Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ում, երեւում է, վիճակը շատ ավելի լուրջ է

Հունվար 11,2013 10:42

ՀԱԿ-ում, երեւում է, վիճակը շատ ավելի լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։
Դեպքերի ընթացքը ցույց է տալիս, որ կոնգրեսականները կարծես հատել են այն սահմանագիծը, երբ տարաձայնությունները դեռ քննարկելի են։ Այժմ, ավելի շուտ, տեղին է խոսել ոչ թե տարաձայնությունների, այլ խորը հակասությունների եւ հակադրությունների մասին։
Մի շարք հանգամանքներ մինչեւ այժմ էլ էին նման ենթադրությունների տեղիք տալիս, սակայն դրանք առավել ընդգծվեցին Նիկոլ Փաշինյանի հարցադրումներով, որ նա ներկայացրեց նախկինում իր խմբագրած թերթում երեք օր շարունակաբար տպագրված ընդարձակ հոդվածում։
Ի՞նչ էր եղել։ Եթե խիստ հակիրճ, ապա ընդամենը այն, որ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ՀԱԿ խմբակցության անդամ Ն.Փաշինյանը նշել էր, որ ՀԱԿ-ը երկու խոշոր սխալ է գործել. երկխոսությունը եւ «այն պրոցեսը, որ հանրությանը հայտնի է որպես քաղաքագիտական վերլուծություն»։
Առաջին անգամը չէ, իհարկե, որ ՀԱԿ-ի «բարգավաճեցման» Լ.Տեր-Պետրոսյանի այդ նախաձեռնություն-վերլուծությունը՝ հաջորդած զարգացումներով հանդերձ, քննադատական գնահատականի է արժանանում։ Բայց այս դեպքում էականն այն է, որ դա սխալ է նկատել ՀԱԿ-ին անդամակցող գործիչներից մեկը։ Եվ այդ մեկը՝ Նիկոլ Փաշինյանը, հիշյալ գնահատականը հրապարակավ արտահայտելուց հետո, կարելի է ասել, իր մաշկի վրա զգաց «ՀԱԿ քարոզչություն» ասվածի կասկածելի հմայքը՝ տակուգլուխ մեղադրանքների ու նմանօրինակ դրսեւորումների տեսքով։
Ի լրումն, այդպիսով եւս մեկ անգամ հաստատվեց, որ ՀԱԿ-ի վերնախավում մնացած անձինք ուղղակի անընկալունակ են քննադատության նկատմամբ, պարզ ասած՝ անսխալականության բարդույթով պարուրված, լսել անգամ չեն կարող իրենց մոտեցումների կամ քայլերի սխալ լինելու մասին որեւէ դատողություն։
Ո՞վ է սխալ, ո՞վ է ճիշտ ներՀԱԿական այդ գզվռտոցում, ի վերջո, այնքան էլ հետաքրքիր կամ կարեւոր չէ։ Իսկ այ, բուն ՀԱԿ-ին ու այն առաջնորդող Տեր-Պետրոսյանին վերաբերող մի քանի հարցադրումներ, որ շեշտադրում է Ն.Փաշինյանը, իսկապես ուշագրավ են։
Նախ՝ կազմակերպչական տեսանկյունից տեղին է դիտարկումը, որ 2008-ից մինչ օրս ՀԱԿ-ը այդպես էլ համաժողով չի անցկացրել, չնայած այդ մասին հիշատակված էր կոնգրեսի ձեւավորումն ազդարարող հռչակագրում։ Եվ դա այն դեպքում, երբ այս տարիներին, միջհանրահավաքային դադարների ժամանակ, ՀԱԿ առաջնորդներից Լեւոն Զուրաբյանը, այլ լիդերներ, մի քանի անգամ հայտարարել են, թե կենտրոնանալու են կազմակերպչական աշխատանքների վրա։ Գուցե կենտրոնացել են, բայց կարեւոր քայլերից մեկին բանն այդպես էլ չի հասել։ Ու դատելով դեպքերի ընթացքից, երեւի չհասնի էլ։ Չհասցնի հասնել ուղղակի։
Մյուս հետաքրքիր դիտարկումն այն է, որ խնդրահարույց «քաղաքագիտական վերլուծությունը», ինչպես տեղին նկատում է հոդվածագիրը՝ «Տեր-Պետրոսյանը ինքը դա ներկայացրել է որպես իր անձնական կարծիք, եւ միայն հրապարակումից հետո փորձ է արվել այն ձեւակերպել որպես թիմի որոշում, ինչը ոչ միայն չի հաջողվել, այլեւ հանգեցրել է ցավալի հետեւանքների»:
Բուն դիտարկումից բացի, այստեղ էականն այն է, ակնհայտ այս հանգամանքի մասին արտահայտվում է Ն.Փաշինյանը։
Առանձնացնենք, սակայն, նրա թերեւս էական հարցադրումը՝ նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին ընդամենը թերթերից մեկին տված հարցազրույցի միջոցով Տեր-Պետրոսյանի արած հայտարարության վերաբերյալ։ Նա, հիշում եք, պատճառ բերեց իր տարիքը։
Եվ ահա, ոչ այլ ոք, այլ նրա իսկ ամենաջերմեռանդ զինակիցներից մեկը՝ Ն.Փաշինյանը, միանգամայն տեղին հարց է տալիս. «Երբ գրեթե բոլորը մտածում էին, թե 2013 թվականին Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է, ինքը գիտեր, որ չի առաջադրվելու: Ո՞րն էր, ուրեմն, 2013 թվականի նախագահական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի մասնակցության վերաբերյալ նրա ունեցած պատկերացումը»:
Ենթադրենք, որ այդ հարցը անպատասխան կմնա, կամ էլ, պատասխանի փոխարեն, հարց տվողի ուղղությամբ մեղադրանքների ու ՀԱԿ-ի քարոզչական այլ դրսեւորումների նետեր կթռչեն, բայց դա արդեն այլ խնդիր է։
Կարեւորն այն իրողությունն է, որ ՀԱԿ ներկայացուցիչները, ասենք, նույն խմբակցության անդամները, վաղուց հասել են այն վիճակին, երբ նման հարցերը հրապարակավ են քննարկում, այլ ոչ թե «ներքին խոհանոցում»։ Ու չնայած, օրինակ, նույն Ն.Փաշինյանը վճռականորեն հայտարարում է, թե ՀԱԿ-ից դուրս չի գա, շատ հնարավոր է, որ բանը նաեւ դրան հասնի։ Այսինքն՝ նա էլի կարող է դուրս չգալ, բայց ավելի ներսում եղածները կարող են նրան ուղղակի դուրս հրավիրել կամ արհեստական «խաղից դուրս» վիճակի մեջ դնել։
Եվ այդ դեպքում ՀԱԿ-ի եւս մեկ նկատելի տարանջատումն արդեն անխուսափելի կդառնա, իսկ դա կլինի թերեւս վերջին տրոհումը, ու ՀԱԿ-ից կմնա զուտ ՀՀՇ-ն։
Տեսեք, քիչ թե շատ նկատելի այլ գործիչներ, իրենց կուսակցություններով հանդերձ, ՀԱԿ-ից հեռացան 2012-ի ԱԺ ընտրություններից հետո։ Հաջորդող ժամանակահատվածում մյուսները եթե չհեռացան էլ, ապա առնվազն նկատելիորեն մի կողմ քաշվեցին։ Վերջերս ՀԱԿ-ի հետ համագործակցությունն առկախեց նախագահի թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանը։ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն էլ, հարգելի պատճառներով, տեւականորեն ասպարեզում չէ, ու նրա կուսակիցների ձայներն էլ չեն լսվում։ Այժմ էլ, ահա նման վիճակ՝ Նիկոլ Փաշինյանի հետ կապված։ Պարզ է, որ տակը բան չի մնում՝ ՀՀՇ-ից ու «գրոհային ակտիվիստներից» բացի։
Եվ հնարավոր է, որ առաջիկայում ՀԱԿ-ը վերակազմավորվի, բայց արդեն որպես առանձին կուսակցություն, իսկ «խաղից դուրս» մնացածներն էլ գնան իրենց կուսակցություններով կամ, եթե չունեն, հիմնեն։ Խորհրդարանում գուցե պահպանվի ՀԱԿ խմբակցությունը, բայց միայն անվանապես, որովհետեւ նման զարգացման դեպքում դրանում ընդգրկված պատգամավորները հանդես կգան ամեն մեկն իրեն համար։ Թեպետ հիմա էլ հենց այդպես են հանդես գալիս։

Մ.Սահակյան

«Հայոց աշխարհ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031