ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների համահայկական խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սփյուռքի նկատմամբ ՀՀ իշխանության այսօրվա քաղաքականությանը։ Նա ասաց, որ այսօր չկա ՀՀ իշխանության ու Սփյուռքի կառույցների համագործակցություն, ՀՀ իշխանությունը փորձում է պառակտել Սփյուռքը։ «Անշուշտ, սա քաղաքականություն է, որը շատերն ունեցան, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ փորձեց 90-ականների սկզբին, գլուխը պատին զարկեց։ Նույնը Փաշինյանի ու Սինանյանի հետ պետք է լինի, Սինանյանը շատ ակտիվ եւ երբեմն էլ ոչ կոռեկտ ձեւով փորձում է Սփյուռքի գործերին խառնվել։ Դա իրենց գործը չէ, ուրիշ է միասնականությունը, ուրիշ է իրար հարգանքով վերաբերվելը եւ ուրիշ հարց է ուրիշի գործերին խառնվելը»,- ասաց Գասպար Կարապետյանը։
Նա նշեց, որ ՔՊ-ական պատգամավորները, մասնավորապես, Արման Եղոյանը սխալ տեղեկություններ են փոխանցում հանրությանը՝ ներկայացնելով, թե Սփյուռքը փորձում է իշխել Հայաստանի վրա։ «Այդպես չէ, բոլոր Արման Եղոյանները պետք է իմանան, որ այսօր կան, վաղը կարող են չլինել, Դաշնակցությունը կա եւ պիտի մնա, Հայ դատի մեր հանձնախմբերը կան եւ ավելի զորավոր պետք է աշխատեն մեր ժողովրդի եւ իրավունքների համար»,- հավելեց Կարապետյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանի իրական Հայաստանը կհզորանա, եթե լինի համագործակցություն հայ ժողովրդի բոլոր խավերի միջեւ՝ Հայաստան-Սփյուռք- Արցախ, եւ դրա պահանջատերը պետությունը պետք է լինի։
Անդրադառնալով ՀՀ իշխանության՝ եկեղեցու դեմ պայքարին՝ Գասպար Կարապետյանն ասաց․ «Մեր եկեղեցին սոսկ աղոթատեղի չի եղել, եկեղեցին միշտ ունեցել է ազգային դերակատարություն մեր ինքնության պահպանության համար։ Այսօր Եվրոպայում մենք բոլոր երկրների առաջնորդների հետ ունենք հրաշալի համագործակցություն, եկեղեցին էլ ունի հնարավորություններ, հայ ժողովրդի ու Արցախի շահերի համար իր հնարավորությունների սահմաններում աշխատանք է իրականացնում։ Իսկ իշխանության քաղաքականությունն է, որ ազգային մտածողություն ունեցող մարդ չգտնվի Հայաստանում, որպեսզի հասնեն իրենց վերջնական նպատակին՝ ինչ իրենց թելադրեն Էրդողանն ու Ալիեւը, իրականացնեն։ Որքան Սփյուռքում ու Հայաստանում դիմադրող ազգային մտածողություն կա, այդ գործը կդժվարանա»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Խորհրդաժողովում իր ելույթում էլ Գասպար Կարապետյանը հայտարարեց․ «Բոլոր ջանքերը, որոնք այսօր իրականացվում են Սփյուռքի հանձնակատարի, Փաշինյանի կամ իր խոսնակների կողմից՝ պառակտելու սփյուռքյան համայնքները, չեն հաջողելու»։
Նա նշեց, որ նախաձեռնություն են սկսել, որի մասին առաջիկայում կտեղեկացնեն․ «Հիմա այդ մասին չեմ ուզում արտահայտվել, օրերս կիմանաք, իշխանությունն էլ կիմանա, եւ դա իրենց համար հաճելի չի լինի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































