Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտավորյալ հարվածել է ոստիկանության ավտոմեքենային

Հունվար 09,2013 17:55

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, վարորդ Տիգրան Ավետիսյանին մեղավոր է ճանաչել ոստիկանների հանդեպ խուլիգանություն կատարելու մեջ և դատապարտել ազատազրկման 3 ամիս ժամկետով:

Այսպիսով, դատարանը ապացուցված է համարել նախկինում դատված Տիգրան Ավետիսյանին առաջադրված մեղադրանքն, ըստ որի նա՝ ոգելից խմիչք օգտագործած վիճակում, անձնական օգտագործման «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս, նկատելով ոստիկանության Կապանի բաժնին ամրակցված «ՈւԱԶ» ավտոմեքենայով ծառայություն իրականացնող նույն բաժնի ՊՊԾ դասակի հրամանատար Մակիչ Ղազարյանին, ջոկի հրամանատար Վիլեն Փարսադանյանին և ոստիկան Դավիթ Հարությունյանին, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել նրանց և հասարակության նկատմամբ, առանց որևէ պատճառի ավտոմեքենան հետ ու առաջ տալով երկու անգամ դիտավորությամբ հարվածել է երթևեկելի գոտուց դուրս կայանված ոստիկանության ավտոմեքենային պատճառելով՝ 57 000 ՀՀ դրամի վնաս: Այնուհետև դուրս գալով մեքենայից շարունակել է իր խուլիգանական գործողությունները` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանության ծառայողների հասցեին` շուրջ 10 րոպե խանգարել ոստիկանների ծառայությունը:

Հիմնվելով գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների վրա՝ դատարանը գտել է, որ ամբաստանյալ Տիգրան Ավետիսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով և որակվում է որպես խուլիգանություն` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է ուրիշի գույքը վնասելով:

Դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը՝ ըստ ՀՀ ԱՆ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ կազմած արձանագրության` Տիգրան Ավետիսյանը 21.11.2012 թվականին` ժամը 16։20-ին, ունեցել է միջին աստիճանի խմածություն: Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներն են պատիժ նշանակելու պահին խնամքի տակ մինչև 14 տարեկան երկու երեխայի առկայությունը, կնոջ 10-11 շաբաթական հղիությունը, հանցագործությամբ պատճառված գույքային վնասն ամբողջությամբ կամովին հատուցելը, կատարած հանցանքի համար իրեն մեղավոր ճանաչելն ու անկեղծորեն զղջալը:

Ամբաստանյալը բնութագրվում է դրականորեն, ընտանիքի միակ կերակրողն է, խնամքին են նաև անչափահաս դուստրը, կինն ու նրա թոշակառու` 76-ամյա մայրը:

Գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով: Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը համապատասխան միջնորդություն էր ներկայացրել՝ հայտարարելով, որ համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում, մեղադրողն ու տուժողի ներկայացուցիչը չէին առարկել արագացված դատական քննություն անցկացնելու դեմ:

Դատավճիռը պատժաչափի մասով կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան մեկամսյա ժամկետում՝ բողոքարկման ժամկետը լրանում է հունվարի 26-ին:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031