեւ ձեռնպահ մնաց մեկնաբանել Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին որոշման համար մի քանի օր սպասելու հորդորը: Միայն ասաց. «Ես կարծում եմ, որ չի առաջադրվի, իմ տպավորությունն այդպիսին է»:

Ի դեպ, այսօր կայացած համագումարում, «Ազատություն» կուսակցությունը միաձայն առաջադրել է կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի թեկնածությունն՝ առաջիկա նախագահական ընտրություններում: Պարոն Զեյնալյանից հետաքրքրվեցինք՝ նախկին վարչապետի շուրջ լիբերալ ուժերի համախմբում հնարավո՞ր է: Մեր զրուցակիցն ասաց, որ իրենց տեսակետը, նաեւ այդ հարցի շուրջ, կարտահայտեն միայն առաջադրումներից հետո:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31